«Իրենց մոր վարտիքն էլ կվաճառեն, միայն թե փող աշխատեն»

04/09/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ռուբեն Հախվերդյանը մեր երկրում կատարվող իրադարձությունների եւ կատարվող երգերի մասին միշտ յուրահատուկ կարծիք ունի։ Նրա յուրաքանչյուր ասածի հետեւից ձգվում են նրա երգերը, իսկ այդ երգերը հաշտեցնում են շիլաշփոթ իրականության հետ ու հեղինակին իմաստուն դարձնում։

Ռ. Հախվերդյանը խոստովանում է, որ չի սիրում սեփական երգերը լսել, քանի որ ազատված է ինքնասիրահարված կեցվածքից։ «Եթե արվեստագետը սիրահարված է սեփական գործերին, ուրեմն նա տխմարի մեկն է։ Ես իմ երգերը չեմ սիրում, տարիների ընթացքում վարպետանում ես ու այլեւս չես վերապրում քո երգերը։ Լեոնարդո դա Վինչին, օրինակ, գրեթե միշտ իր գործերն անավարտ էր թողնում»,- ասում է նա։ Ռ. Հախվերդյանին ոչ ոք «տխմար» անվանել չի հանդգնի, նա գիտի իր գինն ու իր ստեղծած երգերի արժեքը, եւ կարող է իրեն շքեղություն թույլ տալ ասելու այն, ինչ ցանկանում է։ Այդ կարողությունը ոչ թե համարձակ, այլ՝ նորմալ մարդու պահվածք է։ Եվ բոլոր դեպքերում, այն խիստ սուբյեկտիվ է։ Իսկ սուբյեկտիվ կարծիքն ուղիղ համեմատական է սուբյեկտի ներքին հարստության եւ ունակությունների հետ։ Փիլիսոփայական այս երանգը ծագեց երեկ «Հայելի» ակումբում հրավիրած հանդիպման ընթացքում, երբ Ռ. Հախվերդյանը մշակույթը փորձեց գնահատել ճարտարապետության մեջ գործածվող «ոսկե հատման» սկզբունքի համաձայն։ «Ավելորդություններ չպիտի լինեն»,- ասաց նա։

Ռ. Հախվերդյանը խոսեց շատ կարեւոր խնդրի՝ հայոց լեզվի մասին։ Նա տեսնում է, որ մենք կորցնում ենք մեր լեզուն, եւ դատարկ է համարում «արմատներին վերադառնալու» ու «հայեցի լինելու» կոչերը։ Նա օրինակ բերեց «աստղ»-երգիչների անունները, որոնք հիմնականում հայերեն չեն, ինչպես հայերեն չեն նաեւ խանութների անվանումները, որոնք «բուտիկ» եւ «սուպերմարկետ» են սկսել կոչվել, բայց միեւնույն է, խանութ են մնում։ Նա համոզված է, որ օտար բառերը հասարակության մեջ «թույն են սրսկում»։ «Եթե ուզում ես ուրիշների լեզուն հարգել, նախեւառաջ պետք է քո սեփական լեզուն հարգես ու իմանաս։ Եթե մարդը իր լեզուն հարգում է, կարողանում է նաեւ այլ լեզուներ հարգել։ Իսկ մենք դեռ չենք կողմնորոշվել՝ թե ում ծառան ենք՝ անգլիացիների՞, թե՞ ռուսների, այդ պատճառով էլ կեսն անգլերեն են խոսում, կեսը՝ ռուսերեն։ Ուզում ենք անգլերեն խոսել անգլիացիների նման, իսկ ռուսերեն խոսել՝ ռուսների նման։ Այդ չարիքը սկսվեց «Շարմի» ուսանողական կատակներից, որոնք մեր մշակույթի դաշտ մտան ու սովորեցրեցին արհամարհանքով վարվել հայերեն լեզվի հետ։ Եվ հայերենը հինգերորդ անիվի պես մի բան դարձավ։ Տգետները սկսեցին ձեռ առնել մի բան, որին չէին տիրապետում։ Իսկ Վիկտոր Համբարձումյանն ասում էր՝ «Հայերեն խոսեք» այնպես, կարծես աստվածային լեզվի մասին էր ասում»,- ասաց Ռ.Հախվերդյանը։ Նա փոքրաթիվ ազգերի համար ամենամեծ չարիքը համարում է գլոբալիզացիան, որը ջնջում է լեզուն, եւ հեռուստաէկրաններից ու ցուցանակներից կամ օտար բառեր է շողշողացնում, կամ էլ սերիալների արագ-արագ արված ու անճաշակ թարգմանություններ հնչեցնում։ Նա նկատեց, որ լեզվի մաքրությունը պահպանվում է միայն մեկ հեռուստաալիքում՝ «Շողակաթում», որտեղ իրենց հայրենիքն ու լեզուն հարգող մարդիկ են աշխատում։ «Եթե հարգում ես քո լեզուն, ուրեմն՝ հայրենիքդ ես հարգում»,- ասաց նա ու նույն սկզբունքով գնահատեց մեր դիվանագետներին։ «Ռուսաստանում մեր դեսպանը պետք է հայերեն իմացող ու հպարտ մարդ լինի, այլ ոչ թե Արմեն Սմբատյանի պես մի մարդ, որը ռուսերեն է խոսում, իսկ հայերեն նախադասություններ պատահական է ասում։ Հայերեն չիմացող մարդը դեսպան լինել չի կարող, քանի որ նա հպարտ մարդ լինել չի կարող։ Իսկ եթե նա հպարտ չեղավ, ուրեմն, իր երկիրը դեն թափելու երկիր է»,- նկատեց Ռ. Հախվերդյանը եւ օրինակ բերեց Երեւանի Կոնսերվատորիան, որն անցնելով Ա. Սմբատյանի ղեկավարության տակ, աղքատացավ եւ կորցրեց իր հեղինակությունը, իսկ Կոնսերվատորիայի դասախոսներն ամենաաղքատ մարդիկ դարձան, թեեւ՝ ուսանողներն ուսման համար մեծ գումարներ են մուծում։

«Հիմա բոլորը փող «շինելու» մասին են մտածում։ Նույնիսկ իրենց մոր վարտիքն էլ կվաճառեն, միայն թե փող աշխատեն»,- ասաց նա։ Հանդիպմանը ներկա երգչուհի Աննա Մայիլյանը նկատեց, որ անձամբ ինքը շատ մեծ խնդիրներ ունի, քանի որ չի կարող համերգների հովանավորներ գտնել։ «Թիկունք է հարկավոր, այլ ոչ թե՝ քեռի կամ պապա»,- ասաց նա։ Ռ. Հախվերդյանը հիշեց, որ ժամանակին երգչուհի Բելլա Դարբինյանը՝ լսելով «հովանավոր» բառը, ասել է. «Հովանավորին մեր ժամանակ «սիրած» էին ասում»։ Նա ափսոսեց, որ իգական սեռի ներկայացուցիչ չէ, ու իրեն «բառիս բուն իմաստով ու փոխաբերաբար առաջ չեն բրթում»։

Ռ. Հախվերդյանը հանգիստ է վերաբերվում «ԱԼՄ»-ի երգերին. «Կարապետիչն ասում է՝ երեխաներն ուզում են երգել, ճանաչված լինել։ Ես կասեմ՝ թող երգեն, քանի դեռ երգիչ դառնալու ամբիցիա չունեն։ «ԱԼՄ»-ում մասնագետի կարիք կա, բայց «Հ1»-ին մասնագետն էլ չի փրկի, դա անսեռ ալիք է, որը ոչնչով չի օգնում հասարակությանը։ «Հ1»-ում բոլորն ինչ-որ բան են երգում, ետեւի ֆոնում էլ ինչ-որ մարդիկ՝ խիստ կասկածելի տարազներ հագած, ինչ-որ շարժումներ են անում։ Եթե ասելու բան չունես, ուրեմն պետք է ուշադրություն գրավես՝ ֆոկուսներ անելով։ Դա էլ անում են, ոչ ավելին»։ Ըստ նրա՝ ավելին անել չեն կարող, քանի որ շոու-բիզնեսի հովանավորներն ու օլիգարխները հաշվի չեն առնում «ոսկե հատման» սկզբունքը, եւ մեր հինավուրց ու հիանալի եկեղեցիները վերակառուցելու փոխարեն՝ նոր եկեղեցիներ են կառուցում՝ իրենց տան բակում՝ սեփական օգտագործման համար։ Մինչդեռ եկեղեցիները միշտ բարձր կետերում են կառուցվել, որտեղ հնարավոր է եղել կապ ստեղծել Բարձրյալի հետ։ Ըստ Ռ. Հախվերդյանի՝ մշակույթը ապրելու ձեւ է, կնոջ գեղեցկությունը գնահատելու, քեֆ անելու, ճարտարապետություն նախագծելու ձեւ, այլ՝ ոչ թե միայն «միաբջիջային» էստրադային երգերը։

Երազանքներից զրկված են

Շոու-բիզնեսի կոնվեյերին՝ «այդ անհայտ ծագում ունեցող կենդանուն», դիմակայելը Ռ. Հախվերդյանն անհնար է համարում, խոստովանում է, որ նույնիսկ իր երեխաներն են դիտում ամենաանորակ, անճաշակ ու «վտանգավոր» սերիալը՝ «Վերվարածները», եւ հաշվի չեն առնում իր կարծիքը։ Նա վստահ է, որ բարբառը պետք է հարստացնի լեզուն, այլ ոչ թե՝ աղքատացնի, ինչպես դա արվում է «Վերվարածներում»։ «Երբ փոքր էի, հայրս ինձ փակում էր սենյակում ու 4 ժամ շարունակ ստիպում էր դասական երաժշտություն լսել, ասում էր՝ ինչ այլանդակություն ուզում ես՝ արա, բայց դասական երաժշտությունը պարտավոր ես լսել»,- պատմեց նա։ Ռ. Հախվերդյանը չի ընկալում Մշակույթի նախարարությունը՝ որպես նման պարտավորեցնող եւ թելադրող օղակ. «Նախարարությունը հնարավորություն չունի իր կամքը թելադրել պետությանը։ Պետական ծրագրերն ուղղակի գրվում են, հետո հաշվետվություն է ներկայացվում, բայց ես երբեք այդ նախարարության կամքն ու կարիքը չեմ զգացել»։ Աննա Մայիլյանը նկատեց, որ նախարարը պատրաստ է լսել, իսկ դա հազվագյուտ պատրաստակամություն է, իսկ Ռ. Հախվերդյանը պատասխանեց. «Դա առաջին քայլն է, բայց երրորդը պահանջում է , որ նա հասկանա ասածը»։ Նա նկատեց նաեւ, որ ոչ ոք իրենից չի հետաքրքրվում, թե ինչպե՞ս են անցել իր հյուրախաղերը, ասենք՝ Փարիզում կամ Պրահայում։ «Ոչ մեկին հետաքրքիր չէ՝ թե ի՞նչ եմ արել Ֆրանսիայում, կարող է` չեմ էլ երգել, այլ՝ բադ եմ կերել ու «ֆռֆռացել եմ»։ Մինչդեռ արվեստի մարդը վերլուծաբանի կարիք ունի, որպեսզի կարողանա իրեն կողքից նայել ու գնահատել։

Սակայն նա չի կարծում, որ մեր օրերում ամենամեծ չարիքը երգարվեստն է դարձել։

«Ամենամեծ դժբախտությունը նրանում է, որ մեր երիտասարդները երազանք չունեն։ Նրանց զրկել են երազանքներից։ Երիտասարդները «ներքին էմիգրացիայում» են ապրում, նրանք այս երկրում չեն ապրում, մտքով երկրից դուրս են։ Նրանք հնարավորություն չունեն ազնիվ ճանապարհով դառնալ լավ բժիշկ, լավ գործարար եւ միաժամանակ լինել հարուստ, առողջ, մարդասեր եւ օրենքով պաշտպանված քաղաքացի»,- ասաց նա։

Իսկ երգերը, որոնք երգում են «խայտաբղետ» երգիչները, գրվում ու կատարվում են հենց այնպես՝ առանց պրոբլեմը հասկանալու։ «Ոչ ոք պրոբլեմ չի երգում։ Մեր երգիչները, որոնց անուններն էլ չես կարող հիշել, երգում են կամ խաչքար, կամ մերժված սեր։ Դա է պահանջում «շովու բիզնեսի» կոնվեյերը։ Երիտասարդները հիմա ոչինչ չունեն անելու, բայց մի բան հո՞ պիտի անեն։ Ու երգում են»,- ասաց Ռ.Հախվերդյանը, ով այդ երգերը համեմատում է տանն աճեցրած ֆիկուսի հետ, որն իրենից արհեստածին արժեք է ներկայացնում եւ ոչնչով չի կարողանում հարստացնել հողը։ Ինչպես ոչնչով չկարողացան հարստացնել Երեւանում փակցված «Իմ զենքն իմ ժպիտն է (դուդուկը, երգը)» վահանակները։ «Դուդուկը զենք լինել չի կարող, դուդուկը դուդուկ է։ Երբ ինձ հարցրեցին՝ ո՞րն է իմ զենքը, ես պատասխանեցի՝ գրեք՝ «Իմ զենքը», ու երեք կետ թողեք,- ասաց Ռ. Հախվերդյանն ու ավելացրեց. «Փող աշխատելն ու հայտնի դառնալն ինձ համար բնավ էլ նշանակություն չունի։ Կարեւորը՝ ապրելն է։ Մի հարցրեք՝ թե ինչպե՞ս ապրել, դա շատ ինտիմ հարց է»։