Թերեւս հակիրճ այսպես կարելի է բնութագրել այն վարքագիծը, որը հայրենի իշխանությունները դրսեւորում են ՄԱԿ-ում Հայաստանի առաջին դեսպան, մեր երկրի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի գործի առնչությամբ:
Այս գործին նույնիսկ մակերեսորեն ծանոթանալը բավական է՝ եզրակացնելու համար, որ «հայտնի ուժերի» կողմից նախ «սկզբունքային» որոշում է կայացվել կալանավորել նախկին արտգործնախարարին, ինչից հետո միայն սկսել են մտմտալ, թե կոնկրետ ինչո՞ւմ մեղադրեն նրան՝ կալանքն արդարացնելու համար: Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ա. Արզումանյանին կալանավորեցին հետախուզման մեջ գտնվող Լեւոն Մարկոսի փողերը «լվանալու» մեղադրանքով: Նախկին նախարարի տան խուզարկությունից հայտնաբերվեց մոտ 50 հազար դոլար, որն էլ, ըստ հայրենի իրավապահների, Ա. Արզումանյանը պետք է «լվանար» կամ արդեն «լվացել էր»: Նրան կալանավորելու որոշում կայացնելը տրամաբանորեն պետք է ենթադրեր, որ մեր իրավապահները հստակ գիտեն առնվազն երկու բան. նախ, որ Ա. Արզումանյանին ուղարկված գումարը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, եւ, ամենակարեւորը՝ նախկին նախարարն իմացել է այդ մասին: Արզումանյանի կալանավորումից անմիջապես հետո մոսկվաբնակ գործարար Ալեքսանդր Աղազարյանը հայտարարեց, որ ինքն է նախկին նախարարի խնդրանքով նրան գումար ուղարկել: Այս հայտարարությունից հետո հայրենի իրավապահները լծվեցին Ա. Աղազարյանի գումարների ծագումը պարզելու գործին, իսկ Լեւոն Մարկոսին մոռացան: Սակայն զավեշտն այսքանով չի սահմանափակվում: Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան նախկին նախարարի նախնական կալանքի ժամկետը եւս երկու ամսով (մինչեւ նոյեմբերի
7-ը) երկարացնելու վերաբերյալ: Ա. Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ՝ այդ երկու ամիսը քննչական խմբին պետք է նրա համար, որպեսզի իրենք գնան Մոսկվա ու պարզեն, թե օրինապա՞հ հարկատու է Ա. Աղազարյանը, եւ արդյո՞ք այն գումարը, որը նա ուղարկել է Ա. Արզումանյանին, հանցավոր ճանապարհով է ստացվել: Բնական է, որ այս ամենից հետո ցանկություն է առաջանում հայրենի իրավապահներին հարցնել. իսկ Լեւոն Մարկո՞սը: Բա ասում էիք՝ Լ. Մարկոսը կեղտոտ փողեր է ունեցել եւ դրանց մի մասն ուղարկել է Ա. Արզումանյանին: Ո՞ւր են ձեր ապացույցները: Զավեշտալի բան է ստացվում. մարդուն կալանավորել են, հիմա էլ դատարանից խնդրում են եւս մի որոշ ժամանակ նրան կալանքի տակ պահելու թույլտվություն տալ, որ իրենք այդ ընթացքում դեսուդեն ընկնեն ու պարզեն, թե որտեղ կեղտոտ փող կա, եւ արդյո՞ք այդ որոնվող փողերի հետ Ա. Արզումանյանն ինչ-որ առնչություն ունի: Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ լսվում էր Ա. Արզումանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ ԱԱԾ-ի վերոնշյալ միջնորդությունը: Դատարանի շենքում հավաքվել էին Ա. Արզումանյանի բազմաթիվ հարազատներ, ընկերներ եւ համախոհներ: Հավանաբար նրանցից ոչ մեկը չէր էլ կասկածում, որ թերեւս ավելի շուտ ուղտը կանցնի բանալու անցքով, քան դատարանը կմերժի ԱԱԾ-ի միջնորդությունը, սակայն երեւի արդարադատության ինչ-որ թաքուն հույսեր այնուամենայնիվ կային: Դատական փակ նիստի ավարտին դատավոր Ռուբիկ Ներսիսյանն անցավ խորհրդակցական սենյակ եւ կայացրեց այն վճիռը, որը բոլորի համար սպասելի էր: Դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Ալեքսանդր Արզումանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Իսկ ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ: Պարզվում է… առանց հիմնավորման: Հենց այդպես. միջնորդությունը բավարարել, եւ վերջ:
«Սա աբսուրդ է»
Դատարանի, բառի բուն իմաստով՝ անհիմն վճռից հետո Ա. Արզումանյանի պաշտպան Հ. Արսենյանը հայտարարեց, թե այսպիսի բան երբեւէ որեւէ տեղ չի տեսել: «Այս իշխանություններն իրավաբանի մասնագիտությունն արդեն անարգանքի սյունին են գամել: Այսպիսի անօրինականություն եւ ապօրինություն երբեւիցե ո՛չ տեսել էի, ո՛չ լսել: Դատարանը միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշում է կայացրել՝ առանց պատճառաբանելու՝ շատ լավ հասկանալով, որ աբսուրդ է, զավեշտ, եւ որեւէ իրավական հիմք գոյություն չունի Արզումանյանին կալանքի տակ պահելու համար»,- փաստեց Արսենյանը: Վերջինս վստահ է, որ մի օր հանցակազմի բացակայության պատճառով այս գործը կարճվելու է: Փաստելով, որ քննչական խումբը միջնորդել է՝ Արզումանյանին եւս երկու ամսով կալանքի տակ պահել, որպեսզի այդ ընթացքում գնան Մոսկվա, Ա. Աղազարյանի եկամուտները ստուգեն ու պարզեն, թե կա՞ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտ, թե՞ ոչ, Հ. Արսենյանը նշեց. «Այսինքն՝ չփարատված կասկածներ են, իսկ չփարատված կասկածների դեպքում մեղադրանք չեն առաջադրում: Մինչեւ այնտեղ հանցակազմ չլինի, դեռ հարց է՝ Ալեքսանդր Արզումանյանը կատարե՞լ է հանցանք, թե՞ ոչ: Միանշանակ է, որ չի կատարել. անմեղության կանխավարկած գոյություն ունի: Չնայած դրան, այստեղ երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ հանցակազմ չկա, չի էլ լինելու»: Փաստաբանի խոսքերով՝ ինչ-որ պաշտոն վերցրած անձանց ճնշման ազդեցության տակ վարկաբեկում են ամբողջ իրավապահ համակարգը եւ հատկապես դատարաններին: Ա. Արզումանյանի գործում Հ. Արսենյանը միանշանակ քաղաքական պատվեր է տեսնում: «Ես արդեն պատրաստվում եմ Ալեքսանդր Արզումանյանին խնդրել, որպեսզի որպես պաշտպան ինձանից հրաժարվի, որովհետեւ այստեղ իրավական հարթություն գոյություն չունի, եւ անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենում: Բոլորն իրենց կոկորդը բռնած երդվում են, որ սա աբսուրդ է, զավեշտ է, սակայն հերթով «պեչատները» խփում են՝ սկսած վարույթն իրականացնող մարմնից»,- հայտարարեց նա: Պաշտպանը պատրաստվում է բողոքարկել դատարանի երեկվա վճիռը, սակայն առանձնապես հույսեր չի կապում դրա հետ: «Այս իշխանության պայմաններում այսպիսի զավեշտ չի եղել: Մենք տեսել ենք շատ գործեր, որ կալանքի են վերցրել, մեղադրանք են առաջադրել, բայց ինչ-որ մի տեղ օբյեկտիվ կողմ պահպանվել է, այստեղ՝ բացարձակապես գոյություն չունի: Սա մի նոր երեւույթ է մեր պետության մեջ: Այսինքն՝ վերնագիրն այսպես է՝ «լավ ենք անում»: «Լավ ենք անում, ի՞նչ կարող եք անել, հասարակություն»: Սա մարտահրավեր է հասարակությանը»,- նշեց Հովիկ Արսենյանը: Իսկ դատարանի շրջակայքում հավաքված բազմաթիվ ոստիկանները գլուխները կախ հետեւում էին, թե ինչ է կատարվում, եւ թե ինչպես էին ՀՀ որոշ շարքային քաղաքացիներ ամոթանք տալիս «հայտնի ուժերին»: