Շնորհավորանքներ՝ առանց նվերների

02/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ լրացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 53-ամյակը: Այս տարի Քոչարյանն իր ծննդյան օրն անցկացնելու է Հունաստանում:

Հիշեցնենք, որ նա մասնավոր այցով Հունաստան է մեկնել երկուշաբթի օրը, եւ այցը պետք է տեւի մեկ շաբաթ: Այսինքն` նա Հայաստան է վերադառնալու եկող երկուշաբթի: Բոլոր դեպքերում երեկ առավոտյան նախագահին շնորհավորել էին վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Բացիկով, հաղորդագրություններով կամ այլ կերպ Քոչարյանին շնորհավորել էին կամ էլ պատրաստվում էին շնորհավորել մեր բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարներն ու պատգամավորները: Մեզ հետաքրքիր էր, թե Հայաստանի պաշտոնյաները, շնորհավորական ուղերձից բացի, որեւէ նվեր կամ հաճելի անակնկալ պատրաստե՞լ են արդյոք իրենց սիրելի նախագահի համար, թե՞ ոչ:

«Շնորհավորական ուղերձ եմ ուղարկել, բայց նվեր չեմ տվել»,- պատասխանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ նվեր չի պատրաստել, ընդունված չէ՞, թե՞ այլ պատճառներ կան, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Թույլ տվեք դա համարել իմ գործը»: Ծննդյան օրվա առիթով Քոչարյանին միշտ շնորհավորել է, սակայն երբեք նվեր չի տվել նաեւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Ընդունված չէ,- ասաց նախարարը: -Կարծում եմ՝ ճիշտը դա է»:

«Նախ՝ նախագահը տեղում չէ, որ շնորհավորեմ, հետո էլ՝ կուսակցությունը բոլոր անդամների անունից կշնորհավորի»,- այսպիսի դիվանագիտական պատասխան տվեց հանրապետական Գալուստ Սահակյանը: Վերջինս նույնպես երբեւէ Ռ.Քոչարյանին նվեր չի տվել, եւ կարծում է, որ դա նախագահից է գալիս: Այսինքն` Քոչարյանը թույլ չի տվել, որ իրեն նվեր տան, որպեսզի դա քաղաքական շահարկումների առարկա չդառնա: Իհարկե, դժվար է ասել, թե մեր զրուցակից պաշտոնյաները որքանով էին անկեղծ իրենց պատասխանների մեջ: Պատգամավորներից շատերը գուցե իսկապես սահմանափակվում են միայն շնորհավորական ուղերձ հղելով, սակայն նախարարների դեպքում` դժվար է դրան հավատալ: Կառավարության անդամները, հատկապես Քոչարյանի հետ անձնական շփումներ ունեցող նախարարները, հազիվ թե այդքան անտարբեր մնային եւ որեւէ թանկարժեք նվեր՝ զենք, ժամացույց կամ հուշանվեր չպատրաստեին նրա համար: Ինչեւէ: Մեր զրուցակից պաշտոնյաներից իրենց պատասխանի մեջ թերեւս ավելի անմիջական գտնվեցին գործարար պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Խաչիկ Մանուկյանը:

«Այս պահին ինձ են շնորհավորում,- տեղեկացրեց Թալինից պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը,- Ես հիմա Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եմ, հենց նոր ստացա մանդատս, դուրս գամ՝ անպայման կշնորհավորեմ: Բայց նվեր չեմ տա, ընդունված չէ, նախագահի հետ անձնական շփում չունեմ»: «Հիմա հնարավորություն չունեմ շնորհավորելու, նախագահը Հայաստանում չէ,- ասաց Խ.Սուքիասյանը: -Բայց, անկեղծ ասած` երբեք չեմ շնորհավորել, պարզ է, որ նվեր էլ չեմ տվել: Հիմա առիթից օգտվում ու շնորհավորում եմ, նախագահին լավ բաներ եմ ցանկանում: Բայց կարծում եմ, որ մեզ մոտ պատգամավորների կողմից երկրի նախագահին շնորհավորելու մշակույթ չկա: Պատգամավորներն ավելի շուտ ԱԺ նախագահին են շնորհավորում»:

Այս շաբաթ, սակայն, Երեւանի գրեթե բոլոր մեծ ու փոքր տպարանները զբաղված էին Քոչարյանի ծնունդը շնորհավորող բացիկներ տպելով: Շնորհավորական ուղերձներով բացիկներ էին պատվիրել ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները: Ուղերձների մաղթանքներն առանձնապես բազմազան չէին, շնորհավորողները Քոչարյանին ցանկանում էին առողջություն, երջանկություն ընտանիքում եւ հաջողություն գործի մեջ, երկար տարիների կյանք, անգամ, պատկերացրեք, երկար տարիների պաշտոնավարում: Դժվար է ասել, թե շնորհավորողները նախագահի աշխատակազմ միայն բացիկնե՞րը կուղարկեն, թե՞, այնուամենայնիվ, դրանց որեւէ նվեր էլ կկցեն:

Բայց մենք համոզված էինք, որ նախագահի համար հաստատ նվեր պատրաստած կլինի ԱԺ պատգամավոր, Քոչարյանի խնամի Վալոդյա Բադալյանը: Զանգահարեցինք՝ դրական պատասխան ստանալու հույսով, բայց պարոն Բադալյանը բարկացավ մեր հարցից: «Լավ եք, էլի, բա դա հարցնելու բա՞ն է: Դա իմ անձնական գործն է»,- ասաց հանրապետության թիվ 1 խնամին ու անջատեց հեռախոսը: Հարցին քաղաքական ենթատեքստ տվեց նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Էդ ինչի՞ համար եք հարցնում, որ»,- հարցրեց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը: Փորձեցինք մեր որոնումներն իշխանական օղակներից դուրս շարունակել եւ ընդդիմության շրջանակում էլ ճշտել, թե կա՞ մի գործիչ, որ Քոչարյանին շնորհավորած լինի:

«Չէ, չեմ շնորհավորել, անկախ հարաբերություններից այդպիսի սովորություն չունեմ»,- ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Արտաշես Գեղամյանի պատասխանը, ինչպես միշտ, ինքնատիպ էր: «Նախագահականից ես ծանուցում չեմ ստացել, թե այսօր Ռոբերտ Քոչարյանի ծնունդն է, ստացած լինեի՝ կշնորհավորեի»: Իսկ կենտրոնամետ Տիգրան Կարապետյանը եթերով է շնորհավորել, բայց նա նույնպես նվեր չի տվել: «Նախագահն իմ ծնունդին ինձ նվեր տվե՞լ է, որ ես տամ»,- կիսախռոված պատասխանեց Կարապետիչը: Իսկ մենք կարծում էինք, թե գոնե նախարարներն ու պատգամավորները, դատարկ շնորհավորանքից բացի, Քոչարյանի համար նվեր պատրաստած կլինեին: Նույնիսկ թյուրիմացաբար մտածում էինք, թե այդ նվերները կլինեն առնվազն շատ թանկարժեք: Բայց պատկերացրեք, որ Հայաստանում բոլորովին էլ ընդունված չէ ծննդյան օրը նախագահին նվեր տալ:

Իսկ մեր վերջին հույսը մնում է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը: Միգուցե նա՞ իր երկրում հյուրընկալված նախագահին շնորհավորելու հետ միասին նաեւ նվեր տա: Իսկ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Ռ.Քոչարյանին շնորհավորել են Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաեւը, ԱՊՀ մի շարք կառույցների ղեկավարներ, Ռուսաստանի Դումայի պատգամավորներ, նահանգապետեր եւ էլի շատ ռուսական պաշտոնյաներ: