Պարույր Հայրիկյանի` ընդդիմության լիդերների հետ ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կազմակերպելու քաղաքական նախաձեռնությունը, ինչպես եւ սպասվում էր, վերածվել է իրար մեջ «ականներ» փնտրելու գործընթացի:
Համենայնդեպս, օգոստոսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպած նրանց վերջին` «գաղտնի» հավաքին հաջորդած բոլոր տեղեկությունները միայն այն մասին են, որ նրանք արդեն մեկին` Շավարշ Քոչարյանին որպես այդպիսին բացահայտել են: Իսկ բացահայտողներն էլ ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն ու «Օրինաց երկրի» անդամ Հովհաննես Մարգարյանն են եղել: Վերջինս, ի տարբերություն տիկին Լյուդմիլայի, ներկա չի եղել այդ հավաքին. պարզապես, քանի որ Քոչարյանն ՕԵԿ-ի մասին բացասական տեսակետներ է արտահայտել, Մարգարյանը որոշել է, որ նա ական է: Մի խոսքով` այն սցենարը, որով պետք է առաջնորդվեր Հայրիկյանի նախաձեռնությունը եւ որի համար էլ այն ստեղծվել է` կարելի է համարել սկսված: Բանն այն է, որ Պարույր Հայրիկյանն այս նախաձեռնության ոչ թե հեղինակն ու կազմակերպիչն է, այլ` կատարողը: Իրականում այս ծրագրի իրականացումն իշխանությունները վստահել են հայտնի ստվերային քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանին: Բայց, քանի որ նրա անունն իսկ արդեն բացասական ասոցիացիաներ է առաջացնում, եւ քաղաքական ուժերը չեն համաձայնի նույնիսկ նրա կազմակերպած ոչ թե հավաքին, այլ` դասախոսությանն անգամ մասնակցել` վախենալով իշխանամետի պիտակավորում ձեռք բերելուց, որոշվել է Ա. Մանուչարյանին այս գործընթացի իրականացման փուլում նույնպես պահել ստվերում: Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց խոսել Ա. Մանուչարյանի հետ. նա տանը չէր, եւ մեզ տեղեկացրին, որ նա տանը կլինի միայն կեսգիշերից հետո:
Այս նախաձեռնության եւ Աշոտ Մանուչարյանի միջեւ կապ տեսնում են նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերից շատերը: Նույնիսկ նրանք, ովքեր մասնակցում են Հայրիկյանի հրավիրած սրճարանային քննարկումներին: Նույն մասնակիցներից շատերը վերջին հանդիպումից հետո հասկացել են, որ այս գործընթացը, բացի ընդդիմությանը հերթական հարվածներ հասցնելուց, ուրիշ արդյունք չի ունենալու: Առաջին ազդանշանը Շավարշ Քոչարյանի դեմ կազմակերպված ակցիան էր: Խնդիրն այն է, որ այս՝ «Մետելիցա» անվանումը ստացած նախաձեռնությանը մասնակցում են քաղաքական այն ուժերը, որոնք տարբեր ժամանակներում, այսօր էլ` համարվում են իշխանությունների ազդեցությունների տակ «աշխատող» ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ: Օրինակ` վերջին քննարկմանը մասնակցած բոլոր կուսակցություններն էլ տարբեր առիթներով մեղադրվել են իշխանական կերակրատաշտից սնվելու մեջ: Իսկ Հայրիկյանին էլ մինչ օրս անվանում են Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպան, ով նախօրեին հայտարարել էր, թե «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը, ով չի մասնակցում իր քննարկումներին, «գժական» է գնում (եւս մեկ ապացույց, որ այս հավաքի նախաձեռնությունն իրական ընդդիմադիր քաղաքական ուժերին վարկաբեկելն է):
Ինչեւէ, երեկ մենք փորձեցինք Շավարշ Քոչարյանից ճշտել, թե ո՞րն է իր դեմ սկսված դեմարշի պատճառը: Ի պատասխան՝ ԱԺԿ նախագահն ասաց. «Ես վերջերս իմ ասուլիսներից մեկի ժամանակ ասել էի` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գա, ի՞նչ է անելու: Կարծում եմ` սա է պատճառը: Մարդիկ չեն ուզում իրենց սխալները տեսնել, դրա համար էլ այդպես են արտահայտվել»: Նա չցանկացավ անդրադառնալ ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքներին: Միայն զարմացած ասաց. «Բայց նա իմ կողքին նստած ժպտում էր»: Շ. Քոչարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ով էր իրեն հրավիրել այդ հավաքին. «Պարույրն է ինձ զանգել, համոզել, որ ես գնամ: Թող չհրավիրեին»: Նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք մասնակցելո՞ւ է հաջորդ հավաքներին, թե՞ ոչ: «Ամեն ինչ կախված է ընթացքից: Եթե լրջություն կա` այո, եթե ոչ, բնականաբար` ոչ»:
Ամեն դեպքում` այս վերջին հավաքից պարզ դարձավ, որ այնտեղ հավաքվածները կամաց-կամաց իրար իշխանությունների պատվերը կատարելու մեջ մեղադրելով` իրենք իրենց ականազերծելու են: Եվ եթե այդ գործընթացը սկսվել է Շավարշ Քոչարյանից, զարմանալու ոչինչ չկա: