Տիգրան Սարգսյանը խուճապի մեջ է

02/09/2007 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Այս տարվա մայիսի 25-ին ՀՀ Տնտեսական դատարանը (դատավոր` Ա. Սարգսյան) ընդունեց մի վճիռ (այն արդեն մտել է ուժի մեջ), որը կարող է շրջադարձային լինել Կենտրոնական բանկի գործունեության մեջ: Այդ վճռով անվավեր են ճանաչվել

«ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն Ա. Վարտանովի նկատմամբ նշանակված տուգանքի մասին ԿԲ որոշումները: Դատարանի այս որոշումը պատմական կարող է դառնալ, քանի որ մեր իրականության մեջ, սովորաբար, ԿԲ որոշումները չեն վիճարկվում: Բացի այդ, այն խուճապի է մատնել ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, եւ նա այդ մասին նույնիսկ խոստովանել է վճռաբեկ բողոքում:

Այս բողոքի մեջ կա մի կետ, որը վերնագրված է այսպես` «Թույլ տրված դատական սխալի արդյունքում առաջացած ծանր հետեւանքները»: Մեջբերենք այդ կետից երկու հատված. «…մինչեւ օրս դատարաններում ՀՀ ԿԲ-ի կողմից նշանակված տուգանքներով ընդունված ակտերն անվավեր ճանաչելու բազմաթիվ պահանջներով կայացված եւ օրինական ուժի մեջ մտած վճիռներով երբեւէ չի ընդունվել մի դատական ակտ, որով դատարանները կգնահատեին ՀՀ ԿԲ-ին, որպես վարչարարություն իրականացնող պետական մարմնի, եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չկիրառելու հիմքով անվավեր ճանաչած կլինեն ՀՀ ԿԲ-ի ընդունած պատասխանատվության միջոց կիրառելու ակտը:

…Դատական ակտի սխալի արդյունքում, ԿԲ-ն ստիպված է լինելու ղեկավարվել նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, որի հետեւանքով անհրաժեշտություն է առաջանալու փոփոխությունների ենթարկել 11 տարվա ընթացքում ձեւավորված եւ կիրառված ֆինանսական համակարգի սուբյեկտների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ամբողջ իրավական դաշտը (նորմատիվ եւ ներքին իրավական ակտերը, ինչպես նաեւ` համապատասխան օրենքները): Այս փոփոխությունները կատարելու համար պահանջվելու է երկարատեւ ժամանակ, որի ընթացքում ԿԲ-ն չի կարողանալու պատշաճ իրականացնել օրենքով ամրագրված իր լիազորություններից մեկը` ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչը կվտանգի ֆինանսական համակարգի կայունությունը եւ խթան կհանդիսանա ֆինանսական ծառայություններից օգտվող անձանց` այդ թվում բանկերի բազմաթիվ ավանդատուների, իրավունքներն ու օրինական շահերը խախտելու եւ տարբեր բնույթի չարաշահումներ թույլ տալու համար»:

Ինչպես հայտնի է, ԿԲ-ն մի անձեռնմխելի կառույց է, կամ, ինչպես նշեց Հայաստանի բանկիրներից մեկը, այն պետություն է պետության մեջ, որտեղ գործում են պետությանը բնորոշ բոլոր կառույցները: Այդ բանկիրը, բնականաբար, չուզեց նշել իր անունը, քանի որ արդեն նման բանի համար մի անգամ «պատժվել է» ԿԲ ղեկավարի կողմից: 11 տարի ԿԲ նախագահ լինելով` Տիգրան Սարգսյանը ստեղծել է իր կայսրությունը. ամենազոր, վտանգավոր, կանխատեսելի եւ շատ անկանխատեսելի է այդ կայսրությունը: Սահմանադրությամբ ԿԲ-ի գործառույթը գների կայունացումն է: Սակայն վերջին տարիներին ԿԲ-ի գերագույն խնդիրը դրամի կայունացումն է: Թե ինչպես է կայունացնում գները Հայաստանում ԿԲ-ն, համենայնդեպս, որեւէ մեկը չկարողացավ բացատրել: Իսկ թե ինչպես է պատահել, որ Տնտեսական դատարանը ԿԲ-ի դեմ վճիռ է կայացրել, դա էլ անբացատրելի է: ԿԲ-ն դատարաններում երբեք չի պարտվել: Այս վճիռը կարող է օրինակ դառնալ, որպեսզի հայկական մյուս բանկերը փորձեն պաշտպանել իրենց իրավունքները ԿԲ-ի առջեւ:

ԿԲ-ի մի քանի որոշումներով 2006թ. վերջերին եւ 2007թ. սկզբներին տուգանվել էր «ՎՏԲ-Հայաստան բանկը» (նախկին «Հայխնայբանկ») եւ բանկի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վարտանովը: Դրանք պատժամիջոցներ էին, ինչի համար Վարտանովը անձամբ պետք է վճարեր 2 մլն դրամ, իսկ բանկը` այդ գումարի գրեթե եռապատիկը: «Վարտանովը գտնում է, որ ԿԲ-ի այդ որոշումներն ապօրինի են: Դրանով իր իրավունքները ոտնահարվել են, եւ արատավորվել է իր գործարար համբավը»,- ասում է Ա. Վարտանովի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը:

Երբ Վարտանովը դիմել է դատարան, ԿԲ-ն զարմացել եւ զայրացել է նման հանդուգն քայլից, քանի որ բոլոր բանկերը հնազանդ ենթարկվում են ԿԲ-ի որոշումներին, եւ նրա նախագահի ասածներն իրենց համար գերագույն օրենք են: Իսկ Վարտանովը փորձել է հակաճառել ԿԲ նախագահին եւ դիմել է դատարան: Բնականաբար, Վարտանովը պիտի պատժվի, իսկ ինչպե՞ս դա կարող է անել ԿԲ նախագահը: «ՎՏԲ»-ի ղեկավարներին նամակներ ուղարկեցին»,- ասում է Ա. Վարտանովը եւ ներկայացնում այդ նամակները: Նամակները հասցեագրվել են «ՎՏԲ» ԲԲԲ-ի նախագահ Ա. Լ. Կոստինին եւ դուստր բանկերի վարչության նախագահ Ն. Ա. Կուզնեցովին:

«Նամակներն ուղարկել են ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ նրա դստեր ամուսնու հայր, այսինքն` խնամի Հրանտ Սուվարյանը, որը նաեւ ԿԲ-ի Ֆինանսական վերահսկողության վարչության պետն է»,- շարունակում է Ա. Վարտանովը:

ԿԲ-ի Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը «ՎՏԲ» ԲԲԸ-ի ղեկավարությանը հղած նամակում գրել է. «…Ոչ մի կերպ չփորձելով խախտել Բանկի, ինչպես նաեւ Ա. Վարտանովի` Սահմանադրությամբ հաստատված դատական պաշտպանության իրավունքը, մենք համարում ենք, որ ձեռնարկելով վերոգրյալ գործողությունները` Ա.Վարտանովը, ելնելով սեփական շահագրգռվածությունից եւ փորձելով խուսափել իր նկատմամբ նշանակված տուգանքի վճարումից, բանկին ներգրավում է վերստուգող մարմնի հետ երկարատեւ դատական քննության մեջ: Իր հայցում Ա. Վարտանովը, օգտվելով իր պաշտոնից եւ ելնելով սեփական նկրտումներից, ձեռնարկել է ՀՀ ԿԲ նորմատիվ ակտի (վերահսկող մարմնի կանոնակարգող ակտ) օրինականությունը վիճարկելու աննախադեպ փորձ` դրանով վիճելի դարձնելով երկրի օրենսդիր համակարգը, ինչն իր հերթին հանդիսանում է աննախադեպ դեպք եւ, ՀՀ ԿԲ կարծիքով, հակասում է Բանկի հեղինակությանը»:

«ՎՏԲ»-ի ղեկավարությունը, չուզենալով խնդիրներ ունենալ հայաստանյան իր դուստր բանկում, Վարտանովին ազատում է աշխատանքից` ընտրելով նրան նույն բանկի խորհրդի անդամ (ԿԲ նախագահ Տ. Սարգսյանն իր շրջապատում բազմիցս հայտարարել է, որ Ա. Վարտանովին երբեք չի գրանցի որպես խորհրդի անդամ): Տեսնելով, որ իր որոշումները կարող են անվավեր ճանաչվել դատարանի կողմից, ԿԲ-ն այդ որոշումներն ընդունելուց 6 ամիս անց ուժը կորցրած է ճանաչել նույն որոշումները: Նշենք, որ Վարտանովի` աշխատանքից դուրս գալու պատճառները տուգանքների մասին որոշումներն են եղել: Այնուհետեւ ԿԲ-ի ներկայացուցիչները դատարանից խնդրել են մերժել հայցը, քանի որ տուգանքի մասին որոշումները հենց իրենք էլ չեղյալ են համարվել, իսկ չեղյալ են համարվել, քանի որ Ա. Վարտանովն այլեւս բանկի գործադիր տնօրեն չէ:

«Մենք դեմ էինք դրան. ճիշտ է, ակտը ուժը կորցրած է ճանաչվել, Վարտանովը տուգանքն այլեւս չի վճարելու, սակայն 6 ամիս գործել է, եւ այն պետք է ուժը կորցրած ճանաչվի ընդունման պահից, ոչ թե 6 ամիս անց` ինչ-որ հանգամանքներով պայմանավորված: ԿԲ-ի ներկայացուցիչները դատարանում ասացին, որ ուժը կորցնելու հիմքը եղել է այն, որ Վարտանովն այլեւս տնօրեն չէ: Ստացվում է, որ անմեղ մարդուն ներում են»,- ասում է Կարեն Մեժլումյանը:

Ա. Վարտանովը պնդում է, որ ԿԲ որոշումներն ապօրինի են, հետեւաբար դատական կարգով վիճարկել է խախտումներ արձանագրած ակտերը: «Ստացվում է, որ ԿԲ-ն ինձ ներում է, ասում է` տուգանքը չեմ ուզում, ես ներում եմ քեզ: Իսկ ես չեմ ուզում, որ ինձ ներեն, ես ուզում եմ դատարանը ճանաչի իմ անմեղությունը: ԿԲ նախագահը եւ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչության պետը տուգանքների մասին որոշում կայացնելուց հետո ինձ զրպարտող գրություններ են ուղարկել Մոսկվա` «ՎՏԲ»-ի ղեկավարությանը` արատավորելով իմ` երկար տարիներ բանկային համակարգում աշխատած ղեկավարիս անունն ու գործարար համբավը, եւ նրանք պետք է հանդես գան հերքումով»,- ասում է Վարտանովը:

Միանշանակ, Տիգրան Սարգսյանը ներողություն չի խնդրի: Բայց Վարտանովը պատրաստ է գնալ մինչեւ վերջ: Նա համարում է, որ Տիգրան Սարգսյանն արատավորել է իր անունն ու գործարար համբավը, իսկ ինքը բանկիր է եւ չի ուզենա իր անունը «կեղտոտված» թողնել:

Հուլիսի 30-ին Ա. Վարտանովը դիմում է ներկայացրել Տիգրան Սարգսյանին, որտեղ գրել է. «Ձեր ապօրինի եւ անհիմն որոշումներով 2006-2007թթ. ընթացքում իմ` որպես «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ, պատժամիջոցներ են նշանակվել ավելի քան 2 մլն դրամի տուգանքի ձեւով: Երբ ես դիմել եմ իմ իրավունքների դատական պաշտպանության, նույն այդ ապօրինի որոշումների հիմքով իմ պատիվն ու գործարար համբավը արատավորող նամակներ են ուղարկվել «ՎՏԲ» ԲԲԸ-ի ղեկավարներին: Դրանից հետո ԿԲ-ի նոր որոշումներով այդ որոշումներն իմ մասով ուժը կորցրած են ճանաչել: Ավելին` Տնտեսական դատարանի վճիռներով ապօրինի լինելու պատճառով անվավեր են ճանաչվել իմ կողմից վիճարկվող որոշումները: Այդ վճիռներում նշված է նաեւ, որ որպես ՀՀ ԿԲ նախագահի որոշումներն անվավեր ճանաչելու հետեւանք` ԿԲ-ն պարտավոր է վերացնել ցանկացած այլ հետեւանք, որպիսին բխել է նշված որոշումները կայացնելու պահից»:

Այնուհետեւ Վարտանովը Տ. Սարգսյանին առաջարկում է կամովին կատարել դատարանի վճիռները եւ իր պատիվն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքող գրություն ուղարկել «ՎՏԲ»-ի ղեկավարությանը, որտեղ ԿԲ նախագահը պետք է նշի, որ իր ընդունած որոշումներն «ապօրինի են եղել եւ հակաօրինական»: Տ. Սարգսյանը պետք է նաեւ հայցի Ա. Վարտանովի ներողամտությունը՝ իր «պաշտոնական դիրքն օգտագործելով պարոն Ա. Վարտանովի պատիվն ու գործարար համբավն արատավորող եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու համար»:

Թե ինչով կավարտվի այս հակամարտությունը` դժվար է ասել, սակայն մեր տեղեկություններով` ԿԲ-ն օրենքների նոր փաթեթ է ներկայացնելու ԱԺ: Որոշ մասնագետներ, ովքեր ծանոթ են այդ փաթեթին, համոզված պնդում են, որ դրանք «ավելի վտանգավոր են» դարձնելու ԿԲ-ն:

www.hetq.am