Երիտասարդ քաղաքագետների ղարաբաղյան ակումբը, որի մեջ ընդգրկված են Արցախի պետհամալսարանի ուսանողներ, Ղարաբաղում անց է կացրել սոցիոլոգիական հարցում` «Հաշտության ռեսուրսներ» թեմայով: Հարցման նպատակների եւ նախնական արդյունքների մասին զրուցեցինք ծրագրի նախաձեռնող, լրագրող Նաիրա Հայրումյանի հետ:
Նրա խոսքերով, սոցիոլոգիական հարցումը նպատակ էր հետապնդում պարզել` արդյոք ղարաբաղյան երիտասարդությունը պատրա՞ստ է ադրբեջանցիների հետ համագործակցության եւ, ընդհանրապես, մտածո՞ւմ է այն մասին, որ վաղ թե ուշ կստորագրվի խաղաղության պայմանագիր, եւ ղարաբաղցիներն ու իրենց ներկա հակառակորդները կրկին կմտնեն հարեւանական կապերի մեջ: Հարցման են ենթարկվել Ղարաբաղի 3 գյուղերի, Շուշիի եւ Ստեփանակերտի 80 երիտասարդներ: Ն. Հայրումյանի խոսքերով, առաջին անգամ նման միջոցառման սուբյեկտ եւ օբյեկտ է դարձել գյուղի երիտասարդությունը: Ծրագիրը տարբերվում էր մնացածներից նաեւ նրանով, որ հանդիպումների ընթացքում խոսվում էր մի թեմայի շուրջ, որի վրա ղարաբաղյան հասարակության մեջ կարծես թե տաբու է դրված:
«Պետք է ասեմ, որ բարձր դասարանների դպրոցականները, որոնք երբեք ադրբեջանցի չեն տեսել եւ ընդհանրապես Ղարաբաղի սահմաններից դուրս չեն եղել, բավականին տոլերանտ են հարեւան ազգի նկատմամբ եւ նույնիսկ կուզենային ծանոթանալ նրանց ներկայացուցիչների հետ: Նրանք գտնում են, որ վաղ թե ուշ մենք պետք է հաշտվենք, սակայն չեն պատկերացնում մի պետության հարկի տակ համատեղ կյանքը: «Ավագ» երիտասարդների մոտ անվստահությունն անհամեմատ ավելի բարձր է: Սակայն եւ՛ դպրոցականները, եւ՛ մնացածները մեծամասամբ կարծում են, որ շարունակվող պատերազմը ադրբեջանցիների հանդեպ հայերի ատելության արդյունք չէ: Պատճառը` ղարաբաղցիների կյանքի, անվտանգության ու ազատությունների հանդեպ սպառնալիքն է»,- ասել է հարցման համակարգողը: Ֆոկուս-հարցումների ժամանակ, խոսելով տարածաշրջանային ինտեգրացիայի եւ գլոբալիզացիայի մասին, շատերը նկատում էին, որ «Աշխարհը` առանց էթնիկական սահմանների» սկզբունքն ամենալավ եւ, երեւի, անխուսափելի տարբերակն է: Սակայն այն պահին, երբ մի ազգի ներկայացուցիչների կյանքին վտանգ է սպառնում միայն նրանց ազգային պատկանելության պատճառով, ինտեգրման առաջադեմ գաղափարները հետ են մղվում ինքնապաշտպանության բնազդով:
Հենց այդ տեսակետից են երիտասարդները դիտում տարածաշրջանի ապագան. եթե լինեն անվտանգության հստակ երաշխիքներ, կարելի է խոսել ցանկացած համագործակցության մասին: Իսկ դա կարող է լինել միայն Ղարաբաղի` Ադրբեջանից անկախ լինելու պարագայում. գտնում են երիտասարդները: Որպես ադրբեջանցիների հետ մեկ հարկի տակ ապրելու անհնարինության փաստարկ, երիտասարդները բերում են ոչ միայն հայոց պատմությունը, այլեւ Ադրբեջանի ներկա պաշտոնական ռազմատենչ դիրքորոշումը:
Եվս մեկ հանգամանք. հարցվողների կարծիքով, հակամարտության լուծումը միայն ժամանակը կարող է տալ, համենայնդեպս, ներկա սերունդն ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը: Որոշ երիտասարդներ գտնում են, որ շփումների վերսկսմանը խանգարում է նաեւ «առատ» հայրենասիրական քարոզչությունը` երկու կողմերից: Մյուսները գտնում են, որ Ղարաբաղում, հակառակը, տեղեկատվական պակաս է զգացվում, որի արդյունքում ժողովուրդը դուրս է մնացել կարգավորման գործընթացից: Միջազգային հանրությունը, Ադրբեջանը, Հայաստանը ակտիվորեն քննարկում են Արցախի հարցը, եւ միայն ղարաբաղցիների ձայնը չի լսվում. դժգոհում են ուսանողները: Այնինչ, ղարաբաղյան խնդիրը ծագել է եւ շարունակում է մնալ մարդկանց հիմնարար իրավունքի` ազատ ապրելու հնարավորության խնդիր: Երիտասարդները գտնում են, որ խնդիրն արհեստականորեն քաղաքականացվել եւ միջազգայնացվել է նրանց կողմից, ովքեր Ղարաբաղում չեն բնակվում: Եվ այն, որ ղարաբաղյան կողմը բանակցություններին չի մասնակցում, հենց դրա հետեւանքն է: