Երբ կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով Հայաստանում միմյանց հերթ չտալով ստեղծվեցին հասարակական կազմակերպություններ, երբ անգամ ՀՀ նախագահն իրեն կից ստեղծեց հակակոռուպցիոն մարմին, տրամաբանությունը հուշում էր, որ դեպի հայոց մեկուսարաններ տանող ճանապարհին պիտի որ հրմշտոց լիներ: Սակայն անցնում են անհույս տարիներ, իսկ բարձրաստիճան որեւէ չինովնիկի Ազգային անվտանգությունից կամ Ոստիկանությունից այդպես էլ չեն անհանգստացնում:
Փոխարենը պարբերաբար սարկազմով արձանագրվում են հարեւան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «հերթական արտառոց քայլերը»: Վերջինիս որոշմամբ` այս էլ որերորդ անգամ, պետական տարբեր աստիճանի չինովնիկների հրավիրած նիստերի ժամանակ, բազմաթիվ լրագրողների ու տեսախցիկների ներկայությամբ, նիստերի դահլիճ են ներխուժում Հատուկ նշանակության ջոկատի դիմակավոր աշխատակիցներն ու կալանավորում չինովնիկներին` պետական միջոցները հափշտակելու, պետական ունեցվածքը վատնելու, կոռուպցիայի մեջ կասկածվելու եւ նման այլ մեղադրանքներով: Վերջին, համեմատաբար թարմ դեպքը Քութաիսիի քաղաքապետարանի միանգամից 24 աշխատակիցների ձերբակալությունն էր` փոխվարչապետ Օմար Կիկվիձեի գլխավորությամբ: Կադրերը, հասկանալի է, «ի տես բոլորի» ժանրում արված ձերբակալությունների շարքն իրարամերժ մեկնաբանությունների առիթ է դարձել: Վրաստանի ընդդիմությունը մեղադրում է Սահակաշվիլուն իր` ոչ անհայտ հայրենակից Իոսիֆ Ջուղաշվիլու հետքերով գնալու, չինովնիկներին բոլորի աչքի առաջ նվաստացնելու եւ նրանց անմեղության կանխավարկածը խախտելու համար: Սակայն ասել, թե նման մեղադրանքները նվազեցնում են «օն լայն» ռեժիմով աշխատող ՆԳ աշխատակիցների ջանասիրությունը, չափազանցություն կլինի: Կոռումպացված պետական ծառայողների դեմ Վրաստանի իրավապահներն, այդուհանդերձ, պայքարում են: Օրվա բոլոր ժամերին: Ընդհուպ` գիշերը: Կոռումպացված շատ չինովնիկներ մեկուսարաններ են տեղափոխվել ուշ գիշերին, ուղիղ սիրելիների գրկից: Պետական միջոցների հափշտակման մեջ կասկածվող պետծառայողներից մեկին, ըստ վրաստանյան լրատվամիջոցների, իրավապահները մեկուսարան են տեղափոխել անմիջապես … եկեղեցուց: Այն պահին, երբ վերջինս իր աղոթքն էր հղում առ Աստված: Հասկանալի է, որ կոռուպցիայի մեջ կասկածվող չինովնիկների ձերբակալության աշխարհագրական վայրերը թվարկելը գուցե թե զավեշտական է, սակայն փաստն, այդուհանդերձ, այն է, որ շարքային վրացիները տեսնում են` Վրաստանում կոռուպցիայի դեմ, այնուամենայնիվ, պայքարում են: Թող որ` ցուցադրաբար: Ուղիղ եթերով չինովնիկների ձերբակալության կադրերը դիտում են բոլորը, այդ թվում եւ՝ այն չինովնիկները, ովքեր նախատեսել էին կաշառքը ստանալ հաջորդ օրը: Հետեւաբար, ամառային արձակուրդները Վրաստանում անցկացրած հայաստանցիները (իսկ նրանց թիվն, ինքներդ գիտեք, շատ-շատ է) այդ երկրից վերադառնում են զարմացած ու գոհ, պատմում են, որ այդ երկրում շարքային վրացիները, հատկապես երիտասարդները, հավատում ու վստահում են իրենց երկրի նախագահին` Սահակաշվիլուն: Լավ, եթե սա համարենք գրոտեսկ կամ Սեւ ծովի արեւի ազդեցության հետեւանք, ձեւակերպենք այսպես` հավատում են իրենց երկրի ապագային:
Մեր երկրում պետական բարձրաստիճան յուրաքանչյուր չինովնիկ կոռումպացված է: Կոռումպացված են պետական բոլոր օղակները: Նախեւառաջ` հարկային եւ մաքսային մարմինները: Եվ այդ մասին գիտեն բոլորը, հատկապես` իրավապահները: Այդ մասին գիտեին նաեւ «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարները: Վստահ ենք, գիտեին շատ վաղուց: Սակայն երբ շահերի անհամաձայնության հետեւանքով «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարները ստիպված եղան Մաքսային կոմիտեի բարձրաստիճան ղեկավարներին մեղադրել կոռուպցիայի մեջ` կարծելով, թե այդ հանրահայտ ճշմարտությունն ապացուցելն առանձնապես բարդ չէ, պարզվեց հակառակը: Մաքսային, հարկային մարմիններին, պետական բարձրաստիճան չինովնիկներին մեղադրելու հնարավորություն շարքային քաղաքացին կամ բիզնեսով զբաղվող ընկերությունը չունի: Փորձիր մեղադրել, եւ անմիջապես կձերբակալեն քեզ` Թալեյրանի սկզբունքով՝ «Ասա մեկ նախադասություն, եւ ես քեզ կձերբակալեմ»:
Մեր երկրում բավական է ստուգել անգամ մանկապարտեզների հաշվեմատյանները` հայտնաբերելու համար ֆինանսական անճշտություններ, վրիպակներ: Իսկ «Ռոյալ Արմենիայի» կարգի ընկերությունների համար նման «նկատված վրիպակներ»` որքան ուզեք: Սակայն խնդիրն ամենեւին այն չէ` որքանով օրինական են այս ընկերության ղեկավարների դեմ ներկայացված խարդախության, փաստաթղթերի կեղծման (նրանց առաջադրված են մեղադրանքներ Քրեական օրենսգրքի ընդհանուր առմամբ 5 հոդվածներով) մեղադրանքները: Այլ այն, թե երբ են դրանք ներկայացվել եւ ինչ նպատակով: Անհնար է կասկածել, որ մինչեւ Մաքսային պետական կոմիտեի դեմ հայցադիմում ներկայացնելը «Ռոյալ Արմենիան» ի մի էր բերել իր իրավացիությունը հավաստող բոլոր ապացույցները, երկար ծանրութեթեւ էր արել` դիմե՞լ դատարան, թե՞ չդիմել: Սակայն անգամ անհերքելի, փաստարկված ապացույցները, որ այս կամ այն պետական կառույցն օրը ցերեկով կաշառք է կորզում մեր քաղաքացիներից, գրոշի արժեք չունեն: «Ռոյալ Արմենիայի» նախադեպից հետո գործարարները շատ երկար կմտածեն մաքսային կամ հարկային մարմիններից դժգոհելուց առաջ: Եվ, ի վերջո, կհրաժարվեն դա անել: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե «Հայլուրը» ցուցադրեր, դիցուք, Մաքսային կոմիտեի բարձրաստիճան չինովնիկների ձերբակալության կադրերը` նշելով, թե վերջիններս կասկածվում են գործարարներից կաշառք կորզելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, մի խոսքով` գործարարությանը, հետեւաբար՝ մեր երկրի տնտեսությանը վնաս հասցնելու մեջ: Իսկ տնտեսության կայացումը հատկապես Հայաստանի նման երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Հետեւաբար, Մաքսային պետական կոմիտեի բարձրաստիճան չինովնիկները սասանում են Հայաստանի Հանրապետության հիմքերը: Հետեւաբար` մեղադրվում է Հայրենիքի դավաճանության մեջ: Քրեական օրենսգրքով մեղքի այս տեսակը պատժվում է, եւ չափազանց խիստ:
Սակայն սա սոփեստություն է: Մեր երկրում հանցանքի եւ ոչ մի տեսակի կոնտեքստում «հայրենիքի դավաճանությունը» չի ենթադրվում: Ինչպես դա տեղի ունեցավ Չինաստանում: Տակավին վերջերս Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մահվան դատապարտեցին 750 հազար դոլար կաշառք վերցրած չինովնիկին: Ի դեպ, դատավճռի ընթերցումը տեղի ունեցավ ուղիղ եթերով: Սակայն նման խիստ պատժի չինովնիկն արժանացավ ոչ թե վերցրած կաշառքի չափի համար, այլ իր վերցրած կաշառքի հետեւանքով Չինաստանի դեղագործական ընկերությունների վարկը, արտահանվող սննդամթերքի որակը կասկածի տակ դնելու, այսինքն` Չինաստանի միջազգային հեղինակությունը գցելու համար: Սակայն Հայաստանի հեղինակությանը ոչինչ չի սպառնում, քանի որ անհնար է սասանել մի բան, որը գոյություն չունի: