Տեխանվտանգության կենտրոնի PR-ը վտանգված է

02/09/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Օրերս Բաքվում անակնկալ փլուզվել էր 16 հարկանի նորակառույց բազմաբնակարան մի շենք:

Այն գրեթե հասցված է եղել ավարտին, իսկ շինարարությունն իրականացրել է «Մութաֆաքիր» մասնավոր կազմակերպությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, շենքի փլուզման պահին ներսում եղել են աշխատողներ, եւ դեռ 7-8 մարդ գտնվում է փլատակների տակ: Շինարարների վկայությամբ` ներսում ավելի շատ աշխատողներ են եղել, քան նշվում է պաշտոնապես: Շենքի փլուզման պատճառով վայր է ընկել նաեւ շինհրապարակում գտնվող վերամբարձ կռունկը` ջախջախելով ներքեւում գտնվող մեքենաներն ու շինարարական տեխնիկան: Ականատեսների վկայությամբ` շենքի փլատակների տակ են մնացել նաեւ մի խումբ երեխաներ, ովքեր այդ ժամանակ նորակառույցի հարեւանությամբ բակում խաղալիս են եղել: Ադրբեջանի նախագահի հանձնարարականով վթարի պատճառները պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է պարզի վթարի պատճառները եւ խստագույնս պատժի մեղավորներին: Բաքվում տեղի ունեցածը ստիպում է եւս մեկ անգամ մտածել Երեւանում կառուցվող շենքերի անվտանգության մասին, քանի որ գործնականում մեր նորակառույցները եւս ապահովագրված չեն նման վտանգից: Երեւանում իրար հետեւից կառուցվող էլիտար կոչվող շենքերի շինարարության չափանիշներն այնքան էլ չեն գոհացնում ոչ միայն բնակիչներին, այլ նաեւ մասնագետներին: «ՀՀ-ի բնակլիմայական պայմանները թույլ չեն տալիս գիշեր-ցերեկ` 3 հերթափոխով շինարարություն իրականացնել»,- մեզ հետ զրույցում ասացին այս ոլորտի մասնագետները` պատմելով, որ ՌԴ-ից ժամանած փորձագետների համար անընդունելի է եղել, որ տեղական էլիտար շենքերում եռակցման աշխատանքներն են իրականացնում ձմռան ցրտին ու ամռան տապին: Ի վերջո, եռակցողը մարդ է եւ բնակլիմայական նման պայմաններում չի կարող որակյալ աշխատանք կատարել: Բացի այդ, օրինակ, Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրում չի պահպանվել քաղաքաշինական ամենապարզ նորմը` շենքերի միջեւ թույլատրելի հեռավորությունը: Սա նշանակում է, որ հրդեհի կամ վթարների պարագայում տուժելու են նաեւ հարակից շենքերը: Մեծ շինհրապարակի վերածված Երեւանում երկրորդային պլան է մղվել անվտանգություն ասվածը: Բազմաբնակարան ամեն մի շենքի մոտ վեր են խոյանում մի քանի վերամբարձ կռունկներ, որոնք օր ու մեջ փոխում են իրենց տեղն ու դիրքը, ինչը սխալ մոնտաժման կամ քամիների ուղղության փոփոխման պարագայում կարող է ընկնել մոտակա շենքերի վրա: «Տեխնիկական անվտանգության մասին» օրենքով վերամբարձ կռունկների մոնտաժումը, ապամոնտաժումը, կոնսերվացումը ենթակա է փորձաքննության: Օրենքով սահմանված կարգով փորձաքննության իրավասությունը վերապահված է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին: Առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու մեր փորձերը կտրուկ դիմադրության արժանացան Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից: Կենտրոնում լրագրողներին առաջարկում են բոլոր հարցերն ուղղել Վլադիմիր Հովսեփյանին, ով ստանձնել է Կենտրոնի տնօրեն, գեներալ Աշոտ Պետրոսյանի PR-ի գործը: Մեզ հետաքրքրում էր` քանի՞ վերամբարձ կռունկ է գրանցվել կենտրոնի ռեեստրում, արդյո՞ք կենտրոնը փորձաքննություններ է իրականացրել բոլորի համար, ի՞նչ արժե փորձաքննությունը, որքա՞ն է փորձաքննության համար դիմում չներկայացնելու տուգանքը եւ համանման այլ հարցեր: Մեզ հետ հեռախոսազրույցում պարզվեց, որ կենտրոնի Կազմակերպատնտեսական եւ պայմանագրային վարչության պետ Վլադիմիր Հովսեփյանը նեղացել է իրենց վերաբերյալ «168 Ժամում» տպագրված հոդվածներից: Այսպիսով, ո՛չ Հովսեփյանը, ո՛չ էլ նրա «շեֆը»` Տեխնիկական անվտանգության կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը, մեր հարցին չպատասխանեցին, այն դեպքում, երբ նրանց ուղղվելիք հարցերն այսօր շատ արդիական են: Իհարկե, Հովսեփյանն ու Պետրոսյանն իրենց գործելաոճով բացառություն չեն, քանի որ Հայաստանում ոչ միայն պետական պաշտոնյաների, այլեւ որակավորված փորձագետ-մասնագետների պակաս կա: Օրինակ` «Արմենալ» գործարանի թողարկման ժամանակ ռուսները գերադասել են աշխատանքները կազմակերպել Ռուսաստանից հրավիրված մասնագետների ուժերով` անտեսելով անգամ մեր էժան աշխատուժը: Իհարկե, խնդիրը միայն այն չէ, որ համապատասխան մասնագետներ չունենք. եղածներն էլ միջազգայնորեն ընդունված համապատասխան վկայական չունեն: Նման վկայական ունենալու դեպքում որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր՝ արտերկրում պատահարների ժամանակ Հայաստանի փորձագիտական խմբերը նույնպես կարող են մասնակցել եւ համապատասխան եզրակացություններ տալ: Սա առաջնահերթ կբարձրացներ մեր երկրի վարկանիշը եւ ի վերջո ֆինանսական միջոցներ կբերեր այս կամ այն ծրագրի իրականացման համար: Մինչդեռ մենք չունենք համապատասխան լիազոր մարմինը: Տեխնիկական անվտանգության առումով ներկայումս դաշտը, կարելի է ասել, բարձիթողի վիճակում է: Դրան կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում: