Այսօր սեպտեմբերի 1-ն է եւ հազարավոր աշակերտներ առաջին անգամ դպրոց են գնալու: Այսօր նաեւ բազմաթիվ շնորհավորանքներ կհնչեն պետական պաշտոնյաների կողմից, կրթության ոլորտի պատասխանատուները վերամբարձ խոսքեր կասեն գիտելիքի եւ ուսման մասին: Սակայն, ցավոք, այսօր բոլոր առաջին դասարանցիները չէ, որ տոնական տրամադրություն են ունենալու, եւ բազմաթիվ երեխաներ հենց այսօրվանից զգալու են այն տարբերությունը, որ առկա է իրենց եւ ամենեւին ոչ գիտելիքի շնորհիվ հարուստ դարձած «պապաներ» ունեցող իրենց հասակակիցների միջեւ:
Այսօր սեպտեմբերի 1-ն է, դպրոցականների տոնը: 7-ամյա Լուսինեն առաջին անգամ դպրոց է գնացել՝ հավանաբար լաց լինելով:
Լաբիրինթոսի նման հանրակացարանի սենյակի անկյունում կուչ եկած աղջկա աչքերն այտուցված, կարմրած են: Հարցնում եմ` «Ինչո՞ւ ես տխրել»: Նեղացած ու կոկորդը սեղմած` պատասխանում է. «Ես դպրոցը սիրում եմ, պիտի սովորեմ, բայց, երբ մտածում եմ, որ էս ճղած շորերով պիտի գնամ` չեմ ուզում գնալ: Բակի երեխեքն ինձ ցույց են տվել իրանց դպրոցական նոր շորերը: Բոլորը սիրուն կհագնվեն, բացի ինձնից»: Գլուխը խոնարհում է, որ չնկատեմ վիրավորված հայացքը: Մայրը` Գոհարն, անհարմար է զգում, որովհետեւ երեխան քանի օր է, լաց է լինում, առաջին անգամ դպրոց պիտի գնա, բայց հագուստ չունի: Լուսինեն ասում է, որ կուզենար տղա լինել եւ բոլորին ծեծել: Հարցնում եմ` «Ինչո՞ւ»: Չարացած պատասխանում է` «Որ բոլորի հետ կռիվ անեի, որ ինձ բան ասող չլիներ: Չնայած հիմա էլ, եթե ինձ ծաղրում են` ծեծում եմ սաղին»: Փոքրիկ աղջկա մեջ կոպտություն կա, որովհետեւ ուզում է ինքն իրեն պաշտպանել:
Լուսինեի ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է ապրում, ու սենյակում գտնվելով՝ չես պատկերացնում, թե ութ հոգով ինչպես են այդ փոքր տարածքում գոյատեւում: Ներս է մտնում ագրեսիվ հայացքով մի աղջիկ ու տարակուսած նայում է շուրջբոլորը: 17 տարեկան Աստղիկն է, Լուսինեի քույրը, ով նյարդային շարժումներով մի ծխախոտը հանգցնելով՝ մյուսն է վառում: Աստղիկը 2 ամսական երեխա ունի, ում կոպիտ շարժումներով տալիս է մոր գիրկն ու ասես հաշիվ է պահանջում, թե ի՞նչ գործ ունեմ իրենց տանը: Հարցնում եմ` «Ո՞նց ես»: Աստղիկը հավանաբար չսպասելով նման հարցի՝ դառնում է մի տեսակ նուրբ ու քնքուշ:
Աչքերի չարությունը վերածվում է տառապանքի: Ասում է` «Ո՞նց պիտի, էս որջում ապրողը ո՞նց կարող ա լավ լինի: Եթե մարդ մի կտոր հաց չի կարում վաստակի, ո՞նց կարա իրան զգա»: Աստղիկը Լուսինեին պարբերաբար նկատողություն է անում, որովհետեւ իր ընտանիքի անդամների պատասխանատվությունն իր վրա է վերցրել: 17 տարեկան այս աղջիկը մեծ փորձությունների միջով է անցել, դրա համար էլ խոսում է տարեց, տանջված կնոջ պես: Աստղիկի երկու եղբայրները գտնվում են քրեակատարողական հիմնարկում, որովհետեւ, գուցեեւ այնտեղ ապրելն ավելի դյուրին է: 21 տարեկան Հովհաննեսը շուտով ազատ կարձակվի, սակայն ծնողները վստահ չեն, որ նորից չի ձգտի բանտում հայտնվել: Տարիներ առաջ նա ալյումին է գողացել, որպեսզի հիվանդ հոր ու փոքրիկ քույրերի համար կարողանա սնունդ գնել: Կալանավորվել է եւ մինչ օրս ազատազրկման վայրում է: Մյուս եղբայրը` Հարությունը, տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Նա դանակահարել է իրենից գումար պահանջող մի տղայի: Գոհարի տղաները բանտում են, որտեղ երեւի իրենց ավելի ապահով են զգում, քան Վարդաշենի հանրակացարանի՝ «բանտից» էլ անտանելի սենյակում: Աստղիկը սկսում է անկեղծանալ. «Ես դպրոցը թողեցի, 5-րդ դասարանից դուրս եկա, որ աշխատեմ, ընտանիքիս մի կտոր հաց հասցնեմ: Երազում էի բժշկուհի դառնալ, բայց… 14 տարեկանից ռեստորաններում ու կազինոներում համբալություն եմ արել, որ հացի փող աշխատեմ: Ախպերներս որ բռնվեցին` ամբողջ հոգսն իմ վրա է: Համ տուն պիտի պահեմ, համ էլ գաղութում հաց հասցնեմ: Կաֆեներում ու բարերում աշխատելով՝ մամային օգնել եմ, դաժե մանկական շորերի առք ու վաճառք եմ արել: Երազանքս չստացվեց, գաղութի դռներում հաց էի հասցնում»: Ասում եմ` «Դե՛, ուշ չի, 17 տարեկան ես, կարող ես սովորել»: «Չէ՛,- ասում է,- կոտրվել եմ, էլ երազանք էլ չունեմ: Երեխա եմ պահում, հիվանդ հեր ունեմ: Էն ժամանակ Էրեբունի Մասիվում տուն ունեինք, մարդավարի ապրում էինք: Հետո էն ծանր ժամանակներն եկան, չէինք կարում ապրել, ծախեցինք ու մնացինք փողոցներում: Հիմա բոմժի կյանք ա»: Լուսինեն ուշադիր լսում է քրոջ խոսքերն ու միջամտում է խոսակցությանը. «Չէ՛, ես ոնց ուզում ա լինի՝ բժիշկ կդառնամ, գոնե, որ պապային բուժեմ, թե չէ էս բժիշկներն իրան բանի տեղ չեն դնում, վրեն չեն նայում»: Աղջկա այս խոսքերից ազդված՝ հայրը հոնգուր-հոնգուր, երեխայի պես սկսում է լաց լինել: Ասում եմ` «Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ եք լաց լինում»: Ասում է` «Ես մեռնելու վրա եմ, բայց շատ եմ տանջվում: Ամեն օր երանի եմ տալիս, որ մահանամ»: Ընտանիքի հայրը` Ժորժիկը, տառապում է երիկամների անբավարարություն հիվանդությամբ: Անշարժ է, որովհետեւ մարմնի մեջ ամբողջը ջուր է, չի կարողանում միզել: Ասում է, որ հարեւաններն իրեն հայհոյում են, որովհետեւ կոմունալ պայմաններն ընդհանուր են եւ… «Գնում եմ զուգարան ու ժամերով ցավից գոռալով լաց եմ լինում, չեմ դիմանում ցավին: Հարեւաններն էլ են ինձնից զզվում արդեն: Զուգարանի պահակ եմ դառել»: Կինը` Գոհարը, վիրավորված ասում է, որ ուժեղ նոպաների ժամանակ, երբ շտապօգնություն են կանչում` բժիշկներն իրենց շատ վատ են վերաբերվում: «Ամեն անգամ գալիս, անալգին, դիմեդրոլ են սրսկում ու գնում են: Արդեն նարկոման ա դարձել: Քանի անգամ մահամերձ վիճակում ա եղել, բայց հիվանդանոց չեն տարել, ասել են` տանենք` մեկ ա, մնալու ա մեր վրա: Մանավանդ, որ փող էլ չենք տալիս, վաբշե վրեն չեն նայում: Ասում են` բա բենզինի փողն ո՞վ պիտի տա»,- պատմում է Գոհարն՝ ասելով, որ ամուսինը մահանում է, բայց գումար չունենալու պատճառով չեն համարձակվում հիվանդանոց տանել: Գոհարը ռեստորաններում աման լվացող է աշխատել ու ասում է, որ երեխաները քաղցած են մնում: «Փարոսի» նպաստառուների ցուցակում ընդգրկված չեն ու ամսական կայուն եկամուտ, որպես այդպիսին, չունեն: Ժորժիկը, ով ժամանակին արհեստավոր է եղել, նեղսրտելով ասում է՝ «Երեխեքս աղքատությունից վայրագ դարձան: Ընկան գաղութների դռները, հիմա շատ են փոշմանել, բայց ի՞նչ…»:
Այս ընտանիքի վիճակը սարսափելի ծանր է: Դժվար է պատկերացնել, թե այստեղ ապրող չորս երեխաների համար կյանքն ինչ արժեք ունի: Հանրակացարանի բնակիչները Լուսինեին շատ են սիրում, դրա համար էլ մշտապես նրան ուտելու բան են տալիս: Ասում է. «Լավ, իջնեմ հայաթ, չեմ ուզում տանը մնալ, նեղվում եմ»: