ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանի տվյալներով՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության թվով 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում են ընդհանուր առմամբ 3434 կալանավորներ եւ դատապարտյալներ:
Նրանցից 126-ը կանայք են, 52-ն՝ անչափահասներ: Ըստ Ա. Մարտիրոսյանի, նախորդ տարիների համեմատ այս տարի կալանավորների եւ դատապարտյալների թիվն էապես կրճատվել է: «Ցավոք, շատացել են ծանր հանցագործության դեպքերը, ինչպիսիք են՝ սպանությունները, իսկ կանանց դեպքում՝ նաեւ թմրամոլության եւ կավատության հետ կապված հանցատեսակները»,- տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության պետը: Պրն Մարտիրոսյանը չի կիսում այն կարծիքը, որ շատերը սոցիալական անպաշտպանվածությունից դրդված են հանցագործություն կատարում, եւ, որ կալանավայրում այդ մարդիկ իրենց ավելի պաշտպանված են զգում: «Այդպես չէ, որովհետեւ 2-3 անգամ հանցագործություն կատարած կրկնահանցագործների համար կալանավայրում ապրելը դարձել է կենսակերպ: Մարդիկ կան, որոնց համար գաղութն արդեն դարձել է իրենց տունը, եւ չեն ձգտում ազատության, աշխատելու եւ այլն: Օրինակ՝ կալանավոր ունենք, որը հրաժարվել է վաղաժամ ազատման հարցը քննելուց, որովհետեւ ուզում է կալանավայրում մնալ: Մարդիկ կան, ովքեր պարզապես չեն սիրում աշխատել եւ ինչ-որ բանի հասնել: Մեր հանրապետությունում գոնե հիմա աշխատանք գտնելու խնդիր չկա, եւ աշխատել ցանկացողը կարող է ցանկացած պահի աշխատանք գտնել»,- վստահեցրեց Ա. Մարտիրոսյանը՝ մատնանշելով 1990 թվականը, երբ կալանավայրերում ընդհանուր առմամբ 8000 կալանավորներ եւ դատապարտյալներ կային:
Ըստ պրն Մարտիրոսյանի՝ կալանավորներ կան, ովքեր չեն ադապտացվում հասարակությանը եւ ազատություն ստանալուն պես ձգտում են վերադառնալ կալանավայր: Ինչ վերաբերում է ներկայումս տարածված անչափահասների կողմից ալյումինի գողությունների դեպքերին, ապա վարչության պետն այդ երեւույթը սոցիալական խնդրով չի պայմանավորում: «Դա դաստիարակության հարց է, հաճախ ծնողները հետեւողական չեն լինում: Երեխաներին աչքաթող են անում: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դա տարիքային այնպիսի շրջան է, որ ծնողներն ավելի ուշադիր պետք է լինեն: Դեպքեր են եղել, որ երեխան պատմել է, թե ինչպես են ծնողներն իրեն դպրոցից հանել, եւ երեխան հայտնվել է վատ շրջապատում, հետեւաբար դիմել է հանցագործության»,- նշում է Ա. Մարտիրոսյանը:
Ի դեպ, ՀՀ քրեակատարողական 12 հիմնարկներում բարեփոխումներ են կատարվում, որի շրջանակներում վերանորոգվում եւ բարեկարգվում են կալանավայրերը: Պրն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է քրեակատարողական հիմնարկների պայմանները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: