ՌԴ Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը երեկվանից արգելել է հայկական անասնապահական արտադրանքի ներկրումը, ինչպես նաեւ երրորդ երկրներից դրա տարանցումը Հայաստանի տարածքով Ռուսաստան: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի գյուղտնտեսական հսկողության բաժնի ներկայացուցիչը: «Այս որոշումն ընդունվել է՝ ելնելով Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի առկայության մասին մեր ունեցած նախնական լաբորատոր եզրակացությունից»,- նշել են ծառայությունում: Բացի այդ, «ներկայումս գործում են Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի ներկրման սահմանափակումներ, ներառյալ՝ երրորդ երկրներից տարանցիկ մատակարարումները, ինչպես նաեւ՝ Հայաստանից Ռուսաստան այն երկաթուղային վագոնների վերադարձը հացահատիկի բեռնաթափումից հետո, որոնք չեն մշակվել երրորդ կատեգորիայով»,- հավելել է վարչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՀՀ համապատասխան պաշտոնյաները երկար ժամանակ հերքում էին համաճարակի առկայությունը եւ լրատվամիջոցներին հորդորում «ավելորդ խուճապ չառաջացնել»։ Կարծում ենք, եթե այդ հորդորների փոխարեն զբաղվեին համաճարակը սաղմնային վիճակում կանխելու գործով,
իրավիճակն ավելի բարվոք կլիներ։