Ապօրինի եւ զավեշտալի

01/09/2007

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանին նախօրեին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ծանոթացնելու նրա պաշտպանյալի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությանը: Սեպտեմբերի 7-ին լրանում է Ա. Արզումանյանի կալանքի հերթական երկամսյա ժամկետը: Հ. Արսենյանն «Ազատությանն» ասել է, թե մինչեւ նոյեմբերի 7-ը կալանքը երկարացնելու համար քննչական խումբը ներկայացնում է այն հիմնավորումը, թե մոսկվաբնակ հայազգի գործարար Սաշիկ Աղազարյանը հաստատել է, որ ինքն է Արզումանյանին գումար փոխանցել, եւ քննչական խումբը միջնորդել է Ռուսաստանի Դաշնության Դատախազությանը՝ պարզել Աղազարյանի հայտարարության իսկությունը, ապա հարցաքննություններ, առերեսումներ անցկացնել, պարզել Աղազարյանի եկամուտների օրինականությունը, ինչպես նաեւ՝ թե որքանո՞վ է նա կատարել իր հարկային պարտավորությունները: Ըստ Հովիկ Արսենյանի, այս «հիմնավորումը» «ապօրինի եւ զավեշտալի» է: Փաստաբանը հիշեցրել է, որ ըստ Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 2007 թվականի ապրիլի 24-26-ը համաձայնության են եկել հետախուզման մեջ գտնվող մոսկվահայ գործարար Լեւոն Մարկոսի հետ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ, իսկ Աղազարյանի անունն առհասարակ հիշատակված չէ: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու դեպքում փաստաբանը պատրաստվում է բողոքարկել առաջադրված մեղադրանքը: Ա. Արզումանյանը կալանվել էր մայիսի 7-ին: