Մարտի 4-10-ը, նաեւ` 14-ին Վանաձորում, Լոռու մարզի դատախազության շենքի առջեւ բողոքի ցուցեր էին կազմակերպել Վանաձորի «Պրոմեթեւս-քիմպրոմ» համալիրի աշխատողները։ Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը, որոնք դատարանի որոշմամբ պիտի արդեն վաղուց մարված լինեին: Սակայն Դատական ակտերի հարկադիր կատարման Լոռու մարզային ծառայությունը կասեցրել է վճիռների կատարումը` վկայակոչելով «վերեւից» եկած համապատասխան հրահանգը։ Նշենք, որ համալիրի 50%-ը, որը «Պրոմեթեւսից» անցել է բրիտանական «Ռանսաթ» ընկերությանը, գնել էր «Հայկապբանկը», եւ արդեն մի քանի ամիս է, պետական մակարդակով խոսակցություններ էին գնում հերթական սպասվող նոր սեփականատիրոջ մասին։
Համանման վիճակում են հայտնվել նաեւ նախկին տրիկոտաժագործները, որոնց աշխատավարձերի վճարման վերաբերյալ նույնպես դատական վճիռներ են կայացվել, սակայն այդ վճիռների իրագործումն անհնար է դարձել «Տրիկոտաժ» ՓԲԸ սնանկացման պատճառով, քանի որ ձեռնարկության լուծարումից հետո գույքի աճուրդ-վաճառքից գոյացած միջոցներով հնարավոր չի եղել փակել աշխատավարձերի պարտքը։ Տրիկոտաժագործներն առայժմ բողոքի ցույց չեն կազմակերպում։