Ապացուցել անապացուցելին

01/09/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Արդեն մոտ չորս ամիս ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը կալանավորված է։ Նրա գործով զբաղվող Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների առջեւ երկու խնդիր է դրված։ Առաջին՝ ապացուցել, որ Արզումանյանը զբաղվել է անօրինական ճանապարհով ստացված փողերի լվացմամբ։ Երկրորդ՝ առաջինն ապացուցելով՝ ապացուցել, որ քաղաքական հարուստ կենսագրություն եւ ընդդիմադրի անթաքույց կեցվածք ունեցող գործիչը քաղաքական բանտարկյալ չէ։

Գործի քննության ընթացքը գաղտնի է, բայց արդեն պարզ է մի բան, որ Արզումանյանի ընկերը՝ Ալեքսանդր Աղազարյանը հայտարարել է, թե օգնության նպատակով ինքն է գումար տվել Արզումանյանին, եւ, որ իր տված գումարը միանգամայն օրինական է։ Եթե սա համարվում է անօրինական փողերի լվացում, ուրեմն մեր հանրապետության քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը պետք է հայտնվի բանտերում, քանի որ, հայտնի է, որ մարդիկ բարգավաճող մեր երկրում հիմնականում գոյատեւում են արտասահմանում ապրող կամ աշխատելու նպատակով այնտեղ հայտնված ազգականների ուղարկած օգնությամբ։

Հայտնի է նաեւ, որ արտասահման աշխատելու մեկնած մեր հայրենակիցների մի մասն այնտեղ զբաղվում է, մեղմ ասած, ոչ այնքան քրտնաջան աշխատանքով։ Վերջերս հաճախ է գրվում մեծ խանութներից կատարվող գողությունների, բանկային քարտերով արվող մեքենայությունների, ռեկետի ու նման բաների մասին։ Բայց դրսից օգնություն ստացող մեր համաքաղաքացիներից շատերն, ում կարծիքով՝ իրենց ազգականները զբաղված են քրտնաջան աշխատանքով, չեն էլ կասկածում, որ ստացված գումարը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով։ Այստեղ եւս պետք է ապացուցել անապացուցելին։

Բայց մեր իրավապահ մարմինները չեն զբաղվում դրսից օգնություն ստացող քաղաքացիներով ոչ այն պատճառով, որ բարեգութ են սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդկանց հանդեպ, այլ՝ որովհետեւ այս հանցատեսակի բացահայտման դեպքում կարեւոր է, որ պասիվ կողմը՝ ստացողն, անպայման իրազեկ լինի ստացված դրամական կամ նյութական միջոցների ծագմանը։ Մի խոսքով, եթե ինձ գողացված ժամացույց են նվիրում, դա դեռ չի նշանակում, որ ես գող եմ, պետք է ապացուցել, որ տեղյակ եմ եղել ինձ հասած ապրանքի գողացված լինելուն։

Լվացվող փողերի անօրինական ծագումն ապացուցելը ծանր հետաքննչական աշխատանք է՝ պետք է հավաքել փաստաթղթեր, պետք է ձեռք բերել ցուցմունքներ եւ ապացույցներ, ինչը, մեղմ ասած, մեր իրավապահների ուժերից վեր է։ Մերոնք սովոր են հարցը փակել անօրինական զենքով, ինչպես վարվեցին Ժիրայր Սէֆիլյանի դեպքում, կամ անթույլատրելի միջոցներով ինքնախոստովանություններ կորզելով, ինչպես անում են շատ ու շատ քաղաքացիների հետ։

Որքան ինձ հայտնի է, Արզումանյանի բնակարանը խուզարկելիս անօրինական զենք չի հայտնաբերվել։ Իսկ ինքնախոստովանության փոխարեն՝ «կասկածյալը» պահանջել է առերեսում Լեւոն Մարկոսի հետ, ում ենթադրյալ անօրինական փողերն է իբր լվացել։ Այս վերջինն արդեն վեր է ոչ միայն քննիչների, այլեւ ՀՀ իշխանությունների ուժերից, որովհետեւ Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող Լեւոն Մարկոսն ազատորեն ման է գալիս Մոսկվայում, շփվում ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, եւ ցանկության դեպքում նրան կարող է հանդիպել ամեն ոք, բացի հայ իրավապահներից։

«Հայկական Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանն ասել է, թե ԱԱԾ-ում իրեն եւ իր պաշտպանյալին արդեն տեղեկացրել են, որ պատրաստվում են դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան՝ կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությամբ։ Փաստաբանը կարծում է, թե դատավորները խույս են տալու այս գործից, իսկ նրանցից ամենադժբախտը հայտնվելու է հիմար վիճակում, բայց, իմ կարծիքով, դատարանը չի մերժելու միջնորդությունը եւ ոչ մի դատավոր չի հայտնվելու անհարմար վիճակում։

Մեծ հաշվով այս փուլում դատարանն ապացուցելու բան չունի։ Միակը, ինչ կարող է ապացուցել դատավորը, գործը պատվիրողների ու պատվերը կատարողների անճարակությունն է։ Ինչո՞ւ պետք է դատավորը վատություն անի քննիչներին կամ հակառակը՝ ինչո՞ւ պետք է լավություն անի նրանց՝ հարվածի տակ դնելով իր կարիերան։

Ընկերները, համախոհները, քաղաքացիական ակտիվ կեցվածք ունեցող մարդիկ ուզում են ազատ տեսնել Ալեքսանդր Արզումանյանին, բայց ամենից շատ, կարծում եմ, նրա ազատությունն են փափագում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն, ովքեր հայտնվել են հիմար վիճակում։ Որքան դժվարանում է անօրինական փողերի լվացման գործը դրստելը, այնքան բարդանում ու գրեթե անհնար է դառնում ապացուցելը, թե Արզումանյանը քաղբանտարկյալ չէ։ Ժամանակն էլ չի աշխատում երկու անապացուցելի բան ապացուցել փորձող ԱԱԾ-ականների օգտին։ Մոտենում են նախագահական ընտրությունները, եւ Արզումանյանի քաղբանտարկյալ լինելն ավելի ու ավելի հստակ է դառնում։