Ոչ բոլոր փայլող իրերն են ոսկի:
Ոչ բոլոր «Ժառանգություն»-ներն են նոտարով հաստատված
Անհայտ ժողովրդի ասացվածք
Այն, որ հայաստանյան ընդդիմությունը դառնալու է անեկդոտի թեմա (հերոսին ընտրեք ինքներդ` Պոլոզ Մուկուչ, շպիոն Օնիկ, Շտիռլից, ապարանցի եւ այլն), պարզ էր դեռեւս մայիսի 12-ից անմիջապես հետո: Սակայն ամեն ինչ, ինչպես ասում են, չափի մեջ է գեղեցիկ: Այս մասին թերեւս ամենալավը պետք է որ իմանար իրեն չափավոր եւ ցիվիլ-ամերիկյան համարող Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց եթե ուշադիր հետեւենք պարոն Հովհաննիսյանի քաղաքական ուղու մի քանի էպիզոդներին, ապա կհամոզվենք, որ նրա չափավորությունը սահմանափակվում է միայն ներքաղաքական շփումներով: Ստացվել է այնպես, որ արտաքին քաղաքականության մեջ ավելի ծայրահեղ քաղաքական գործիչ, քան նա, վերջին 17 տարիների ընթացքում Հայաստանում չի եղել: Դեռ 1991թ. պարոն Հովհաննիսյանը, լինելով ՀՀ արտգործնախարար, Ստամբուլում մասնակցելով միջազգային գագաթաժողովին, բավականին կտրուկ հայտարարություններ էր արել Ցեղասպանության հարցի շուրջ, ինչը միջազգային ասպարեզում դիվանագիտական նման բարձրաստիճան այրերի համար սովորաբար անթույլատրելի է: Իսկ երեկ պարոն Հովհաննիսյանն, արդեն որպես ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցության ղեկավար, հանդես է եկել բավականին անսպասելի օրենսդրական նախաձեռնությամբ, ԱԺ քննարկմանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության օրենքը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին»: Սա միայն երկու բան կարող է նշանակել.
1. Պարոն Հովհաննիսյանը լավ չի պատկերացնում այդ օրենքի ընդունման հետեւանքները (պատահական չէ, որ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոչ էլ անգամ ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների օրոք այդ հարցը չի բարձրացվել): Այս պարագայում ստացվում է, որ մենք գործ ունենք հերթական ոչ պրոֆեսիոնալ պատգամավորի (քաղաքական գործչի) հետ:
2. Պարոն Հովհաննիսյանն իր վրա է վերցնում ԼՂՀ հիմնախնդրի շուրջ միջազգային ատյաններին դիմագրավելու եւ շանտաժ անելու՝ իշխանությունների «սեւ գործը»: Այստեղ արդեն խաղը գնում է բավականին պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Պարզապես ընդդիմադիր լինելու փաստը փոքր-ինչ կասկածելի է դառնում:
Իհարկե, անձամբ ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանը գործում է երկրորդ վարկածի համաձայն, որովհետեւ նրա պրոֆեսիոնալիզմը կասկած չի հարուցում: Ինչ վերաբերում է նրա ընդդիմադիր լինելուն, ապա կարծում եմ, որ թեեւ պարոն Հովհաննիսյանն արդեն բավականին երկար է բնակվում Հայաստանում, սակայն այդպես էլ չսովորեց տարբերել ամերիկյան դեմոկրատներին ու հանրապետականներին` հայաստանյանից: Այս կապակցությամբ կուզենայի վերլուծել պարոն Հովհաննիսյանի անհաջողությունը թիվ 15 ընտրատարածքում (Թալինում) օգոստոսի 26-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով կայացած ընտրություններին, որտեղ նա 1220 ձայնով գրավեց չորրորդ տեղը: Վերջին օրերին ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձան այդ ընտրություններին: Սակայն ոչ մեկն այդպես էլ չնկատեց մի մանրուք` մայիսի 12-ի ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը (որի ղեկավարն է պարոն Ր. Հովհաննիսյանը) այդ նույն ընտրատարածքում հավաքել էր 2022 ձայն: Եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ պարոն Հովհաննիսյանը չէր հասցրել անձամբ ձեռքով բարեւել թիվ 15 ընտրատարածքի բոլոր բնակիչներին եւ առանձին-առանձին բոլոր ընտրողներից հարցնել՝ տե՞ր են, թե՞ ոչ, իսկ այս անգամ այդ հնարավորությունը նա ուներ, ապա ստացվում է շատ պարադոքսալ մի պատկեր` գարնանը շատ ավելի քիչ աշխատելով ընտրողների հետ, պարոն Հովհաննիսյանը երկու անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան հիմա: Այս փաստն իր հերթին եւս կարող է երկու վարկած ունենալ.
ա) Այս 3.5 ամիսների ընթացքում թիվ 15 ընտրատարածքի բնակիչները խոսքերիս հեղինակի նման համոզվել են, որ պարոն Հովհաննիսյանն ամենեւին էլ ընդդիմադիր չէ, եւ տեր չէ իր տված նախընտրական խոստումներին (թեպետ պարոն Հովհաննիսյանը ոչ թե ինքն էր ուզում տեր լինել, այլ ընտրողներից էր պահանջում),
բ) ԶԼՄ-ներում բազմաթիվ անգամ ակնարկված այն լուրերը, որ մայիսի 12-ին «Ժառանգության» համար եւս ընտրակաշառք է բաժանվել` համապատասխանում են իրականությանը:
Սրանք, իհարկե, ընդամենը փոքր էպիզոդներ են: Կա մի շատ մեծ հարց` տեսնես պարոն Հովհաննիսյանը Խաչիկ Մանուկյանին քարտուղարի միջոցո՞վ է շնորհավորել, թե՞ անձամբ: