Քաղաքականության եւ պոպուլիզմի միջեւ

01/09/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Թալինի թիվ 15 ընտրատարածքում պատվավոր չորրորդ տեղը զբաղեցնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ. պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայտնի չէ միայն՝ պատվավոր չորրորդ տեղը զբաղեցնելու փաստը նոր լի՞ցք է հաղորդել պրն Հովհաննիսյանին, թե՞ իր այդ քայլով նա վրեժ է լուծում իշխանություններից՝ «մրցանակային եռյակից» դուրս մնալու համար, բայց փաստը մնում է փաստ՝ հերթական «ազգանվեր ձեռնարկը» կատարված է։

Ինչեւէ, անդրադառնանք Ղարաբաղը ճանաչելու խնդրին։ Այս հարցը երկու «շերտ» ունի. քաղաքական եւ պոպուլիստական։ Նախ՝ քաղաքականի մասին։

Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը լրջագույն քաղաքական սխալ կլիներ։ Դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ Ղարաբաղի հարցում խիստ տարբեր քաղաքականություն իրականացնող նախկին եւ ներկա իշխանություններն այս հարցում միակարծիք են, եւ հենց դա է պատճառը, որ ոչ նախկինները, ոչ ներկաները երբեք այդ հարցը լրջորեն չեն քննարկել։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ քայլով հետագա բանակցությունները պարզապես անիմաստ կդառնային (համենայն դեպս՝ Մինսկի խմբի շրջանակներում), եւ պատերազմի վերսկսման հավանականությունը կտրուկ կմեծանար։ Օրենսդրական նախաձեռնության մեծագույն թերությունը դա չէ, այլ այն «փոքրիկ նրբերանգը», որ ԼՂՀ-ն ճանաչելով՝ Հայաստանը ստիպված պիտի լինի նաեւ հստակեցնել, թե կոնկրետ ինչ սահմաններով է ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այլ կերպ ասած, եթե մենք ճանաչում ենք Ղարաբաղը որպես անկախ պետություն, պիտի հստակ գիտակցենք, որ անկախ պետությունները վիրտուալ տարածքներ կամ «տեսլականներ» չեն եւ ունենում են հստակ սահմաններ (կարծում ենք, Կալիֆոռնիայի համալսարանը կկիսի մեր այս տեսակետը)։ «Թարսի պես» էլ, ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակել է 1991թ. սեպտեմբերի 2-ին, եւ կոնկրետ տարածքներ է նշել. նախկին ԼՂԻՄ-ը եւ Շահումյանի շրջանը (հասկանալի է, որ Լաչինը եւ ազատագրված մյուս շրջանները չի նշել, որովհետեւ այն ժամանակ դրանք ազատագրված չէին)։ Հետեւաբար, Հայաստանը հիմա պիտի ճանաչի կամ այդ ԼՂՀ-ն, կամ հայտարարի, որ Հայաստանը ճանաչում է ԼՂՀ-ն՝ «հըլը մի բան էլ ավել»։ Համաձայնեք, որ այս քննարկումները, մեղմ ասած, չեն բարձրացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը։

Հասկանո՞ւմ է արդյոք այս ամենը Րաֆֆի Հովհաննիսյանը։ Անշուշտ։ Մարդը Կալիֆոռնիայի համալսարանն է ավարտել, ՀՀ արտգործնախարար է եղել, եւ անկասկած, շատ-շատերից ավելի լավ է պատկերացնում այս նրբերանգները։ Ուրեմն ինչո՞ւ է հանդես եկել նման օրենսդրական նախաձեռնությամբ։ Սա հասկանալու համար անդրադառնանք հարցի երկրորդ՝ պոպուլիստական «շերտին»։

Բանն այն է, որ հասարակության մի զգալի մասն այս օրենսդրական նախաձեռնությունն ընկալելու է մոտավորապես այսպես. «Դե հալա՛լ ա, էլի, Րաֆֆի Հովհաննիսյանին։ Իսկական հայրենասերը ի՛նքն ա, մենակ ինքն ա Ղարաբաղի մասին մտածում, մյուսները մենակ ջուր են ծեծում, սաղ նույն սանրի կտավն են։ Լենկթեմուրի վախտ իրա նման պրեզիդենտ ունենայինք՝ հիմա Դուբայը մերն էր»։ Չէ, կատակ չենք անում, պարզապես այդ նախաձեռնությունը որեւէ այլ ձեւով բացատրել հնարավոր չէ։ Ուրիշ ի՞նչ իմաստ կարող է ունենալ մի նախաձեռնություն, որը նախ՝ հաստատ չի ընդունվի, եւ երկրորդ՝ եթե հանկարծ ընդունվի, վատ կլինի Հայաստանի համար։

Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ինքն իրեն նման շքեղություններ թույլ տալ։ Միեւնույն է՝ գիտի, որ իր առաջարկը չի անցնելու, եւ հանգիստ կարող է վաղն էլ, ասենք, Զիմբաբվեին պատերազմ հայտարարելու «օրինագիծ» ներկայացնել։ Զիմբաբվեին պատերազմ հայտարարելուց որեւէ օգուտ չկա՞։ Ճիշտ է։ Իսկ ի՞նչ օգուտ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելուց։ Կարեւորը հայրենասիրությունն է։ Իսկ հետեւանքների մասին թող իշխանությունները մտածեն։ Ի վերջո, ժամանակ առ ժամանակ պետք է թարմացնել քաղաքական զինանոցը, որովհետեւ, ինչպես ցույց տվեցին Թալինի ընտրությունները, «Քաղաքացի, տե՞ր ես» կարգախոսն այլեւս արդիական չէ։ Հիմա պետք է հարցնել՝ «Քաղաքացի, ճանաչո՞ւմ ես»։ ԼՂՀ-ի մասին է խոսքը։