Օգոստոսյան արձակուրդների ընթացքում ամենակարեւոր տնտեսական իրադարձությունը, թերեւս, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներն էին: Ճիշտ այն պահին, երբ հասարակության մեծ մասը՝ նախարար ու պատգամավորից մինչեւ ուսանող ու աշակերտ, վայելում էին ամառային արձակուրդները, վիճակագիրներն ամփոփեցին մեր տնտեսությունը: Հրապարակվեցին այս տարվա առաջին կիսամյակի հիմնական տվյալները: Դրանցում արտառոց ոչինչ չկար: Մեր տնտեսությունը շարունակում է աճել: Աճում է վերջին տարիներին բնորոշ ու անհողդողդ երկնիշ թվերով: Տպավորություն է ստեղծվում, որ մեր տնտեսությունը 10-12 տոկոսանոց աճի մշտական է հանել: Մշտական են նաեւ տնտեսության բոլոր ոլորտների տվյալները: Արդյունաբերությունն էական աճ չի արձանագրում: Գյուղատնտեսությունը «բավարարվում» է իր փայ 1-2 տոկոսանոց աճով: Մեր վիճակագիրները գյուղատնտեսության աճն արձանագրում են անկախ բնակլիմայական պայմաններից: 1-2 տոկոսանոց աճի հրապարակումը պարտադիր է անկախ այն փաստից՝ տարին նպաստավո՞ր է, թե՞ ոչ: Անգամ շինարարությունն է կայունացել: Պաշտոնապես այս ոլորտը շարունակում է աճել, բայց ոչ նախկինի նման թռիչքաձեւ: Աճի տեմպերն իհարկե մնում են բարձր՝ 19 տոկոս: Շինարարությունը, առեւտրի ու ծառայությունների ոլորտներն են, որ ապահովում են հանրահայտ երկնիշ աճը: Մասնավոր ու պետական շինարարությունների թափը ակնհայտ կբավարարի, որ տարեվերջին էլ երկնիշ աճ արձանագրվի: Անկախ այն փաստից, որ տնտեսության մյուս ոլորտները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ էներգետիկան շարունակում են չաճել: Բայց հենց այս փաստն էլ պայմանավորում է այն անբնական (կամ՝ անբանական) վիճակը, որ արձանագրվում է արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում: Այստեղ 4 տոկոսից ավելի աճ է արձանագրվել: Արտաքին ապրանքաշրջանառությունը ռեկորդային է եւ արտահանվել ու ներմուծվել է 2 մլրդ 263 մլն դոլարի ապրանք: Արտահանումները կազմել են մոտ 631 մլն դոլար, իսկ ներմուծումները՝ 1632 մլն դոլար: Այս մեծ թվերի մեջ ադամանդագործության մասնաբաժինը համեստ է՝ 200 մլն դոլարից պակաս: Որպեսզի պարզ դառնա, թե Հայաստանից արտահանվող ապրանքների իրական ծավալը հրապարակված 631 մլն դոլար ցուցանիշն անհրաժեշտ է նվազեցնել մոտ 100 մլն դոլարով: (Նույնն է պետք անել ներմուծումների իրական պատկերն արձանագրելու համար): Անգամ առանց դրա էլ պաշտոնական վիճակագրությունից ակնհայտ է, որ արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում բացասական միտումները խորանում են: Հայաստանն արտահանում է 2,5 անգամից ավելի պակաս արժեքի ապրանքներ, քան ներմուծում է: Այսինքն՝ մենք շարունակում ենք ավելի շատ տարադրամ ծախսել, քան աշխատում ենք: Հասկանալի է, որ ներմուծվող ապրանքները մեզ վարկով կամ պարտքով չեն տրվում: Դրանց դիմաց կայուն տարադրամ է վճարվում: Այն նույն տարադրամը, որ երկիր են բերում աշխատանքի արտասահման (խոպան) մեկնածները եւ մշտական բնակչության մեկնածների տրանսֆեր կոչված օգնությունները: Զբոսաշրջիկների «ներմուծած» տարադրամը ծավալով մեծ չէ, եւ այն չի կարելի դիտարկել որպես տարադրամի կուտակման էական միջոց: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջիկները միջինն օրական 50 դոլարից պակաս են ծախսում: Երկրորդ փաստն ավելի զորեղ է, քան պաշտոնական վիճակագրությունը: Վերջին տարիներին անընդհատ նույն փաստն է արձանագրվում: Զբոսաշրջության ամենամեծ ծավալը բաժին է ընկնում օգոստոսին: Բայց նրանց ծախսած տարադրամը ֆինանսական շուկայի վրա որեւէ հետեւանք չի թողնում: Այսինքն՝ տարադրամի ենթադրյալ առաջարկի աճն էական չէ: Ավելին, ամեն տարի օգոստոս ամսին հակառակ պատկեր է արձանագրվում: Օգոստոսին դոլարն արժեզրկվելու փոխարեն արժեւորվում է: Այս կայուն միտումը, կարծես, պաշտոնական բացատրություն չունի: Այն շարունակում է մնալ մեր տնտեսության անբացատրելի կողմերից մեկը: Ճիշտ այնպես, ինչպես անբացատրելի է մնում այն, թե ինչպես է տնտեսությունը երկնիշ աճում առանց էլեկտրաէներգիայի արտադրության աճի: Բայց դա փույթ չէ: Պաշտոնապես աճում է ամեն ինչ: Նույնիսկ աշխատավարձերը: Առանձնահատուկ քնքշությամբ մեր վիճակագիրներն արձանագրել են, որ բյուջետային համակարգում աշխատավարձերն ամսեամիս աճում են հունվարի 49 հազար 940 դրամի դիմաց՝ հուլիսին դառնալով 53 հազար 230 դրամ: Ինչի՞ հաշվին, պարզ չէ, բյուջետային աշխատավարձերի բարձրացման պաշտոնական ոչ մի որոշում որեւէ ամսի համար չի հրապարակվել: Ամառային ամիսներն առանձնահատուկ սիրելի են: Հատկապես Կենտրոնական բանկի ու վիճակագիրների համար: Ոչ միայն այն պատճառով, որ դրանք արձակուրդների շրջան են: Հուլիս-օգոստոսին գյուղմթերքներն էժանանում են: Այս փաստը ԿԲ-ին հնարավորություն է տալիս ասելու, որ գնաճի ոլորտում ամեն ինչ կարգին է ու վերահսկելի: Իսկ վիճակագիրներն էլ պաշտոնապես գների նվազում են արձանագրում: Սույնով ապահովվում է տնտեսական հետաքրքիր վիճակագրություն: Տնտեսությունն աճում է, իսկ գները նվազում: Համարյա հովվերգական պատկեր է: Ափսոս, որ խորհրդային գաղափարախոսության տպավորություն է թողնում: