Դրական տեղաշարժի միտումներ

01/09/2007

Ինչպես հայտնի է, մեր երկրի առողջապահական համակարգում ընթացքի մեջ է ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրման գործընթացը: Մեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ այդ գործընթացն իրականացվում է հասարակության զգալի մասի կատարյալ անտեղյակության պայմաններում եւ մեծապես հենց դրա պատճառով բնակիչների կողմից իրենց ընտանեկան բժիշկներին ընտրելու գործընթացը վերածվել է շիլաշփոթի եւ ուղեկցվում է ՀՀ-ում տեղի ունեցող ընտրություններին բնորոշ բոլոր կեղտոտ տեխնոլոգիաներով: Որպես օրինակ՝ նշել էինք Տավուշի մարզի Դիլիջան քաղաքն ու հարակից գյուղերը, որտեղ մարդկանց իրազեկվածության մակարդակը չափազանց ցածր է (հանրապետության մյուս բնակավայրերում եւս իրավիճակը գրեթե նույնն է): Եվ ահա նախորդ օրերին այս հարցում որոշակի փոքր, բայց դրական տեղաշարժեր են արձանագրվել: Երեկ «ԱրմենՏելի» ու «Վիվա Սելլի» բոլոր բաժանորդները հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություններ էին ստանում. «Այցելեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, գրանցվեք ձեր նախընտրած բժշկի մոտ: Օգտվեք անվճար առաջնային բուժօգնություն ստանալու իրավունքից»: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր նշած տարածաշրջանին, այնտեղ եւս կարծեք թե որոշակի դրական տեղաշարժերի միտում կա: Չնայած այս ամենին, վիճակը դեռեւս հեռու է բավարար լինելուց. հասարակության զգալի մասը չգիտի ներդրվող համակարգի մասին, իսկ բժիշկներ ընտրելու գործընթացը դեռեւս ընթանում է, այսպես ասենք, ոչ այնքան ազնիվ ու հաճելի մթնոլորտում: