Գիտական կենտրոնի տեղում՝ էլիտար շե՞նք

01/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մեր տեղեկություններով՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը մտադրություն ունի սեփականացնել համալսարանի լաբորատորիայի մասնաշենքը:

Յոթհարկանի այդ հսկա շենքը Մ. Հերացի փողոցի կողմից գտնվում է համալսարանի անմիջական հարեւանությամբ: Այդտեղ են տեղակայված համալսարանի գիտական կենտրոնը եւ մի քանի ամբիոններ: Մեր տեղեկություններով՝ տիկին Քյալյանը մտադիր է այդ շենքը վթարային ձեւակերպել, որպեսզի կարողանա ցածր գնով այն սեփականացնել: Մեր աղբյուրները հաղորդում են, որ սեփականացնելուց հետո, ամենայն հավանականությամբ, ռեկտորը կքանդի այդ շենքը, որպեսզի իր ամուսինը տեղում էլիտար շենք կառուցի: Ըստ մամուլի հրապարակումների, Գոհար Քյալյանի ամուսինը՝ Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ միասին Երեւանում էլիտար շենքեր է կառուցում: Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ՝ Բժշկական համալսարանի ենթակայությանն է անցել Հալաբյան փողոցի վրա գտնվող «Շրջակա միջավայրի հիգիենայի եւ կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտը»: Այս ինստիտուտի տնօրենը Գ. Քյալյանի ամուսնու հայրն էր՝ Ալբերտ Մայրապետյանը: Հիմա բժշկական համալսարանի ռեկտորը որոշել է համալսարանի գիտահետազոտական կենտրոնի աշխատակազմին տեղափոխել այս ինստիտուտ: Ընդ որում, գիտահետազոտական ինստիտուտի շենքը գտնվում է շատ անմխիթար վիճակում, եւ ըստ մեր աղբյուրների` տիկին Քյալյանը ցանկանում է վերանորոգել այն: Իսկ ինչ վերաբերում է գիտահետազոտական կենտրոնին, ասում են, որ աշխատանքների կամ գիտափորձերի առումով այնտեղ հիմա «մեռյալ վիճակ» է տիրում: Ռեկտորն իր գալուց անմիջապես հետո այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ամբողջ գիտական կենտրոնը հայտնվել է անգործունյա վիճակում: Գիտաշխատողները վախենում են, թե տիկին Քյալյանն այդ վիճակը հատուկ է ստեղծել, որպեսզի հետո կենտրոնը լուծարելու հիմնավոր պատճառ ունենա, ասելով, թե իբր «գիտական կենտրոնը գործ չի անում»: Նշենք, որ Գ. Քյալյանն իր գալուց անմիջապես հետո մի անգամ լուծարել է այդ կենտրոնը, հետո վերաբացել է՝ կրճատելով աշխատողների դրույքաչափերն ու աշխատավարձերը: Հիմա կարծես թե պատրաստվում է երկրորդ փուլին: Իսկ կենտրոնի աշխատակիցները չգիտեն, թե առաջիկայում իրենց ինչ է սպասվում՝ երբ են տեղափոխվելու գիտահետազոտական ինստիտուտի շենք, կամ էլ առհասարակ կենտրոնը գործելո՞ւ է, որ իրենք էլ մտածեն հետագա աշխատանքի մասին: Այս եւ Բժշկական համալսարանին վերաբերող այլ հարցերի մասին մենք փորձեցինք տեղեկություն ստանալ տիկին Քյալյանից, սակայն մեր ջանքերն ապարդյուն անցան: Նա միշտ տեղում չէր, իսկ բջջային հեռախոսն էլ չէր պատասխանում: Մեզ հաջողվեց միայն շենքի վիճակի եւ տեղափոխվելու մասին որոշակի տեղեկություն ստանալ համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Բորիս Խուդավերդյանից: «Ոչ, նման բան չկա, նորմալ շենք է»,- մեզ հեռախոսով պատասխանեց պարոն Խուդավերդյանը: Բ. Խուդավերդյանը, սակայն, հաստատեց, որ մտադրություն կա համալսարանի գիտական մասը տեղափոխել գիտահետազոտական ինստիտուտ։ «Բայց դեռ կազմակերպչական շատ խնդիրներ կան լուծելու»,- ասաց պրոռեկտորը: Իսկ ինչո՞ւ տարանջատել բուհի կառույցները, այն դեպքում, երբ գիտական կենտրոնն իր շենքն ունի, որը վթարային չէ եւ գտնվում է Համալսարանի կենտրոնական մասնաշենքի անմիջական հարեւանությամբ: Այդ դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ բուհի կեսը տեղակայված է Երեւանի կենտրոնում, իսկ մյուս կեսն էլ՝ Աջափնյակ համայնքում: Պարզ է, որ նման դեպքերում այս կառույցների աշխատանքները պակաս արդյունավետ կլինեն, եթե, իհարկե, գիտական կենտրոնը երկար կյանք ունենա: «Իսկ ի՞նչ վատ է, որ համալսարանն ընդլայնվում է»,- հարցին հարցով պատասխանեց պրոռեկտորը: Իհարկե, լավ կլիներ, որպեսզի տիկին Քյալյանը մեր հարցերին պատասխաներ:

Վերջում տեղեկացնենք նաեւ, որ մեզ ահազանգող քաղաքացիների հավաստմամբ՝ Գ. Քյալյանն արդեն լաբորատորիայի շենքի առաջին հարկը վարձով է տվել շինարարական այն կազմակերպությանը, որը Համալսարանի տարածքում աշխատանքներ է իրականացնում: