«Ռոյալ Արմենիայի» գործը վերսկսվեց

01/09/2007

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը երեկ հետախուզում է հայտարարել եւ կալանքի որոշում կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի նկատմամբ:

Գ. Հակոբյանը եւ ընկերության համասեփականատեր Արամ Ղազարյանը մեղադրվում էին մաքսանենգության, խարդախության, փողերի լվացման, հարկեր եւ տուրքեր վճարելուց խուսափելու մեջ: Ընկերության ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է այն ժամանակ, երբ նրանք հրապարակավ հայտարարեցին, թե Մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) իրենցից կաշառք է պահանջել: Ընկերության ղեկավարները պնդում էին, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, եւ ՄՊԿ-ի պատվերն է: Հուլիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանը որոշեց արդարացնել Գ. Հակոբյանին եւ Ա. Ղազարյանին: Սակայն կարճ ժամանակ անց ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոքարկեց այդ վճիռը՝ գտնելով, որ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարները պետք է ազատազրկում կրեն, իսկ նրանց ներկայացված մեղադրանքները պետք է ուսումնասիրվեն: Գործի քննությունը վերսկսվեց, իսկ երեկ քրեական գործերով վերաքննիչ դատարանը հետախուզում հայտարարեց Գագիկ Հակոբյանի նկատմամբ՝ բավարարելով Գլխավոր դատախազության մեղադրողների միջնորդությունը: Այս հանգամանքը հաստատում է տարածված այն կարծիքը, թե պետական իշխանությունները հաշվեհարդար են տեսնում իրենց չենթարկվող ցանկացած գործարարի կամ պաշտոնյայի նկատմամբ: Հիշեցնենք նաեւ, որ Պ. Օհանյանի վճռից անմիջապես հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր ունեցել դատարանների նախագահների հետ: Մամուլում հրապարակում եղավ, թե նա պահանջել է իշխանությունների հետ չհամաձայնեցրած որոշումներ այլեւս չկայացնել: Եվ ահա «Ռոյալ Արմենիայի» դատավարությունը նորից սկսելու գործն իր վրա վերցրեց ՀՀ Գլխավոր դատախազությունը:

Իսկ «Ռոյալ Արմենիայի» իրավաբան Գեւորգ Մինասյանը տեղեկացրեց, որ Գ. Հակոբյանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ բուժման նպատակով հիմա գտնվում է Իսպանիայում: Ընդ որում, դատից մեկ օր առաջ փաստաբան Աշոտ Սարգսյանը դատարան էր ներկայացրել Գ. Հակոբյանի դիմումը, որով նա խնդրում է մեկ ամսով հետաձգել դատը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա խնդրել է տեղեկացնել, որպեսզի ինքն ընդհատի բուժումը եւ շտապ վերադառնա: Դիմումի մեջ Գ. Հակոբյանը նշել էր իր հասցեն եւ հեռախոսահամարը: Դատարանն այդ դիմումը հիմք չի ընդունել եւ չի փորձել նրան տեղեկացնել դատը շարունակելու մասին, սակայն բավարարեց Դատախազության միջնորդությունը եւ հետախուզում հայտարարեց` կալանքի որոշում կայացնելով: Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 11-ին: