Երբ գալիս է սեպտեմբերը

01/09/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ահազանգ-1

Ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս ուսումնական տարվա մեկնարկին հանրակրթական դպրոցներում կատարվող կոռուպցիոն երեւույթների մասին ահազանգերը շատանում են: Թեեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության եւ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ դպրոցներում դրամահավաքը կատարվում է կամավոր սկզբունքով, այդուհանդերձ, խմբագրության ահազանգերը փաստում են, որ դպրոցականներին ստիպում են այս կամ այն առիթով գումար հավաքել:

Օրերս «168 Ժամ» թերթի խմբագրությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ Էրեբունի համայնքի թիվ 68 դպրոցում զավեշտի հասնող դրամահավաք է սկսվել: Մեզ զանգահարողը նույն դպրոցի աշակերտներից մեկի մայրն էր, ով հասկանալի պատճառներով չցանկացավ իր անունը հրապարակել, սակայն տեղեկացրեց, որ դպրոցում անհավանական իրադարձություններ են տեղի ունենում: Նրա հավաստմամբ` դպրոցի մանկավարժական կազմն ակտիվ կերպով լծվել է յուրաքանչյուր աշակերտից 6000 դրամ գումար ստիպողաբար հավաքելու գործին: Տիկնոջ խոսքերով` երեխաներից գումարը հավաքագրվում է, որպեսզի դպրոցի տնօրենն ավտոմեքենա գնի: Նա նաեւ տեղեկացրեց, որ, քանի որ ինքը չի կարողացել անհրաժեշտ գումարը տալ, ծնողական ժողովի ժամանակ դասղեկն ասել է` «Ի՞նչ եք մտածում գումարի համար, ձեր փոխարեն ես եմ տվել: Փողն անպայման պիտի տաք, որովհետեւ իմ գրպանից եմ այն դրել»: Տիկնոջ խոսքով՝ իր երեխային աշակերտներից մեկը գումարը չվճարելու համար ծաղրել, ամոթանք է տվել, ինչից հետո նրա ամուսինը վիճաբանել է երեխայի համադասարանցու հոր հետ, ասելով՝ «Ամոթն ո՞ւմ եք տալիս` ի՞նձ, որ փող չեմ տվել, թե՞ ամոթը քեզ ա, որ տնօրենի համար մեքենա ես առնում»: Խմբագրություն զանգահարած տիկինը մեզ ասաց, որ ամուսինն իրեն արգելել է դպրոցում հավաքագրվող գումարի մասին լրատվամիջոցներին տեղեկացնել, սակայն ինքն, այնուամենայնիվ, մեզ խնդրեց հետամուտ լինել այս հարցին: Մենք կապվեցինք թիվ 68 դպրոցի տնօրեն Սուսաննա Ազիզյանի հետ, ով բավականին բարեհամբույր պատասխանեց մեր հեռախոսազանգին: Սակայն, երբ հարցրեցինք, թե ինչո՞ւ են աշակերտներից փող հավաքում իր համար մեքենա գնելու նպատակով, տիկին Ազիզյանը խիստ զայրացավ: Բացի այդ, նրա վերաբերմունքից ակնհայտ էր, որ այս հարցադրումը նրա համար անակնկալ չէր: «Նախ՝ ես արդեն գնել եմ «Մերսեդես-կուպե» մեքենա: Ես ձեր հարցերին չեմ պատասխանի, մինչեւ որ գրավոր դիմում չներկայացնեք: Օդից վերցրած ահազանգերին պատասխանելը նպատակահարմար չեմ գտնում: Հրաժարվում եմ պատասխանել ձեր հարցին, որովհետեւ ամեն մի անանուն զանգերի պատասխանելու ժամանակ էլ չունեմ»,- բարկացած ասաց նա` սպառնալով, որ ահազանգի մասին հրապարակում տեսնելուն պես դատի կտա հոդվածը գրող լրագրողին: Հարկ է նշել մի կարեւոր հանգամանք՝ տիկին Ազիզյանը մեր զրույցի ընթացքում չհերքեց, որ իր տնօրինության տակ գտնվող դպրոցում դրամ է հավաքվում: Այն, որ տիկին Ազիզյանն իրավունք ունի ցանկացած մեկին դատի տալ, կասկած չկա, սակայն խմբագրությունը պարտավոր է քաղաքացիների ահազանգերին ընթացք տալ, ճշտել դրանց իսկությունը: Ինչ վերաբերում է տիկին Ազիզյանին, ապա հարկ է նշել, որ նա մեծ կարողությունների տեր կին է եւ դրա կարիքը չունի: Ինչպես ինքն է ասում` «Ես շատ ապահովված եմ, ունեմ 5 առանձնատուն եւ 3 հատ էլ մեքենա»: Այս խոսքերն ասելուն պես դպրոցի տնօրենը «խոսափողը ցած դրեց»: 10 րոպե անց նա զանգահարեց մեզ եւ ցանկացավ այդ հարցի շուրջ ավելի մանրամասն խոսել՝ բացատրելով, որ իր մոտ մարդիկ կային, հետեւաբար չէր կարող ինչպես հարկն է պատասխանել: Տիկին Ազիզյանն այս անգամ սկսեց ինքը հարցաքննել, թե ո՞վ է մեզ ահազանգողը, եւ մենք ի՞նչ հիմքեր ունենք նման հարցադրում անելու համար: Այնուհետեւ, երբ տեղեկացավ, որ անկախ ամեն ինչից՝ մենք լուսաբանելու ենք այս տեղեկատվությունը՝ սպառնալիքների շարան տեղաց, ընդհուպ՝ մինչեւ անգամ՝ «Եթե ես թերթում նման բան տեսնեմ, ուրեմն՝ վայ դրա հեղինակին: Ես հենց հիմա Դատախազությունում բողոք կներկայացնեմ, ես հենց հիմա կգամ խմբագրություն, սպասե՛ք»,- խորհուրդ տվեց Ս. Ազիզյանն, ով պարբերաբար նշում էր, որ ինքն իրավական մեծ գիտելիքներ ունի: Ինչեւէ, քիչ անց խմագրություն եկավ ոչ թե տիկին Ազիզյանը, այլ՝ մի մարդ, որը ներկայացավ որպես Թիկնապահների միության նախագահ, եւ, ինչպես ավելի ուշ պարզվեց, Ս. Ազիզյանի ամուսինն էր: Վերջինս պնդում էր, որ խմբագրությունն իրավունք չունի ահազանգերին այդքան լուրջ վերաբերվել եւ նման հարցեր բարձրացնել: Դպրոցի տնօրեն տիկին Ազիզյանը, ինչպես քիչ անց պարզվեց, նույնպես եկել էր, սակայն խմբագրություն չէր բարձրացել: Մենք առաջարկեցինք պատասխանել հարցերին: Ս. Ազիզյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը նույնպես նման անանուն ահազանգեր ստանում է: Հարցին, թե՝ «Ձեզ ահազանգում են, որ ձեր դպրոցում գումա՞ր են հավաքում», նա պատասխանեց. «Չէ, հազար ու մի բան են ասում, բայց, երբ ասում ես՝ ո՞վ ես, դնում են, չեն ներկայանում»: Ս. Ազիզյանին ամենաշատը հետաքրքրում էր ահազանգողի ով լինելը, հետեւաբար եկել էր իմանալու նրա անունը եւ, թե մասնավորապես ի՞նչ ենք գրելու: Արդյոք հնարավո՞ր է, որ դպրոցում գումար հավաքագրվի, իսկ ինքը՝ տնօրենը, տեղյակ չլինի այդ մասին: Մեր այս հարցին նա պատասխանեց. «Չէ, նման բան հնարավոր չէ, տարին էլ չենք սկսել, որ փող հավաքենք»: Տիկին Ազիզյանին առաջարկեցինք հետեւյալը. «Ասում եք, որ նման բան չկա, բայց կարո՞ղ եք հայտարարել, որ, եթե դրամ է հավաքվել, ապա ծնողներին խնդրում ենք վաղը գալ եւ այդ գումարը ետ վերցնել»: Տիկին Ազիզյանն ասաց. «Չէ՛, ես հավաքած գումար չունեմ, որ նման հայտարարություն անեմ: Ես ենթադրում եմ, որ դա նույն այն բողոքական տարրն է, որն այս կամ այն պատճառով, իրավական հիմքերով ազատվել է աշխատանքից, որը մեր կառավարության պահանջն է: Եթե հոդված գնա՝ ես գործ կհարուցեմ, բայց վայ նրան, ով դատարանում չկարողացավ պարզաբանել այդ հայցը»: Տիկին Ազիզյանին վիրավորել է մեզ ահազանգողի այն «հանդուգն» քայլը, որ հարցն իր հետ ճշտելու փոխարեն՝ զանգահարել է խմբագրություն: Տիկին Ազիզյանի հավաստմամբ՝ կրճատումների արդյունքում ոմանք իր դեմ թշնամացել են եւ նմանատիպ դավեր են նյութում: Ամեն դեպքում նա նշեց. «Եթե դուք հարցնում եք, թե ճի՞շտ է, որ դրամ է հավաքվել, ապա ես ասում եմ՝ իհարկե, ճիշտ չէ: Եթե դուք լրատվություն գրեք, որի տակն անուն չլինի՝ միանշանակ դատի կտամ: Ես դատի կտամ ամբողջ խմբագրությանը եւ, եթե չպարզվեց, այն հղի կլինի հետեւանքներով»: Ամեն դեպքում տիկին Ազիզյանին տեղեկացրինք, որ համաձայն «ԶԼՄ-ների մասին» օրենքի՝ իրավունք ունենք պահպանել տեղեկատվության մեր աղբյուրի գաղտնիությունը:

Ահազանգ-2

Խմբագրությունն օրերս ահազանգ է ստացել նաեւ Արմավիրի մարզի Էջմիածնի մի քանի գյուղերի բնակիչներից: Նախ նշենք, որ դպրոցականների ծնողները որպես կանոն չեն ցանկանում ներկայանալ՝ պատճառաբանելով, որ իրենց երեխային դպրոցում կհալածեն կամ կհեռացնեն դպրոցից: Մի խումբ ծնողների անունից ներկայացող կանանց հավաստմամբ՝ Արմավիրի մարզի գյուղական համայնքներում բնակվող դպրոցականների ծնողներից շատերը բոյկոտում են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որոշումը: Բանն այն է, որ մարզպետն ինքնաբուխ որոշում է կայացրել այն մասին, որ Արմավիրի մարզի 110 դպրոցների աշակերտները նոր ուսումնական տարում պիտի դպրոցական համազգեստներ կրեն: Աշակերտների ծնողները դժգոհում են համազգեստների համար պահանջվող գումարների չափերից, ինչպես նաեւ՝ դրանք տրամադրելու անփույթ կազմակերպվածությունից: Տիկնայք մեզ հետ զրույցում վկայեցին, որ իրենց դպրոցական երեխաներին համազգեստ տրամադրելու համար յուրաքանչյուրից պահանջում են 14.000 դրամ: «Հասկանո՞ւմ եք, գյուղացու համար դա ինչ մեծ գումար է: Նոր ուսումնական տարի է, գրենական պիտույքներ, գրքեր պիտի գնենք, հազար ու մի ծախսեր ունենք, որոնք չենք կարողանում անել, ու հիմա էլ համազգեստի փող են ուզում»,- բարկացած ասում էին նրանք` տեղեկացնելով, որ մարզպետ Ա. Ղահրամանյանն ինքն իրեն որոշում է կայացրել` բոլորին պարտադրելով ենթարկվել իր որոշմանը: Ի դեպ, թե՛ մարզպետարանի Կրթության բաժնի աշխատակիցները, թե՛ դպրոցների տնօրենները եւ թե՛ մանկավարժական խորհուրդը ծնողների հետ չեն քննարկել համազգեստի հարցը: Մինչդեռ որոշումը պետք է ընդունվեր մանկավարժական, ծնողական եւ կառավարման խորհուրդների համաձայնությամբ: Մեզ ահազանգող ծնողների խոսքերով՝ Արմավիրի մարզում բոլորն էլ գիտեն, որ մարզպետը ճնշման է ենթարկում դպրոցների տնօրեններին, տնօրենները ճնշում են մանկավարժներին, իսկ մանկավարժները՝ դպրոցականների ծնողներին: Այս շղթայի տրամաբանությունը մարզի բնակիչները հետեւյալ կերպ են մեկնաբանում (վերջերս այս մասին հրապարակում եղավ նաեւ այլ լրատվամիջոցներում). «Դպրոցականներին պարտադրվող համազգեստների արդյունքում մարզպետն է հարստանում, որովհետեւ նա արտադրություն ունի, որտեղ էլ կարվում են այդ համազգեստները: Մարզպետը դպրոցականների հաշվին բիզնես է անում, բայց մի՞ թե մեր կառավարությունը չի կարող միջամտել, որ հասարակ գյուղացուն էսպես չսեղմեն: Խեղճ գյուղացին իր երեխաներին` մեկին՝ մյուսի շորերով մի կերպ մեծացնում է, հազիվ հացի փող է հասցնում իր ընտանիքին, հիմա էլ ստիպում են համազգեստ գնել: Ես չորս դպրոցահասակ երեխա ունեմ, որի՞ն հասցնեմ: Մեկին` մյուսի փոքրացած շորով մի կերպ մեծացնում եմ, հիմա ի՞նչ անեմ: Ասում են` եթե համազգեստի համար չվճարեք, երեխաներին դպրոց չենք թողնի մտնեն»: Ի դեպ, վերջինս ասում է, որ համազգեստների բաժանումը չի տարբերվում շուկայում լոլիկ վաճառելու կուլտուրայից, որովհետեւ՝ «Արկղերով ճմրթած, իրար վրա լցրած շորերը բերում են ու հաշվի չեն առնում երեխաների չափերը: Ասենք՝ 3-րդ դասարանցիների համար ստանդարտ չափով են կարում: Հիմա իմ տղան 8-րդ դասարանում է սովորում, բայց 40 համարի կոշիկ է հագնում: Պիտի երեխաներիս կանգնեցնեմ՝ հագցնեմ-հանեմ, հագցնեմ-հանեմ ու պարզ էլ չի, թե կգտնվի՞ իր չափ հագուստ: Էնքան էլ անճոռնի ու տգեղ համազգեստ է, ամոթ չէ՞, էս էլ սեպտեմբերի 1-ի նվե՞ր էր խեղճ գյուղացուն»: Կրթության եւ գիտության նախարարության Նախադպրոցական եւ դպրոցական կրթության բաժնի պետ Սամվել Պեպանյանը մեզ հետ զրույցում միանշանակ հայտարարեց, որ համազգեստ կրելու հրաման ԿԳՆ-ն չի արձակել, հետեւաբար դա պետք է արվի կամավորության սկզբունքով, ասել է թե՝ տնօրենները, մանկավարժական կազմը եւ ծնողների խորհուրդը միասին պիտի որոշեն դպրոցականների համազգեստի խնդիրը: «Նման պարտադրանք գոյություն չունի: Թե դա ինչ շարժում է` չեմ հասկանում: Մենք ստացել ենք բողոքներ թե՛ Արմավիրի մարզի բնակիչներից, թե՛ «Ժառանգություն» կուսակցությունից»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ միայն ՀՀ կառավարությունն է ի զորու այդ որոշումը չեղյալ ճանաչելու: Արմավիրի մարզում դպրոցականներին համազգեստ պարտադրելու հարցը ներկայումս քննարկվում է ՀՀ կառավարությունում եւ ԿԳՆ-ում: Տեղեկացնենք, որ «Արմենպրեսի» թղթակցին օրերս Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը տեղեկացրել էր, որ համազգեստների առաջին խմբաքանակը 10.000 օրինակով արդեն բաժանվել է որոշ դպրոցների: Եվս երկու խմբաքանակ կբաժանվի մինչեւ սեպտեմբեր: Ըստ որում, կրտսեր դպրոցում աղջիկների համար նախատեսված համազգեստը կարժենա 15.000 դրամ, իսկ տղաներինը` 12.000 դրամ, միջին դպրոցում` համապատասխանաբար 12.800 եւ 14.300դրամ, իսկ ավագ դպրոցում` 15.000 եւ 16.500 դրամ: Ահա այսպիսի բիզնես:

Ահազանգ-3

Խմբագրությունն ահազանգ է ստացել նաեւ թիվ 8 դպրոցի աշակերտների ծնողներից: Բանն այն է, որ այս դպրոցում էլ 10-րդ դասարանցիներից 500-ական դրամ են հավաքում 1-ին դասարանցիներին ողջունելու առիթով փուչիկ գնելու համար: «Աբսուրդն այն է, որ թաղապետ Գագիկ Բեգլարյանը յուրաքանչյուր աշակերտի համար տրամադրում է պայուսակ, որտեղ ամեն ինչ կա: Օրինակ՝ ամեն մեկից 500 դրամ հավաքելով, կարելի է ենթադրել, որ յուրաքանչյուր 1-ին դասարանցու ձեռքն են տալու 10 դրամ արժեցող 50 հատ փուչի՞կ»:

Հ.Գ.
«168 Ժամ» թերթը դպրոցականների ծնողներին կոչ է անում իրենցից գումար պահանջելու դեպքում դիմել խմբագրություն: Տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը երաշխավորում ենք: