Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նախագահի պաշտոնը

01/09/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այս օրերին տաքսու վարորդների քննարկման քաղաքական թեման 2008թ. նախագահական ընտրություններին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումն է: «Էդ ճի՞շտ ա, որ Լեւոնը վերադառնում ա»,- մեծ հետաքրքրությամբ հարցնում են նրանք եւ փորձում մեկնաբանել, թե Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ մտնելու դեպքում երկրում ինչ փոփոխություններ կլինեն:

«ՀՀՇ-ն մի բան ա, Լեւոնը` ուրիշ բան»

«Ճիշտն ասած, ես չեմ հավատում էդ խոսակցություններին, թե Լեւոնը գալու ա, որովհետեւ անցած ընտրությունների ժամանակ էլ մեծ աղմուկ բարձրացավ, բայց ինքը չառաջադրվեց: Ես կասեի, որ Լեւոնի շուրջ պտտվող խոսակցությունները հատուկ նպատակային են,- ասում է վարորդ Սուրենը,- ՀՀՇ-ն ընդհանրապես փրփուրներից կախվող կուսակցություն ա, որովհետեւ Լեւոնից ու Վանոյից բացի, էնտեղ շատ քիչ մարդիկ են մնացել, որոնք քաղաքական կշիռ ունեն: Քանի որ մենք երթեւեկելիս հիմնականում «Ազատություն» ենք լսում` ես ամեն օր զարմանում եմ, թե ինչքան կարելի ա ռեպորտաժ անել մի բանի մասին, որը չկա: Լեւոնի թեկնածության թեման ՀՀՇ-ի տրյուկն ա, որովհետեւ ՀՀՇ-ն իրանից բան չի ներկայացնում ու Լեւոնի անունը շոշափելով՝ ուզում ա ժողովրդին հիշացնի, որ գոյություն ունի ՀՀՇ կուսակցությունը: Ամեն ընտրություններից առաջ նույն բանը լսում ենք, բայց Լեւոնի խոսքը միշտ բացակայում ա: Հետո էլ բոլորը խոսում են, թե Լեւոնին շրջապատող մարդիկ էն ժամանակ իրան քցել են, բայց հիմա էլ են, չէ՞, քցում: Անընդհատ իրա անունը տալով ու դրա շուրջ բանավեճեր ծավալելով՝ իրա հեղինակությունն են գցում: Մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Լեւոնը որպես քաղաքական գործիչ մեր համար արժեք ա ներկայացնում, որովհետեւ իրա գնալուց հետո գոնե իրանից լավը չի եկել: Հիմա, երբ որ ամեն արժող-չարժող կանգնում իրա անունից խոսում ա` Լեւոնի հեղինակության վրա ստվեր ա գցում, որովհետեւ ով էլ խոսա` Լեւոն չի դառնա: ՀՀՇ-ն մի բան ա, իսկ Լեւոնն ուրիշ բան ա,- ասում է Սուրենն ու մի տեսակ կարոտով ավելացնում,- Ինչ ուզում եք՝ ասեք, մեկ ա` ես Վանոյին հարգել եմ ու միշտ էլ կհարգեմ: Ինչքան էլ որ հիմա աջ ու ձախ իրան հայհոյում են` մեկ ա, հայ ժողովուրդն իրան լավ ա վերաբերվում: Վանոն սրանց պես փողի կռիս չէր, որպես մարդկային տեսակ հետաքրքիր կերպար էր: Գազանանոցի ճանապարհի իրա տունը տեսնում էինք, ասում էինք` արա, հըլը նայեք, թե Վանոն ինչ ասաբնյակ ա գցել: Հիմա նայում ես էն առյուծներով, փղերով տներն ու Վանոյի տան հետ ես համեմատում` ոնց որ խրճիթ լինի դրանց առաջ: Օրինակ` ես շատ կուզենայի, որ Վանոն դառնար մեր Ոստիկանության պետը, ինքը դուխով սաղին իրանց տեղը կդներ: Մի խոսքով` Վանոն ու Լեւոնը միշտ էլ ցանկալի մարդիկ են իմ համար, ու շատ էլ կուզենամ, որ իրանք մտնեն քաղաքական դաշտ»:

«Քոչարյանը բարեց ա, ես իրա ցավը տանեմ»

Վարորդ Կարենն, ի տարբերություն մյուսների` կնախընտրեր ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակում տեսնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: «Որովհետեւ Ռոբը բարեց ա, իսկ բարեց տղեն ուժեղ ու պինդ մարդ ա: Կարամ ձեր հետ գրազ գամ, որ, եթե Քոչարյանը թեկնածություն դնի` հենց առաջին փուլից էլ կհաղթի, որովհետեւ մարդիկ ինչքան էլ քննադատեն` մեկ ա, լավ հասկանում են, որ Քոչարյանի օրոք մեր կյանքը վերելք ա ապրել»,- ասում է նա ու մատնանշում փողոցով երթեւեկող մեքենաները: «Նայե՛ք, ինչքան մեքենա կա, բնակչության 80%-ն արդեն մեքենա ունի, իսկ դա նշանակում ա, որ մարդիկ սկսում են նորմալ ապրել: Եթե առաջ նույնիսկ հացի փողը պակասություն էր անում, ապա հիմա մարդիկ կարում են գումար տնտեսել, մեքենա առնել, գործ ձեռնարկել: Անկախությունից հետո մարդիկ սկսեցին լացող դառնալ, ու էդ բնավորությունը չի փոխվում, որովհետեւ հիմա լացելու առիթ չկա, բայց մեկ ա` լացում են: Ես մեծ սիրով կընտրեի Ռոբերտ Քոչարյանին մենակ նրա համար, որ ինքը իրա հայրենիքի համար կռվել ա: Ես ինչքան գիտեմ՝ Խոջալուում ա կռվել, իսկ կռված մարդը երբեք չի վնասի հայրենիքին, որովհետեւ իրա կյանքի գնով ա էդ հայրենիքն ազատագրել: Ռոբը շատ պինդ տղա ա, ինքը մեր երկրին պետք ա, ու բոլորս էլ լավ հասկանում ենք: Էդքան, որ Լեւոնին աստվածացրել են, բա նա ինչի՞ Հայոց ցեղասպանության հարց չէր բարձրացնում: Քոչարյանի օրոք չի՞, որ աշխարհը սկսել ա խոսալ էդ մասին, բա էդ էլ ա չէ՞ քաղաքականություն: Դրա համար էլ են չէ՞ գիտելիքներ ու դուխ պետք, ես իրա ցավը տանեմ, իրան կընտրեի,- ոգեւորված ասում է Կարենն ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին հիշեցնում է,- Էդ Լեւոնը չէ՞ր, որ երկիրը թալանեց ու Փարիզում իրա տղու համար դղյակ առավ»:

«Բա Քոչարյանի տղեն խի՞ չի ծառայել»

Շարունակելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ մուտք գործելու թեման, վարորդ Ռուբենն ասում է` «Հա, ի՞նչ անենք, որ Քոչարյանը կռված ա, Լեւոնն էլ իրա գրիչով էր կռիվ անում: Լեւոնին ուժ պետք չէր, որովհետեւ իրա ուղեղը իսկական զենք ա: Էդ որ Քոչարյանը տենց կռվող ա, հայրենիք պաշտպանող ա, բա իրա տղեն խի՞ չի ծառայել, որ: Մեր երեխեքը գնում, հաբռգած կամանդիրների ձեռքը քրքրվում են, իսկ իրա տղեն հեռախոս ա ծախում: Բա դա արդարությո՞ւն ա: Ամեն ելույթում էլ նշում ա, որ ՀՀ քաղաքացիների պարտքն ա զինվորական ծառայությունը: Իրա տղերքը ՀՀ քաղաքացի չե՞ն, եթե նույնիսկ ԼՂՀ քաղաքացիներ են, ավելի վատ իրանց համար, որովհետեւ երեւանցի տղերքից շատերը հետ չեն գալիս, որովհետեւ իրանց ծննդավայրում` Ղարաբաղում զոհվում են կամ էլ գուբախտներում փտում են, հետո էլ դիակներն են բերում»,- զայրացած ասում է վարորդ Ռուբենը:

«Վարորդները դարձել են փիլիսոփաներ»

Վարորդ Մուշեղն ասում է. «Ընդհանրապես մեր ժողովուրդը դարձել ա քննադատ, աջ ու ձախ դժգոհում ու վարկաբեկում ա մարդկանց: Էդ գիտե՞ք ինչից ա, նրանից ա, որ Սովետի ժամանակ մենք իրավունք չունեինք մեր կարծիքն ասել, եթե մի բան ասեիր` տուտ ժե գլխիդ կտային: Հիմա, քանի որ խոսքի ազատություն են տվել` մենք դարձել ենք փիլիսոփաներ: Տենց ա, չէ՞, օրինակ` գյուղացին, որ քաղաք ա մտնում, քաղաքացու համար պարտադիր մի ծիծաղելի բան ա անում: Հիմա էս տաքսու վարորդները նենց են խոսում, քննադատում ու հայհոյում, կարծես փիլիսոփաներ լինեն: Եթե Հայաստանում ամեն մարդ իրա գործով զբաղվի ու իրա գործի մասին լավ պատկերացում ունենա` մեր երկիրը դրախտ կդառնա: Վարորդը դարձել ա փիլիսոփա, փիլիսոփան դարձել ա բոմժ, բոմժը դարձել ա պաշտոնյա, իսկ իսկական պաշտոնյան նեղացել, փակվել ա: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնում ա քաղաքականության մեջ, որպեսզի մեր կյանքը լավացնի, ուրեմն` երկու ձեռքով կընդունենք, իսկ եթե գալիս ա եւս մի կատաստրոֆա կազմակերպելու, ուրեմն` թող պաշտոններին չմոտենա: Ինքն ավելի բարոյական մարդ ա, ու ինձ թվում ա՝ էս երկու հարցի շուրջ խորը կմտածի, նոր որոշում կընդունի: Թե ինչ կանեն մեր քաղաքական գործիչներն ու ինչքանով լավ կանեն՝ դա իրանց մտածելու բանն ա: Ես վարորդ մարդ եմ ու զբաղվում եմ իմ գործով, ինձ իրավունք չեմ վերապահի դատարկ-դատարկ քննադատություններ անել,- վստահեցնում է Մուշեղն ու իր դժգոհությունն է արտահայտում երկրի ղեկավարների մասին բացասական խոսքեր ասողներին: -Ես սենց եմ մտածում, որ ինչքան էլ քննադատես ու մարդու սխալների մասին խոսես` մեկ ա, պետք ա հարգել քո երկրի պաշտոնյաներին: Էն օրը մեր վարորդներով վիճում էինք, ես ասում եմ, որ տենց էշ-էշ դուրս տալով սրա-նրա մասին՝ քո երեխեքին վատ բան ես դաստիարակում: Երեխեն չի սիրում հայրենիքը, չի սիրում իր ղեկավարներին ու, ամենակարեւորը, եթե չի սիրում երկրի ղեկավարներին` նաեւ չի սիրի նրանց գրած օրենքները: Ուզում եմ ասել, որ էդ խոսակցություններն իրանք իրանց ընտանիքներում էլ են անում ու իրանց երեխեքին դաստիարակում են որպես չար, երկրի համար ոչ պիտանի քաղաքացիներ: Եթե երեխեն իրա երկիրը չսիրեց՝ իրա ընտանիքն էլ, ծնողին էլ չի սիրի: Հիմա տղամարդիկ իրանց «կրուտոյ» զգալու համար մտնում են պադյեզդներն ու սկսում են իշխանություններին հայհոյել: Մեկը հարցնող լինի, որ, եթե էդքան համարձակ ես` գնա միտինգի, Նիկոլ Փաշինյանի հետ կանգնի, քֆրտի: Խի տղամարդը կնկա նման կմտնի անկյուններն ու կսկսի բամբասե՞լ: Հիմա համատարած էս երեւույթն ա: Ամեն հայ տղամարդ իրան տղամարդ զգալու համար իրա պարտքն ա համարում երկրի մեծերի հասցեին մի երկու թթու խոսք ասել»,- ասում է Մուշեղն ու կոչ է անում առողջ քննադատել եւ դա անել ոչ թե պատերի տակ, այլ` միտինգների ժամանակ:

Ա՛յ մարդ, խի՞ ենք հետ նայում

«Ես երեքուկես տարի ընտանիքիս հետ Գերմանիայում եմ ապրել, թղթերիս պատճառով եմ հետ եկել: Երբ դրսի կյանքը տեսնում ես, հետո ստեղ ապրելը ավելի դժվար ա դառնում: Պոլիտեխնիկն ավարտած մարդ եմ, հիմա տաքսի եմ քշում, որ ընտանիքիս մի կերպ պահեմ: Ինձ էդ քաղաքական հարցերը արդեն քիչ են հետաքրքրում: Բայց մի բան ասեմ, որ հարցնում եք՝ խի՞ ա հայ ժողովուրդը անընդհատ հետ նայում, խի՞ առաջ չի նայում: Լեւոնից բացի, հիմա ուրիշ մարդիկ էլ կան, խի՞ եք անընդհատ նրան մեջտեղ բերում: Նա էս երկիրը էս վիճակին հասցրեց, մարդիկ արտասահմաններն ընկան, որ մի կերպ գոյատեւեն, հիմա էլի նրան եք հիշում: Մարդը չի փոխվում, էլի նույնն ա լինելու: Հիմա ուրիշ քաղաքական գործիչներ չկա՞ն, օրինակ՝ Սերժ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, էլի կլինեն: Պետք է առաջ նայել, ոչ թե հներին մեյդան բերել: Վազգեն Մանուկյանի գնացքը վաղուց գնացել ա, ուղղակի իրա վրեն խաբար չկա: Հիմա էլի ուզում ա դնի: Ես ուզում եմ` էս երկիրը առաջ շարժվի, ոչ թե հետ գնա, իսկ դրա համար ժամանակ ա պետք»,- ասում է վարորդ Աշոտը: Նա ասում է, որ Հայաստանը երբեք չի հասնի Գերմանիայի պես երկրներին, կամ, եթե հասնի էլ, ապա իր սերունդը դա չի տեսնի:

Հին ու նոր չկա, սաղ նույնն են

Վարորդ Վազգենը ոչ այս իշխանություններով է հիացած, ոչ նախկին. «Մարդիկ արդեն սկսել են խոսել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի դնելու իրա թեկնածությունը: Ասում են, որ Լեւոնը հետո, ընտրությունների ժամանակ ժողովրդին կոչ ա անելու՝ Սերժ Սարգսյանին ընտրել: Անկրակ ծուխ չի լինում, մի բան կա, որ մարդիկ խոսում են: Լեւոնն արդեն մեծ մարդ ա, գրքեր ա գրում, թոռներին ա մեծացնում: Համ էլ, էդքան որ քննարկում եք` դնելո՞ւ ա թեկնածությունը, թ՞ե չէ, անիմաստ չի՞: Թող դնի, տեսնենք՝ ինչքա՞ն մարդ կընտրի իրան: Ինչի գիտեք իրա օրոք կատարված վատ բաները մոռացե՞լ ենք: Իրանից չի՞ սկսվել էս երկրում վատ բաները: Իրա շրջապատն ի՞նչ էր, նույն բաները չէին անո՞ւմ, հիմա որ պաշտոն տաս, չկասկածեք, էլի կանեն: ՀՀՇ-ն ի՞նչ էր անում, մոռացե՞լ եք, որ հիմա նստած քննարկում եք` դնելո՞ւ ա թեկնածությունը, թե՞ չի դնելու: Փողն ու իշխանությունը մարդուն փոխում են` ինչքան էլ լավը լինի: Էդ Լեւոնը բա խի՞ մի օր տնից դուրս չեկավ` էս ժողովրդի հետ մի բան խոսա: Լեւոնը էս ժողովրդին չէր սիրում: Ոչ սրանք են մի բան, ոչ նրանք, սաղ թքած ունեն ժողովրդի վրա»:

«Անունները կան, բայց ներսում դատարկություն է»

Վարորդ Սերյոժան միանշանակ հայտարարում է, որ հայ ժողովուրդը գրկաբաց կընդունի Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ` «Էսօր նրա նմանները օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր երկրին: Մեր երկիրը անգրագիտության պատճառով քանդվեց: Երեւանով շրջում ես, շենքերը՝ պսպղան, մարդիկ՝ շքեղ հագնված, բարերում ու ռեստորաններում տեղ չկա, բայց համակարգերը քանդված են: Արվեստ, գրականություն, գիտություն, թատրոն, ոչ մի բան չկա, անունները կան, բայց ներսում դատարկություն, փուչ ա,- ասում է նա ու հավելում,- Մեր երկրին բանիմաց մարդիկ են պետք: Բոլոր պաշտոնները զբաղեցրել են անտեղյակ ու կիսագրագետ մարդիկ: Հասկանո՞ւմ եք, երկիրը մենակ շինարարություն չպիտի տա, երկիրը արժեք պիտի տա, գրագետ սերունդ պիտի տա: Իմ երեխան Համալսարանի Կիրառական մաթեմատիկայում ա սովորում ու ամեն ինչ անում ա, որ դասի չգնա, որովհետեւ հիասթափված ա: Ես արդեն համոզելու, ոգեւորելու ձեւ չունեմ, որովհետեւ էդ երեխեն տեսնում ա, թե խելոք մարդիկ ոնց են գոյատեւում: Մենք ասում ենք, թե անգրագետ, կարդալ չսիրող սերունդ ա մեծանում, բայց ամեն ինչ անում ենք, որ մեր երեխեքը գերադասեն առեւտուր անել, քան թե սովորեն»: