Լոռեցիներին հենց այսպես է բնութագրել այս հողի ու ջրի ծնունդ Հովհաննես Թումանյանը: Անկեղծ ատելության մասին հիշատակումը մերօրյա Լոռիում ունենում է դրամատիկ ավարտ:
«Եթե մարդու ինքնասիրությունը վիրավորվում է, ապա նա իր դիմացինին երբեք չի քծնում` վրիժառության համար սպասելով պատեհ ժամին: Լոռեցին իր ատելությունը երբեք չի թաքցնում»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Ալբերտ պապը, ով Օձուն գյուղում մեծ հարգանք է վայելում: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է եւ բազում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել թե Լոռու մարզում եւ թե Երեւանում: Անկեղծ ատելության մասին գյուղում պատմությունները շատ են, որտեղ տաքգլուխ երիտասարդները հարցը փակում են իրար դաշունահարելով: Հայաստանում իր մեծությամբ երբեմնի երկրորդը համարվող Օձունից ներկայումս, կարելի է ասել, ոչինչ չի մնացել: Մոտ 3000 տնտեսություն եւ 10 հազար բնակիչ ունեցած գյուղից մնացել է ճիշտ կեսը: Իրար են հաջորդում ավերված ու թալանված տները, որոնց քանդված պատերի արանքից մեկումեջ երեւում են արածող անասունները: Գյուղացիներն իրենց գյուղապետից չեն դժգոհում` ինչով կարողանում է, օգնում է, ասենք, իր ձեռքին էլ շատ բան չկա: Ասում են` կարող էր եւ ավելի վատ լինել. Շնողի գյուղապետի նման, ով այդ գյուղում ընդհանրապես չի բնակվում եւ շաբաթներով Շնողի «երեսը» չի էլ տեսնում: Չեն բողոքում, բայց եւ ցանկանում են, որ գյուղապետարանը գյուղի համար կոյուղի կառուցի, աղբահանություն արվի: «Գյուղի կոյուղաջրերն առվի նման հոսում են գյուղի միջով, իսկ գյուղապետի կոյուղին էլ հենց աղբյուրի գլխին է թափվում»,- նեղսրտում են մարդիկ: Սակայն սրանք մանր-մունր հարցեր են, մարդկանց հիմնական խնդիրը պարապությունն է` փողի երես չտեսնելը: Տեղաբնակներին խիստ մտահոգում է, որ երեւաններում նստածները փորձում են փակել տարածաշրջանում միակ աշխատատեղ ապահովող «Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը»: Գործարանում արդեն իսկ եղել են աշխատատեղերի կրճատումներ, քանի որ վերջինս չի աշխատում նախկին հզորություններով: Կոմբինատի պատճառած` էկոլոգիական վնասի, մարդկանց մահացության բարձրացման, արատավոր երեխաների ծննդի ավելացման, ուռուցքային հիվանդությունների աճի մասին հիմնավոր կամ անհիմն ցանկացած բացատրություն ալավերդցիների համար ի չիք է դառնում 40-80 հազար դրամ աշխատավարձի ֆոնին: «Մոտ 200 տարի է՝ շահագործվում են Ալավերդու հանքավայրերը, եւ մենք արդեն սովորել ենք այս պայմաններին»,- ասում են մարդիկ, իսկ մեզ խորհուրդ են տալիս վաղ առավոտյան Ալավերդի մտնելիս անպայման հակագազ հագնել: Առավոտյան կոմբինատից գազի մեծածավալ արտանետումներ են լինում, եւ այս մշուշը ծածկում է ոչ միայն քաղաքը, այլեւ հասնում է Չաթինդաղի լանջերին ծվարած գյուղերին: Տեղաբնակներին չի հուզում նաեւ, որ նոր բացված` Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով վերացվելու է մոտ 600 հեկտար անտառածածկ տարածք, տարհանվելու են Թեղուտ եւ Շնող գյուղերը: «Մարդիկ աշխատանք ունենան, հետո ամեն ինչ կկարգավորվի»,- այսպիսին են տրամադրությունները:
Գտնվելով Հայաստան-Վրաստան սահմանագծին՝ ալավերդցիները Երեւանից ժամանածների պակաս չեն զգում, սակայն զգում են երեւանյան կապիտալի ներդրման պահանջ: Տեղացիների գնահատմամբ՝ տուրիզմի զարգացմանը միտված ներդրումների անհաջող փորձեր էլ ունեն: Կեսկատակ-կեսլուրջ պատմում են, որ Թուֆենկյան հիմնադրամի միջոցներով Դեբեդի ափին կառուցված մի հյուրանոցային համալիրի բուն նպատակն էր տուրիստական այցելությունների վայր դարձնել Դեբեդ գյուղը: «Հյուրանոցից հետո պետք է մինչեւ Դեբեդ գյուղը ճոպանուղի կառուցվեր, սակայն երեւի ճոպանուղու փողերը «կերել» են: Հիմա այս հյուրանոցի միակ այցելուները հատուկենտ երեւանաբնակներ են»,- ասում է հյուրանոցի աշխատակիցներից մեկը: Այս վայրեր այցելած պետական պաշտոնյաներից ու օլիգարխներից ցանկացածը խոստումներ է տվել, որ մոտ ապագայում ետ է վերադառնալու ներդրումներ անելու պատրաստակամությամբ: Տարիներն անցնում են, պաշտոնյաները փոխվում են, օլիգարխներն ավելի են հարստանում, սակայն չեն հայտնվում խոստումներն իրագործողները: Մի անգամ էլ նախագահ Քոչարյանի ազգականներից մեկն է Աստծո ու իր առաջ խոստացել հիմքից մինչեւ գմբեթ վերանորոգել Օձունի եկեղեցին: Նշենք, որ ՀՀ քաղաքացիները պարտավոր չեն սեփական միջոցներով վերանորոգել պատմամշակութային հուշարձանները, սա կարող է լինել միայն բարի կամքի դրսեւորում: Մի իրողություն եւս. Հայաստանում մեծահարուստները փող չեն խնայում նոր եկեղեցիներ կառուցելու համար, մինչդեռ բավականին գծուծ են եղածը պահպանելու հարցում: