«Միամիտ» լոռեցիներ

01/09/2007

Լոռու մարզում մարդկանց խոսքուզրույցի հիմնական թեման տեղում մեծ թափ առած խոզերի ժանտախտն է ու Լոռու դատախազի սպանության վարկածների քննարկումը: Երկրորդ թեմայի` դատախազի սպանության վերաբերյալ մարդիկ խուսափում են օտարների մոտ բարձրաձայն դատողություններ անել եւ սպասում են պաշտոնական վարկածի հրապարակմանը: Իսկ ահա մարզի բնակչությունը բավականին վրդովված է խոսում Լոռու տարածաշրջանում ժանտախտ հայտնաբերածների հասցեին: Մարդիկ համակարծիք չեն, որ իրենց մարզում իրոք ժանտախտ է տարածված, ինչպես նշում են պետական մարմինները: Նույնիսկ զուգահեռներ են անցկացնում 2005-ին բռնկված թռչնագրիպի եւ ներկայիս խոզերի ժանտախտի միջեւ, երբ գյուղացիական տնտեսությունները շտապեցին իրենց թեւավորների վերջը տալ: Իսկ մի քանի ամիս հետո հայտարարեցին, որ թռչնագրիպը շրջանցել է Հայաստանը, որի արդյունքում էլ թռչնաֆաբրիկաների համար բիզնեսի լայն դաշտ բացվեց: «Խոզերի վարակ միշտ էլ եղել է, եւ ավելի շատ գլխաքանակի անկում է եղել, քան ներկայումս է, մինչդեռ որեւէ մեկին չի էլ հետաքրքրել, թե այդ կենդանիներն ինչից են սատկել: Այսօր թերեւս պետական այրերի այս իրարանցումը միտված է ինչ-ինչ ծրագրերով դրսից օգնություններ ստանալուն»,- ահա այսպիսի «միամիտ» դատողություններ են անում լոռեցիները` հավելելով, որ երկու շաբաթում մասնագետները չեն կարողացել անալիզներ անել ու պարզել, որ գործ ունեն ժանտախտի վիրուսի հետ: Նշենք, որ խոզերի ժանտախտի կանխարգելման ուղղությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, կարանտին է սահմանվել ողջ մարզի համար: Վանաձոր-Ալավերդի սահմանագլխին էլ մի նոր պահակակետ է բացվել, որտեղ ախտահանվում են սահմանը հատող տրանսպորտային բոլոր միջոցները: