Օձունի եկեղեցի

01/09/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Օձունի եկեղեցին համարվում է 1-ին դարի քրիստոնեական սրբավայր: Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Օձուն եւ եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Օձուն անունն էլ ստացել է հենց «օծել» բառից: Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որը թաղված է ներկայիս եկեղեցու խորանի տակ:

Այս մասին 6-րդ դարի արձանագրություն է պահպանվել եկեղեցու հարավային դռան վերեւում: Եկեղեցու տեղում, դեռ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3-րդ թագավորը կառուցել են միանավ-բազիլիկ, առանց գմբեթի մի եկեղեցի, որը 5-րդ դարում քանդվել է երկրաշարժից եւ միայն հետո` 6-րդ դարում է կառուցվել ներկայիս եկեղեցին: Հետագայում Քրիստոսի բարուրաշորի առկայության մասին թերեւս կասկածել են ինչ-որ պահի եւ տեղահանել են խորանի քարերից մեկը, եւ հավանաբար համոզվելով ավանդույթի իսկության մեջ` անցքը վերանորոգել են երեք խոշոր քարերով: Այս եկեղեցում պահպանվել են 4-րդ դարի 20-ից ավելի քանդակները, որոնք համաշխարհային արժեք ունեն:

Արդեն երկու տարի է, որ Տեր Վրթանեսն Օձունի եկեղեցու քահանան է: Այս երկու տարին հիմնովին փոխել է օձունցի երիտասարդների նախասիրությունները: Պատերի տակ խումբ-խումբ թղթախաղով ժամանակ սպանող պատանիների հիմնական հավաքատեղին ներկայումս եկեղեցու բակն է: Այս տարի դպրոցականների համար կազմակերպվել է կանոնավոր ճամբար եւ ստեղծվել է եկեղեցական երգչախումբ: Եկեղեցին իր նվիրատվություններից ու գյուղապետարանի աջակցությամբ հոգացել է նաեւ սննդի հարցը: Մի խոսքով` մեծ թե մանուկ առիթը բաց չեն թողնում եկեղեցու բակում մի փոքր դադար առնելու կամ հենց եկեղեցում շարականներ լսելու համար: Տեր Վրթանեսը մեծ հաճույքով աղոթում ու երգում է եկեղեցում ոտք դրած հետաքրքրասերների համար: «Չնայած տեղանքի դժվարություններին ու ճանապարհների փոսերին՝ Օձունի եկեղեցին օրական մի քանի հարյուր տուրիստներ է ունենում: Եթե եկեղեցու պատմությունը հավուր պատշաճի մատուցվի, շատ ավելին կլինի այցելուների թիվը: Անգամ համապատասխան գրքերում չի հիշատակվում, որ եկեղեցին 4-րդ դարի կառույց է, եւ չի մատուցվում եկեղեցու քանդակագործական արժեքը: Եկեղեցուն տուրիզմը նյութական տեսանկյունից գրեթե ոչինչ չի տալիս: Ուխտավոր խմբերն անգամ մի մոմ չեն գնում, սակայն այստեղ կարեւորը նյութական արժեքը չէ: Քրիստոնյա աշխարհը պետք է տեղյակ լինի, որ մենք քրիստոնյա արժեքների կրողն ու պահպանողներն ենք»,- ասում է Տեր Վրթանեսը:

6-րդ դարի կառույց Օձունի եկեղեցու կղմինդրե խարխուլ տանիքը 19-րդ դարում վերանորոգել է Աբովյան գերդաստանը` փոխելով տուֆից տանիքի: Հիմնանորոգման որեւէ այլ փորձ այս եկեղեցին չի տեսել: Դեռ խորհրդային տարիներին եկեղեցին դասվել է վթարային շինությունների շարքին եւ 1980-ականներին սկսել են հիմնանորոգման աշխատանքները: Այս նպատակով քանդվել են հյուսիսային կամարաշարի երեք սյուները, ամրացման համար բացվել են հիմքեր, խախտվել է եկեղեցու բակում տեղադրված գերեզմանաքարերի 30 տոկոսն ու խորհրդային ժամանակաշրջանի ավարտի հետ էլ դադարեցվել են աշխատանքները: «Անցյալ տարի փորձեցինք գյուղապետարանի աջակցությամբ դիմել մարզպետարանին, որպեսզի 2007թ. պետական բյուջեում եկեղեցին ներառվի վերանորոգվող հուշարձանների ցանկում, սակայն մարզպետարանից մերժում ստացանք` պատճառաբանությամբ, որ եկեղեցին 2001թվից հանձնվել է Էջմիածնին, եւ իրենք չունեն նորոգման ու պահպանման պարտավորություններ: Ես կարծում եմ, որ կիսատ թողած գործի արդյունքում մեծ վնաս է հասցվել եկեղեցուն, եւ պետությունը, եթե չի վերանորոգում, գոնե պարտավոր է ամեն ինչ բերել նախնական տեսքի: Արդեն 30 տարի է անցել, եւ ես չգիտեմ, թե որտեղից են տեղհանել գերեզմանաքարերը, աշխատանքն իրականացրած կառույցները պարտավոր են այդ գերեզմանաքարերը տեղադրել իրենց հին տեղերում»,- իր աշխատանքային փորձից է պատմում Տեր Վրթանեսը:

Օձունի եկեղեցին գետնանցումով նախկինում կապվել է Ծիրանավոր եկեղեցու հետ, որը կառուցված է հենց քարափի գլխին: Ստորգետնյա այս ճանապարհը հիմա էլ կա, սակայն մուտքի աստիճանավանդակները լցվել են հողով, եւ բնական է, որ մի քանի տարի հետո այս պատմությունն էլ է թաղվելու հողի տակ: Սուրբ Ծիրանավոր եկեղեցի հասնելու համար հարկ է հաղթահարել գոմաղբի մի քանի սարեր եւ ոտքի տակ լավ նայել: Հանկարծ քարափից ձորը կգլորվես, միամտաբար տրորելով հենց եկեղեցու շեմքին թափած կիսափտած ու լպրծուն կենցաղային աղբը: Իսկ եկեղեցի մտնելու համար դեռ պետք է պարանների մեջ խճճված համառ իշուկին համոզել, որ ազատի 5-րդ դարի կառույց Ծիրանավոր եկեղեցու մուտքը: Իսկ ահա Ախթալայի եկեղեցուց մոտ 500 մետր հեռու գտնվող մի մոռացած մատուռ էլ վերածվել էր իսկական գարշահոտության: Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի կոյուղին անցնում էր հենց մատուռի միջով: Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ է հայտարարվել տուրիզմը, եւ այլազգիներին պետք է զարմացնեինք հենց մեր եկեղեցիներով: Իսկապես զարմանալու բան է: