Օգոստոսի 5-ին հայտնի դերասանուհի Վիոլետ Գեւորգյանի ծննդյան տարեդարձն էր: Այժմ նա ճիշտ այն տարիքում է, ինչ իր հայտնի հերոսուհին՝ Աղունը։ Դեռեւս 1980 թվականից սկսած նա 800 անգամից ավելի խաղացել է Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւում» իր ամենահայտնի եւ ամենավառ դերը՝ Աղունի դերը։ Վիոլետով բոլորը հիանում էին, թատերագետներն ու գործընկերները նրան անվանում էին բացառիկ դերասանուհի։ Սակայն անկախության տարիների սերունդը դերասանուհուն բեմի վրա չի տեսել։ Վերջին 16 տարիներին նա ապրում է ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներ նա տեղափոխվել է 1991 թվականի հունվարի 1-ին: «Երբ որ եկա` ահավոր հիասթափվեցի, հիստերիկայի մեջ էի: Առաջին այդ զգացողությունը երեւի ճիշտ էր, էլի…»,- հիշում է նա:
Մինչ ամերիկյան իր կյանքի մասին խոսելը, հարցրեցի դերասանուհու` Ամերիկա տեղափոխվելու պատճառների մասին: Ասաց. «Ինչի՞դ է պետք, խառը պատմություն է, ով գիտի` գիտի, ով էլ` ոչ, թող չիմանա»: Գրեթե հարցաքննության վերածվող մեր զրույցի ընթացքում 16 տարվա մեջ առաջին անգամ նա պատմեց, թե ինչ է եղել 1988 թվին, ինչի պատճառով նա ուղղակի փախել է Հայաստանից:
Եվ այսպես, 1988թ. մարտին Կենտկոմի հորդորով եւ մշակույթի բաժնի 3 աշխատակիցների հետ դերասանուհի Վիոլետ Գեւորգյանը մեկնում է Ադրբեջան` մասնակցելու Բաքվի կինոփառատոնին. «Բոլորը հրաժարվել էին գնալ, իսկ ես տեղյակ չէի, չգիտեի: Եթե իմանայի, թե որքան ճակատագրական է լինելու ինձ համար այդ այցը, ես էլ կհրաժարվեի: Մինչդեռ այն ժամանակ կարծում էի, որ իմ այցը շատ կարեւոր է մեր ազգի համար:
Մենք չորս հոգով գնացինք, երեք տղամարդ` Կենտկոմի կուլտուրայի բաժնից, եւ ես: Մարտ ամսին էր: Բաքվում այդ փառատոնը եղավ, ես չմասնակցեցի, ու հետո` փառատոնը չէր իմ գնալու նպատակը: Մեր առաքելությունն էր Սումգայիթի մասին տեղյակ պահելը, որովհետեւ էդ մասին ոչ ոք չէր խոսում: Ես վախը սրտիս մեջ գնացի: Բաքվում մոտեցել եմ տարբեր հանրապետություններից ժամանած եւ հատկապես ռուս արվեստագետների եւ համոզել եմ, որ մեզ հետ գան Ստեփանակերտ: Որոշ արվեստագետների տարանք մեզ հետ Ստեփանակերտ` Սումգայիթից փախած մարդկանց հետ զրուցելու համար: Արդյունքում, ռուսական կենտրոնական հեռուստատեսությամբ Բաքվի կինոփառատոնին նվիրված «Կինոպանորամա» հաղորդման ժամանակ այդ մտավորականները խոսում էին Սումգայիթից»,- պատմում է դերասանուհին:
Բայց այս առաքելությունը բոլորովին այլ գնահատական է ստանում հայրենիքում: Վիոլետ Գեւորգյանին որակում են որպես դավաճան: Դերասանուհին ութ ամիս ահ ու սարսափի տակ` չի լքում իր բնակարանը (բառիս բուն իմաստով): Ութ ամիս անց, նա, այնուամենայնիվ, վերադառնում է բեմ, խաղում մի քանի ներկայացում, որը հանդիսատեսի ջերմ ընդունելությանն է արժանանում: Սակայն գործընկերները, անհասկանալի (կամ հասկանալի) համառությամբ հրաժարվում են աշխատել դերասանուհու հետ, նրան բոյկոտ են հայտարարում: Վիոլետը ստիպված է լինում հեռանալ թատրոնից. «Առանց որի չէի կարող պատկերացնել իմ կյանքը եւ առանց որի չէի կարող անգամ մեկ օր ապրել»,- ասում է նա։ Երկու տարի անց, քանի որ գործազուրկ էր, միայնակ, բոլորի կողմից լքված եւ թատրոնից հեռու, ստիպված է լինում հեռանալ հայրենիքից:
Այս 16 տարիներին Վիոլետ Գեւորգյանը երբեմն-երբեմն զբաղված է եղել ներկայացումներում, խաղացել է որդու՝ Հրաչյա Մխիթարյանի բեմադրություններում։ Այս տարի երկու հայկական թատրոնների՝ Դրամատիկական թատրոնի եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ամերիկաբնակ դերասանները համատեղ բեմադրել են «Երեք կին, երկու տղամարդ» ներկայացումը՝ Վիոլետ Գեւորգյանի, Տաթեւիկ Ղափլանյանի, Շաքե Թուխմանյանի, Լեւոն Շարաֆյանի ու Ժան Նշանյանի մասնակցությամբ եւ վերջինի բեմադրությամբ։ Դերասանուհին ներգրավված է եղել նաեւ «Իմ անուշ տղա» ներկայացման մեջ, որը բեմադրել էր Տաթեւիկ Ղափլանյանը (նվիրված իր որդուն, որը երիտասարդ տարիքում հանկարծամահ էր եղել)։ Վ. Գեւորգյանը նաեւ էպիզոդիկ դեր է ունեցել «General Hospital» եւ «Six Feet Under» ամերիկյան սերիալներում. «Առանձնապես մի բանի չենք հասել, միայն չարչարանք է: Ես թոշակ եմ ստանում, բայց ամբողջը տան վարձ եմ տալիս: Բեմ եմ դուրս գալիս, մեռնում եմ հուզմունքից: Հուզվում եմ ոչ թե ինձ համար, այլ ամբողջ ներկայացման՝ ինձ վրա դրված պատասխանատվությունը շատ մեծ է»,- ասում է Վ. Գեւորգյանը:
Գլենդելում գրեթե իրար հարեւանությամբ են ապրում դերասանուհիներ Ալլա Թումանյանը, Վիոլետ Գեւորգյանը եւ Թամար Հովհաննիսյանը: Երբ հարցրեցի, թե շփվո՞ւմ են արդյոք նրանք իրար հետ, Վ. Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ, շատ հազվադեպ»: 1980-ականների, իր եւ Ամերիկա տեղափոխված մյուս գեղեցկուհի դերասանուհիների մասին նկատեց. «Շատ դժբախտ սերունդ ենք: Մի հատ ֆիլմ կար` «Ընդհատված երգը»… Մերն էլ` ընդհատված կյանքն է, շատ դաժան ճակատագիր բաժին ընկավ մեզ…»:
Եվ անգամ վտարանդի Վիոլետ Գեւորգյանն իրեն դրամատիկցի է համարում. «Երբ թատրոնը եկավ հյուրախաղերի, ես գնացի, գրկաբաց ընդունեցի, իրենց հետ խաղացի «Աշնան արեւը» եւ «Քո վերջին հանգրվանը» ներկայացումներում: Բայց երբ որ ես 2004 թվականին գնացի Երեւան, Դրամատիկում չխաղացի: Խաղացի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որովհետեւ Դրամատիկում ասացին, որ հնարավորություն չկա: Ցանկացան իմ հոբելյանը տոնեն, ես էլ չուզեցի: Ես ուզում էի իմ թատրոնում ներկայացում խաղալ, որովհետեւ իմ ժողովուրդը դեռ ինձնից ներկայացում է ուզում, ոչ թե հոբելյան: Դրա համար ասացի` եթե ներկայացում չի լինելու, հոբելյան էլ մի արեք»:
Վիոլետ Գեւորգյանի աչքերը սկսում են փայլել միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում իր թոռնիկների մասին։ Նա ունի չորս թոռնիկներ։ Թոռներից հետո նրա երկրորդ հաճույքը կազինոն է։ Խաղում է, որ մեծ գումար շահի. «Շատ եմ ուզում հաղթեմ, որովհետեւ պետք է այդ գումարը: Շատ գումար եթե լինի… կգանք Հայաստան: Միանգամից: Գամ, որ փող տամ սոված էրեխեքին, թշվառ ծերերին: Ես Հայաստան չեմ գալիս, որովհետեւ փող չունեմ ոչ թե իմ համար, այլ սոված մարդ չեմ կարող տեսնել…: Ես ուզում եմ հայրենիք վերադառնալ: Այստեղ ի՞նչ գործ ունեմ: Էն գյուղի ցեխոտ փողոցները որ հեռուստատեսությամբ ցույց են տալիս` կարոտից վատանում եմ»:
Վիոլետ Գեւորգյանն իր կյանքի մասին պատմում էր առանց որեւէ տարեթիվ հիշատակելու։ Դերասանուհին ասում է, որ հիշում է ընդամենը մեկ տարեթիվ՝ 1988-ը. «Երկրաշարժի տարին էր, ու դա նաեւ իմ կյանքի երկրաշարժն էր, իմ կյանքի աղետը… այդ ժամանակ զրկվեցի շատ բաներից ու կարող էի զրկվել անգամ կյանքից»: