Առաջին ՏՏ ակումբը Հայաստանում

01/09/2007 Մանե ՄԱՆԱՍՅԱՆ

«Դեռեւս երկու տարի առաջ հղացած տեղեկատվական տեխնոլոգիաների ակումբ ստեղծելու գաղափարն այսօր վերջապես իրականություն դարձավ: Ցանկանում էինք ստեղծել դրական ու տրամադրող մի ոչ ֆորմալ միջավայր, ուր ՏՏ ոլորտի հետ առնչություն ունեցող մասնագետները, ուսանողները կկարողանային լիցքաթափվել, ծանոթանալ, շփվել… Կարծում եմ` դա մեզ հաջողվեց»,- ՏՏ ակումբի (IT Club) բացման ելույթում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: IT Club-ի բացման արարողությունը տեղի ունեցավ «Շանզ Էլիզե» ակումբում, օգոստոսի 15-ին եւ, ինչպես նշում են կազմակերպիչները, այն ունենալու է ամենամսյա բնույթ:

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը (ՏՀՏ) ձեւավորվել է վերջին մի քանի տասնամյակի ընթացքում: ՏՀՏ-ի հզորության պոռթկուն աճն այդ տեխնոլոգիաները դարձրեց հեռարձակման, հեռահաղորդակցությունների ու տարաբնույթ այլ ոլորտներում կատարվող զարգացումների անխուսափելի բաղադրիչը: Եվ այսօր արդեն անհնար է պատկերացնել երկրի տնտեսական առաջընթացն ու աճն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ներգործության ու անմիջական «մասնակցության»:

Թերեւս սույն կարեւորության գիտակցմամբ 2002-ին ՏՏ ոլորտը Հայաստանում հայտարարվեց զարգացման գերակա ճյուղ: Սակայն, այնուամենայնիվ, ինչպես նշում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի անդամ Մանուկ Հերգնանը, մեր հանրապետությունը դեռ ետ է մնում ՏՀՏ զարգացումներին մասնակցելու ու դրանից օգտվելու պատրաստվածության աստիճանով: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ իրենց միության կարեւորագույն առաքելությունն է՝ Հայաստանը դարձնել տեղեկատվական, հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի գիտահետազոտական եւ կիրառման միջազգայնորեն ճանաչված առաջատար` ապահովելով ոլորտը կենտրոնացված ծառայություններով ու նորարարություններով: «Այս ուղղությամբ մի շարք քայլեր պետք է արվեն, առաջիններից մեկը` ոլորտը երիտասարդության համար գրավիչ դարձնելն է… Ամեն ինչ այստեղից է սկսում. արդյունքում կունենանք երիտասարդ բիզնեսմեններ, նորարարական մտքեր ու գաղափարներ, սրանք էլ իրենց հերթին առաջ կբերեն նոր արտադրանք, աշխատատեղեր: Մասամբ էլ այս նպատակով ստեղծեցինք IT Club-ը… Կարծում ենք` այս ակումբի ստեղծումը միայն դրականորեն կանդրադառնա Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը, քանի որ այն գիտելիքի եւ փորձի փոխանակման, հասարակության լայն շրջանակներին ՏՏ ներկայացման եւ ՏՀՏ ոլորտի աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման մեծ հնարավորություն է տալիս»,- կարծում է Կ. Վարդանյանը:

Իր բացման ելույթում հիշյալ ակումբի գոյությունը ողջունեց ու դրական գնահատեց նաեւ Մայքրոսոֆթ-Հայաստան ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ով մասնավորապես նշեց, թե ժամանցային նմանատիպ միջոցառումներով ավելի հեշտ է հասարակությանն ինտեգրել ՏՏ ոլորտ, այն երիտասարդների համար գրավիչ դարձնել. «Այս ակումբը եզակի է իր բնույթով, առաջինն է Հայաստանում, սակայն նմանատիպ նախաձեռնություններ դեռ շատ կլինեն: Եվ մենք միշտ պատրաստ ենք աջակցել…»,- ասաց Գ. Բարսեղյանը:

Միջոցառման աջակիցներն էին Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը եւ «Լյումեն» դիզայն-ստուդիան, իսկ գլխավոր հովանավորը «Կոմպասս» համակարգչային խանութ-սրահն էր: Վերջինն էլ միջոցառման շրջանակներում ներկայացրեց Հայաստանում դեռեւս եզակի մի համակարգիչ. եզակի եւ՛ դիզայնով, եւ՛ տեխնոլոգիական յուրահատուկ ունակությամբ` թափանցիկ կաղապարով, «թերմո-հովացման» համակարգով…

IT Club-ի ղեկավար Արիկ Շահումյանի հավաստմամբ՝ այս միջոցառմանը կից անցկացվելու են նաեւ ոլորտի ներկայացուցիչների, հետաքրքրված անձանց ամսական հանդիպումներ, լինելու են թրեյնինգներ, սեմինարներ, կլոր սեղաններ, տարաբնույթ հավաքույթներ թե՛ Երեւանում, թե՛ քաղաքից դուրս. «Մի խոսքով` ՏՏ համայնքն ավելի մտերիմ ու միասնական դարձնելու հաստատ քայլեր ենք անում, որովհետեւ բազմիցս արդեն նշվել է՝ տվյալ ոլորտում լուրջ արդյունքների հասնելու համար պետք է միասնաբար գործենք: Քանի որ ժամանցային այս երեկոն մեր առաջին փորձն էր, որոշ հանգամանքներ կային, որ հաշվի չենք առել: Մյուս ամսվանից ակումբի անդամ լինելու պայմանները փոխվելու են. մարդկանց անվանական քարտեր կտրվեն, նրանք դրա համար պիտի որոշակի սիմվոլիկ գումար վճարեն… Դե՛, դա նրանց կպարտավորեցնի առավել պարտաճանաչ լինել ու հրավիրատոմս վերցնելիս անպայման ներկայանալ: Համոզված եմ, որ այս միջոցառումն ամսեամիս ավելի հետաքրքիր կդառնա»,- նշում է IT Club-ի ղեկավարը:

Միջոցառումն ուղեկցվում էր ակումբային երաժշտությամբ, հումորային ծրագրերով, ժամանցային խաղերով, իսկ վերջում` հյուրասիրություն եղավ: