Տիգրան Քեոսայանը մարտական է տրամադրված

01/09/2007

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կուրիանովիչը Մոսկվայի Դատախազություն է դիմել` առաջարկելով քրեական գործ հարուցել կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի դեմ: Պատգամավորը մեղադրել է մոսկվաբնակ ռեժիսորին ազգամիջյան թշնամանք քարոզելու եւ այլազգիների նկատմամբ անհանդուրժողականություն ցուցաբերելու մեջ: Բանն այն է, որ Տիգրան Քեոսայանը ռուսական «Ռեն-TV» հեռուստաալիքով հեռարձակվող իր հեղինակային ծրագրի ընթացքում մեջբերել է իր հոր` կինոռեժիսոր, անորսալի վրիժառուների մասին պատմող ֆիլմերի հեղինակ Էդմոն Քեոսայանի խոսքերը: «Երբ ես 13 տարեկան էի, ինձ վիրավորեցին մեր տան բակում` ասելով «սեւհետույքանի»: Երբ ես լաց եղած ու նվաստացած տուն եկա, հայրս ինձ խորհուրդ տվեց` եթե քեզ վիրավորում են քեզանից հասակով եւ տարիքով ավելի մեծերը, մի աղյուս վերցրու եւ շպրտիր նրանց վրա»,- ասել է Տ. Քեոսայանը: Ընդ որում` հաղորդման վերջում ավելացրել է, որ անձամբ ինքը երբեք չի հետեւել իր հոր խորհրդին, եւ այն սխալ է համարում. «Հուսով եմ, որ ոչ մեկս աղյուս չենք վերցնի ու չենք խփի իրար, ես հավատում եմ, որ ռուս ժողովուրդն այնքան իմաստուն է, որ նման բան թույլ չի տա»: Սակայն ռուս պատգամավորը, ով հայտնի է իր ռադիկալ հայացքներով եւ հակասեմիտական հրապարակումներով, համոզված է, որ հայազգի ռեժիսորը կոչ է արել` քարերով հարվածել ռուսների գլուխներին: Ընդ որում` այդ նույն խիստ ազգայնամոլ պատգամավորը վերջերս Դումա է ներկայացրել մի օրինագիծ, որն առաջարկում է ՌԴ քաղաքացիությունից զրկել այն կանանց, որոնք օտարերկրացիների հետ են ամուսնացել:

Տիգրան Քեոսայանը շատ վրդովվել եւ զայրացել է` լսելով իր միտքը խեղաթյուրող պատգամավորի մեղադրանքը: Ռեժիսորը շատ մարտական է տրամադրված, նա որոշել է անպատիժ չթողնել այդ զրպարտանքն ու վարձել է Մոսկվայի ամենահայտնի իրավաբանին` Պավել Աստախովին: Աստախովը հայտարարել է. «Տիգրան Քեոսայանը ոչ թե ազգամիջյան թշնամանքի կոչեր է արել, այլ` ընդհակառակը, փորձել է հանդարտեցնել կինոտաղավարում բորբոքված կրքերը»:

Մոսկվայի Դատախազությունում եւս մեկ դեպք է քննվում, որի համար նախադեպ է դարձել հեռուստածրագիրը: «Խ ոՈՐՖպՐց» ծրագրի ընթացքում մի քաղաքական գործիչ մյուսին «արվամոլ» է անվանել, ինչի համար նրան քրեական պատասխանատվության են կանչել: