Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության (Ararat Gold Recovery Company (AGRC) վաճառքի հետ կապված գործարքը, հնարավոր է, որ ավարտվի այս տարվա սեպտեմբերի վերջին: Ըստ ձեռնարկության պաշտոնական կայքի` գնորդը ռուսական «Արդյունաբերական ներդրողներ» ընկերությունն է: Հնդկական «Vedanta Resources» ընկերությունը, որն Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության սեփականատերն է, տեղեկացնում է, որ ձեռնարկության 82,4 տոկոս բաժնեմասը անցնելու է վրացական «Մադնեուլի կվարցիտ» ընկերությանը, որն էլ, իր հերթին, մտնում է ռուսական ընկերության կազմի մեջ: Գործարքի գինը, ըստ ամենայնի, կկազմի 86 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը օգոստոսի 2-ին հայց էր ուղարկել Տնտեսական դատարան, որում խնդրում էր վաղաժամկետ դադարեցնել ձեռնարկության եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված պայմանագիրը: Ըստ ՀՀ կառավարության դիրքորոշման` հնդկական ընկերությունը կեղծ տվյալներ է տրամադրում ներդրումների եւ հանքի նկատմամբ իր այլ պարտավորությունների մասին: Գործի քննությունը նշանակված էր օգոստոսի 20-ին, սակայն Տնտեսական դատարանն այդպես էլ չքննեց գործը, քանի որ դատին ներկա չէին ոչ հայցվորը, ոչ պատասխանողը: