Նորություն կա

31/08/2007

Ճանաչված ռուս հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով ձերբակալված է 10 կասկածյալ: «Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ՝ առաջիկայում Դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրելու: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ 3ուրի Չայկան երեկ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ «սպանության գործով կատարվող հետաքննության ընթացքում կա լուրջ առաջընթաց»: «Այսօրվա դրությամբ, 10 քաղաքացի է ձերբակալված, եւ բառացիորեն ամենամոտ ապագայում նրանց կառաջադրվի այդ ծանր հանցագործությունը կատարելու մեղադրանք»,- ասել է Չայկան: Ռուսաստանի գլխավոր դատախազը չի հայտնել ձերբակալվածների անունները: Հիշեցնենք, որ Աննա Պոլիտկովսկայան, ով հետեւողականորեն քննադատել է Չեչնիայում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը՝ հատկապես մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում, անցած տարվա հոկտեմբերի 7-ին սպանվել է Մոսկվայում` իր բնակարանի մոտակայքում: Միջազգային հանրությունը, իրավապաշտպանները եւ լրագրողական կազմակերպությունները Աննա Պոլիտկովսկայայի սպանության կապակցությամբ մտահոգություն են հայտնել Ռուսաստանում մամուլի աշխատակիցների, մասնավորապես, Պուտինին քննադատող լրագրողների ֆիզիկական անվտանգության վերաբերյալ եւ ՌԴ-ի իշխանություններից պահանջել են բացահայտել ու պատժել մեղավորներին: Լրատվական գործակալությունները նշում են, որ Պոլիտկովսկայայի սպանությունը ծանր հարված է հասցրել Ռուսաստանի միջազգային վարկին: Իրավիճակն այդ առումով ավելի է վատթարացել, երբ դրանից ընդամենը մի քանի շաբաթ անց Լոնդոնում ճառագայթումից մահացել է ՌԴ-ի Անվտանգության ծառայության նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոն, ով իր կյանքի վերջին օրերին իր հիվանդության համար մեղադրել էր անձամբ Վլադիմիր Պուտինին: