Տեխնիկական անվտանգությունը վտանգված է

31/08/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

2005թ. Երեւանի ճոպանուղու վթարի պատճառները պարզաբանելու համար Հայաստանն օգնության էր կանչել հարեւան Վրաստանի մասնագետներին: Խնդիրն այն չէր, որ Հայաստանում համապատասխան մասնագետներ չկային. պարզապես չկար համապատասխան լիազոր մարմինը` տեխնիկական անվտանգության համար պատասխանատու համապատասխան մարմինը:

Այս կառույցն այսօր էլ չկա, թեեւ 2005-ից հետո գրվեց Տեխնիկական անվտանգության մասին հայեցակարգն ու հետո էլ՝ համանուն օրենքը: Փոխարենը ստեղծվել է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ոչ առեւտրային կազմակերպությունը, որը որեւէ պատասխանատվություն չի կրում տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության առկա իրավիճակի համար: Նշենք նաեւ, որ տեխնիկական անվտանգություն ասվածն անտեսվել է նաեւ լայնամասշտաբ քննարկումներ անցած Ազգային անվտանգության ծրագրում: Տեխնիկական անվտանգության խնդիրը կրկին արդիական դարձավ նախորդ շաբաթ, երբ պետական բյուջեից 3մլրդ դրամ հատկացվեց Երեւանի վերելակային տնտեսության վերանորոգման համար: «168 Ժամն» անդրադարձել է այս թեմային. հիշեցնենք, որ քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ հիմնովիn փոխվելու եւ վերանորոգվելու են 2500-ից ավելի վերելակներ:

Համաձայն օրենքի, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելը լինելու է լիցենզավորված գործունեություն եւ 2007թ. համապատասխան լիցենզիա ստացել է միայն մեկ` «Տեխնոլոգ գրուպ» ընկերությունը: Սակայն նույն փորձաքննության իրավասություններ ունի նաեւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, որը մեկ վերելակի փորձաքննությունը կատարում է մոտ 2900 դրամով: Իսկ փորձաքննության համար դիմում չներկայացնելը տուգանվում է 1 մլն դրամի չափով: Ստացվում է, որ օրենքը երկակի ստանդարտներ է կիրառում` միաժամանակ երկու մարմինների թույլատրելով կատարել փորձաքննություն, որտեղ պետական մարմնին որոշակի լծակներ են վերապահվել: «Տեխնոլոգ գրուպ» ՍՊԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ Զաուր Մանվելյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ոլորտի որոշ նյուանսներին: «Դեռ երկու տարի առաջ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Ճշմարիտյանը խնդրել էր մշակել տեխնիկական անվտանգության հայեցակարգը: Նախարարին ներկայացրել էինք, որ տեխնիկական անվտանգության փորձաքննություն կազմակերպելու համար կպահանջվի մոտ 1500քմ տարածք լաբորատոր հետազոտությունների համար եւ տարածք ուսումնական բազաների համար: Մինչդեռ այս գործը ներկայումս կազմակերպում են չորս սենյակում: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը ստեղծվել է օրենքով իսկ ամրագրված մի շարք կետերի անտեսումով, որոնք անմիջականորեն կապված են հենց անվտանգության հետ»,- ասում է «Տեխնոլոգ գրուպ» ՍՊԸ տնօրենը: Զ. Մանվելյանը նշում է, որ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կատարած փորձաքննությունները շատ հեռու են գիտականորեն հիմնավորված փորձաքննություն ասվածից: 2900 դրամով հնարավոր չէ փորձաքննություն կազմակերպելը: «Ինչպե՞ս է կարողացել քաղաքապետարանը 15 օրում փորձաքննություն անցկացնել 4600-ից ավելի վերելակներում: Մեկ վերելակը փորձաքննելու համար մոտ 3 օր է անհրաժեշտ: Եթե ամեն մի վերելակի համար անգամ մի օր հատկացնեն՝ պատկերացրեք՝ քանի տարի կպահանջվի վերջնական եզրակացության համար: Ստացվում է, որ վարչապետը փող է տվել, որը պետք է ծախսել ինչքան հնարավոր է արագ: Ասենք՝ վերանորոգեցին վերելակների մի մասը: Ի՞նչ են անելու հետո, կես տարի հետո նորից են 3 մլրդ հատկացնելու: Այստեղ պատասխանատվության համակարգում է բացակայում»,- ասում է Մանվելյանը:

Մեր զրուցակիցն առաջարկությունների մի փաթեթ է ներկայացրել իրավասուներին, որտեղ բարձրացվում են նեղ մասնագիտականից մինչեւ կադրերի պատրաստման խնդիրները: Փաստաթղթում ոչ մի նորամուծություն էլ չկա, պարզապես առաջարկվում է ընդունել աշխարհում վաղուց կիրառվող փորձը: «Ենթադրենք՝ մարդը մնում է վերելակում, ո՞վ է իրավասու այդ մարդուն դուրս բերել վերելակից: Մեր իրողությունում ցանկացած բնակիչ խորովածի շշով բացում է վերելակի դուռը. իսկ, եթե կարճ միացում լինի՞, իսկ եթե ճոպանը կտրվի՞, ո՞վ է պատասխանատուն: Եթե մարդը հիվանդ է, զանգահարում է Շտապ օգնության ծառայություն, եթե գազի վթար է, զանգահարում է Գազի ծառայություն, վերելակների խափանման դեպքում էլ մարդը պետք է զանգահարի համապատասխան օպերատիվ ծառայությանը, եւ վերջինս էլ համարվելու է վերելակի անվտանգության երաշխավորը: Մենք հենց այդ կենտրոնը չունենք եւ ոչ մեկին էլ այս խնդիրը չի հուզում»,- ասում է մասնագետը` շարունակելով իր հարցադրումները: «Ի՞նչ բան է փորձաքննությունը: Գնահաշվարկը գոյանում է փորձաքննությունից: Եթե փորձաքննությունն այն է, որ մի անփորձ մարդ գնում-նայում է՝ վերելակն անձնագիր ունի՞, թե՞ ոչ, եւ աշխատո՞ւմ է արդյոք վերելակի կոճակը, ապա այսպիսի փորձաքննություն կարելի է անել անվճար` ընկերական հիմունքներով: Հետաքրքիր են նաեւ Տեխնիկական անվտանգության կենտրոնի կողմից սահմանած փորձաքննության ու տուգանքների գները: 2900 դրամ փորձաքննության գինն է, 1մլն դրամ՝ տուգանքի շեմը: Այդ ինչպե՞ս են հաշվարկել այս թվերը: Այս երկու թվերի միջեւ ահռելի տարբերությունը միայն կոռուպցիայի տեղիք կարող է տալ»: Բնականաբար, տեխնիկական անվտանգություն ասվածը չի սահմանափակվում միայն վերելակներով: Գազա-բենզալցման կայաններ, մայրաքաղաքում թափ առած էլիտար բնակարանների շինարարություն (երբ ցանկացած պահի վերեւից գլխիդ կարող է մի ծանր բան ընկնել), եւ այստեղ ոչ ոք գլխից ձեռք չի քաշել փորձաքննություն կատարելու համար: Այս խնդիրներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում: