Կալիֆոռնիայի հայկական համայնքի մասին լուրերն աստիճանաբար վերածվում են քրեական քրոնիկոնի։ Բըրբանկ քաղաքում հարեւանների միջեւ վեճը վերածվել է մարդասպանության, որի արդյունքում երեք մարդ է զոհվել, մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց։
Բըրբանկի 612 Իսթ Սայփրես փողոցի 20 բնակարան ունեցող շենքի բնակիչները դեռ ուշքի են գալիս վերջերս անսպասելի ավարտով կատարված ողբերգությունից։ Շենքի մենեջերն ասում է, որ կրակողը շենքի բնակիչն էր, ով այդտեղ էր ապրում արդեն մոտ հինգ տարի։
Մարդասպան հարեւանին շենքում բոլորը գիտեին։ Նա կռվարարի համբավ ուներ։ Անընդհատ վիճում էր հարեւանների հետ։ Իսկ վերջին անգամ մեծ աղմուկ էր բարձրացրել ավտոկայանատեղիների համար։
Շենքի մենեջեր Զակ Ջերբի խոսքով, հենց «պարկինգն» է պատճառ եղել օգոստոսյան թեժ այս վիճաբանության։ Բըրբանկի ոստիկանության տվյալներով, մարդասպանն այնքան է կրակել, որ առնվազն երկու անգամ զենքը վերալիցքավորել է։ Մենեջեր Զակը չի թաքցնում իր հուզմունքը, շփոթմունքն ու վախը։ Այս կրակոցների երեք զոհերից մեկը իր գործընկերն է՝ շենքի մյուս մենեջերը։
Ոստիկանության տվյալներով, կրակահերթերի հեղինակն ազգությամբ հայ 49-ամյա Ռաֆայել Շիրինյանն է։ Նա սպանել է շենքի մենեջերին, հարեւանին եւ վիրավորել մենեջերի որդուն։
Ի դեպ, սպանված մենեջերն էլ էր հայ։ 48-ամյա Վահիկ Ֆարհավյանը որդու հետ վերադառնալուց է եղել խանութից։ Դեպի իր բնակարան բարձրանալուց նկատել է աստիճանների վրա նստած Ռաֆայելին։ Վերջինը կրակահերթ է բացել մենեջերի եւ որդու ուղղությամբ։ Մենեջեր Վահիկ Ֆարհավյանը տեղում մահացել է։ Նրա 20-ամյա որդին կարողացել է մի կերպ խուսափել կրակահերթից՝ իրեն նետելով առաջին հարկի հարեւանի շքամուտքի դռնից ներս։ Այդ ընթացքում կրակոցների ձայնից բնակարանից դուրս է եկել այն հարեւանուհին, ում դռնից մենեջերի տղան փախչել էր։ Մարդասպանը սպանել է նաեւ նրան՝ Մանյա Մասիհին։
Կրակելով մենեջերի եւ հարեւանուհու վրա, Ռաֆայել Շիրինյանը բարձրացել է իր բնակարան ու ինքնասպան եղել։ Այդ պահին հարեւան սենյակում են եղել նրա երկու անչափահաս երեխաները։
Ոստիկանությունից ասում են, որ հետաքննությունն ըստ էության ավարտված է։ Հայտնի է, որ մարդասպանը միջադեպից մի քանի օր առաջ բողոքել է, թե ինչու շենքի մենեջերը մի քանի ավտոկայանատեղի ունի, իսկ ինքը՝ ոչ։ Նրա այդ հարցին պատասխանել են՝ եթե դիմես, գուցե քեզ էլ կտան։ Դրանից հետո աղմկոտ հարեւանը մի քանի օր լռել է, ապա դիմել այս ողբերգական քայլին… Ի դեպ, Ոստիկանությունը Ռաֆայել Շիրինյանի բնակարանից առգրավել էր մի քանի տեսակի զենք ու համազգեստ։ Ոստիկանությունը զենքի ու համազգեստի առկայությունը բացատրում է այն հանգամանքով, թե ամենայն հավանականությամբ Ռ. Շիրինյանն աշխատել է որպես անվտանգության աշխատակից։