Մեր հայրենակից Կարո Արմենը Նյու Յորքի հեղինակավոր «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերության գլխավոր սեփականատերն է, ինչպես նաեւ՝ կենսատեխնոլոգիական եւ դեղաբանական ընկերություններով մասնագիտացած «Արմեն Փարթնըրզ» ընկերության հիմնադիրը:
Ֆիզիկական քիմիայի դոկտոր Կարո Արմենը Նյու Յորքում հեղինակավոր գործարար է, ձեռներեց եւ մարդասեր: Ներկայումս բազմամիլիոնանոց երկու ընկերությունների հանձնախմբերի նախագահ է, որոնցից մեկը գտնվում է Նյու Յորքում, իսկ մյուսը` Իռլանդիայում: «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերության արտադրած «անձնականացված քաղցկեղային պատվաստանյութն» ուսումնասիրությունների երրորդ փուլում է: Կարո Արմենը նպատակ ունի քաղցկեղի պատվաստանյութը Հայաստան բերելով համաշխարհային առողջապահական շուկայում Հայաստանին որպես քաղցկեղի դեմ պայքարող երկրի առաջատարի ճանաչում տալ: Ի դեպ, պատվաստանյութն արժանացել է պաշտոնական ԱՄՆ-ի հավանությանը: «Այն քիմիաթերապիա չէ, այլ իմունիտետը բարձրացնելով ճնշում է քաղցկեղին: Նոր թեորիա է, որը մարդու մարմնին չի վնասում՝ ինչպես, ասենք, քիմիաթերապիան է: Մեր դեղն օգտագործվում է 2-րդ եւ 3-րդ աստիճանի քաղցկեղի դեպքում, որովհետեւ 4-րդ աստիճանի համար ուշ է»,- ասում է նա` ավելացնելով, որ պատվաստանյութը ոչ թե բուժում, այլ` քաղցկեղով հիվանդի կյանքի տեւողությունն է երկարացնում: «Անթիջենիքս» ընկերությունը դիմել է պաշտոնական Ռուսաստանին` հակաքաղցկեղի պատվաստանյութը վաճառելու համար:
Թուրքիայում ծնված, սակայն ԱՄՆ-ում բնակություն հաստատած այս մարդը լի է գաղափարներով: Նա Հայաստանում առաջին անգամ եղել է 2001-ին, շրջել է գյուղերով եւ այնքան է ազդվել մարդկանց վատ կենսակերպից, որ որոշել է իր ֆինանսական ռեսուրսները գործի դնել գյուղական վայրերի զարգացման ծրագրում: Ծրագիրն այնքան մեծ հաջողություն է ունեցել, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես սկսել է կիրառել այն` կոչելով «Հայաստանի գյուղական համայնքների զարգացման» ծրագիր: «Մեզ հաճույք է պատճառում այն, որ ծրագիրը հաջողվել է, եւ, որ ուրիշներն էլ են այս գործը սկսել։ Մենք երեք ու կես տարվա փորձառություն ունենք, եւ Վարդանին էլ ասել եմ, որ հաճույքով կմասնակցենք, մեր գիտելիքներն ու փորձը կկիսենք»,- ասում է նա: Կարո Արմենն այսօր Արմավիրի մարզի 6 գյուղերի վերակառուցման ծրագիր է իրականացնում:
– Առաջին անգամ, երբ եկա Երեւան՝ շատ ազդվեցի, որովհետեւ «Երեւան» հյուրանոցում էի մնում ու Աբովյան փողոցում լիքը մուրացկաններ էի տեսնում: Հետո, երբ գնացի Քարակերտ գյուղ, ապշեցնող տպավորություն ունեցա, ու այդպես էլ սկսվեց: Գյուղ մտնելուն պես մի փոքրիկ աղջիկ տեսա՝ 3-4 տարեկան՝ Անի անունով: Աղջիկ էր, բայց տղայի սանրվածք ուներ ու ականջին էլ օղ կար: Անիի ու իր հոր հետ խոսեցի: Ասաց, որ գյուղում համատարած գործազրկություն է եւ ապրուստի միակ միջոցը հողագործությունն է, որով կարողանում են օրվա հացն ապահովել: Պատմեց, որ գյուղի բնակիչների վիճակն իրենց վիճակից ծանր է, որովհետեւ ինքն ընտանիքի հացը գոնե կարողանում է ապահովել: Քանի որ աղջկան՝ Անիին, շատ սիրեցի, մի քիչ գումար հանեցի, որ իրենց տամ: Չընդունեց, ասաց՝ դրա կարիքը չունենք: Ստիպեցի, նորից չընդունեց, նորից ստիպեցի, բայց միեւնույն է՝ չընդունեց, ասաց՝ մենք հարեւաններ ունենք, որոնք շատ աղքատ են, եթե կուզեք, իրենց տվեք այդ գումարը: Այդպիսով շատ տպավորվեցի, շատ լավ մարդիկ են ու շատ հպարտ են: Ես ցանկացա այդ մարդկանց օգնել եւ որոշեցի ոչ թե գումար տալ, այլ՝ վերականգնել գյուղը, որպեսզի նրանք աշխատեն: Նրանք շատ աշխատասեր են, բայց գործիք չունեն: Չես կարող տուն սարքել առանց շինանյութի: Մենք չուզեցինք իրենց ձուկ տալ, այլ ուզեցինք, որ իրենք ձուկ բռնելու համար անհրաժեշտ կարթն ունենան: Հայ ժողովրդի ոգին աշխատասեր ժողովրդի ոգի է: 2003-ին, երբ ճամփորդեցի Հայաստանի գյուղերով՝ ուսումնասիրեցի մանկատները, դպրոցներն ու մանկապարտեզները: Սփյուռքի հայերը մեծամասամբ Երեւանի վրա են կենտրոնանում, բայց գյուղերի վիճակը շատ ծանր է: Անկարելի է միայն մայրաքաղաքը զարգացնելով՝ ամբողջ երկրի զարգացումը տեսնել: Քարակերտում հարցուփորձ էինք անում, թե ինչպե՞ս կարելի է գյուղը վերականգնել: Դավթյան ազգանունով մի մարդ նկարագրեց գյուղի վիճակն ու ասաց, որ խմելու ջուր չկա, դպրոցները խայտառակ վիճակում են, չեն ջեռուցվում: Երբ գյուղին օգնելու պատրաստակամություն հայտնեցի՝ նա թերահավատորեն ասաց, որ բոլորն էլ խոստանում են օգնել, բայց գյուղ այցելողներն այլեւս չեն վերադառնում: Իրեն խոստացա 3 ամիսը մեկ անգամ գալ Հայաստան եւ գյուղի վերակառուցման աշխատանքներին հետեւել: Ծիծաղեց ինձ վրա, չհավատաց: 2003-ից հետո ամեն երեք ամիսը մեկ անգամ գալիս եմ:
– Փաստորեն գյուղի վերականգնման ձեր ծրագիրը կյանքի է կոչվել: Անցել է գրեթե 4 տարի, այսօր ի՞նչ է փոխվել Քարակերտում:
– 9 ամիս պահանջվեց մեր ուսումնասիրությունների համար: Քարակերտի բնակչությունն անհանգստանում էր, որ դեռ ոչ մի բան չենք սկսել: 9 ամիս անց գործը սկսեցինք՝ վերանորոգեցինք դպրոցները, մանկապարտեզները, պոլիկլինիկան, հիվանդանոցը, ոռոգման ջրի ցանցը, տեխնիկական ջրի խողովակաշարը: Բացի դա, այս հաստատություններում աշխատող մասնագետներին վերապատրաստում ենք եւ նաեւ մեր բժիշկների միջոցով կարողանում ենք ճիշտ սպասարկում ապահովել: Փորձեցինք ապահովել գիտելիքներով, ինչպես նաեւ՝ գյուղի երեխաների համար պատվաստանյութեր փոխանցեցինք: Քարակերտում 4500 մարդ է բնակվում, իսկ երեխաների թիվը 1200 է: Ծրագիրն իրականացնելուց առաջ 100 ընտանիքներ կային, որոնք չքավորությունից ու սարսափելի պայմաններից ոռոգման ջուր էին խմում: Նույնիսկ հաց չունեին: Անմիջապես միջոցներ ձեռնարկեցինք, որ նրանց ալյուր, շաքար եւ այլ ամենապարզ ուտելիքներով ապահովենք:
– Մտավախություն չկա՞, որ բնակչությունը վարժվելու է օգնություն ստանալուն: Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, ասենք, ինչ-որ մի արտադրություն բացել եւ մարդկանց համար աշխատատեղեր ստեղծել:
– Անշուշտ, ամեն ինչ անում ենք, որ մարդիկ սովորեն ինքնուրույն ապահովել իրենց վաղվա օրը: Այսօր մենք ոտք ենք դնում Քարակերտ եւ հրաշալի, մեծ փոփոխություն ենք տեսնում: Առաջ նայում էիր մարդկանց՝ մեռած էին, շարժում չկար: Քարակերտում այսօր մարդիկ էներգիայով լի են, գյուղը կենդանություն է ստացել: Մենք նաեւ տրանսպորտային գիծ ենք բացել, ավտոբուսներ ենք շահագործում, որպեսզի պատշաճ երթեւեկություն լինի: Նաեւ թերթ ենք տպագրում, որտեղ աշխատում են մեր պատրաստած այդ գյուղի բնակիչ լրագրողները: Թերթը 6 գյուղերի տեղեկատվությունն է ապահովում: Քարակերտում մարդիկ արդեն իրենց ուժերով կահույքի գործարան են բացել: Գյուղում խանութներ են կառուցել: Կենտրոնում մենք նստարաններով, լույսերով այգի էինք կառուցել, իսկ հիմա այդ այգու շուրջը խանութներ են կառուցվել: Ուզում եմ ասել, որ մարդիկ արդեն հավատում են, որ հույս կա, կարելիություն կա: Հիմա այնտեղ բոլորը վազվզում են, նպատակ ունեն, ուզում են առաջ գնալ: Անգամ մարդկանց վարմունքի, կազմակերպվածության մեջ մեծ փոփոխություն կա: Քարակերտի վերակառուցման գործի լուրն անգամ հասել էր Մեղրի: Գյուղապետը 14 ժամ ճամփորդել էր, որ ինձ տեսներ, բացատրեր իրենց գյուղի վիճակը:
– Հայաստանի սահմանամերձ գյուղերում եղե՞լ եք: Արդյոք գիտե՞ք, որ մասնավորապես սահմանամերձ գոտիներում մեծ արտագաղթ կա:
– Մեղրիում, Ղարաբաղում, Վանաձորում, Սյունիքում եմ եղել, բայց մեր գործն ընդլայնելու համար մտածեցինք, որ Քարակերտից սկսելով՝ կներգրավենք նաեւ այդ շրջանի մյուս գյուղերը: Բացի դա, մտադրություն կար, որ մի գյուղի վերականգնմամբ կօգնենք նաեւ հարակից գյուղին եւ այդպես գյուղերի մեծ շրջանակ կապահովենք: Քարակերտի վերակառուցումը մեզ ոգեւորեց եւ ցանկացանք ուրիշ գյուղերում էլ ծրագիր մշակել: Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Շենիկ, Արփենի եւ Մյասնիկյան գյուղերն իրարից բաժանվում են 4-5կմ հեռավորությամբ: Մեր ծրագրի շնորհիվ գյուղերի մեջ մրցակցություն է սկսվել, մարդիկ ուզում են իրենց գյուղն ավելի լավը տեսնել:
– Հիմա շատերի մոտ հարց կծագի, թե Նյու Յորքի եւ Իռլանդիայի հեղինակավոր ընկերությունների ղեկավարի ինչի՞ն է պետք Հայաստանի գյուղական համայնքների վերակառուցումը: Զուտ հայրենասիրության դրսեւորո՞ւմ է:
– Ես Թուրքիայում եմ ծնվել եւ ԱՄՆ-ում հաստատվելուց հետո մշտապես ցանկացել եմ գալ Հայաստան: Քանի որ ֆինանսական ներուժ չունեի՝ չէի կարող այստեղ ինչ-որ բան անել: Հեռվից գիտեի, որ Հայաստանը մեծ դժվարություններ ունի: Մեր դպրոցում թուրք աշակերտները շատ էին, եւ տնօրենն էլ թուրք էր: Ես մեր դասարանցիների մոտ խոսում էի հայկական տարածքների ազատագրման մասին, եւ լուրը հասել էր տնօրենին: Այդ արարքիս համար տնօրենն ինձ պատժեց, ապտակ տվեց: Հայրս չէր ցանկանում, որ ես այնտեղ մնայի, որովհետեւ բնավորությունս անհանդուրժողական էր, բանտ կընկնեի իմ հայատյաց խոսքերի համար: Դպրոցն ավարտեցի ու Թուրքիայից հեռացա: Իմ կարիերայի վերելքից հետո մեծ գումարների հասա, ֆինանսապես ապահովվեցի ու որոշեցի հայրենիքում մի լավ բան անել: Այդպես ծրագիրս կյանքի կոչեցի:
Գալիս ես Երեւան ու, կարծես Միլանում լինես: Շատ քիչ բաներով է տարբերվում Միլանից, բայց գյուղական համայնքներում համատարած թշվառություն է: