Ժանտախտը չի բուժվում

31/08/2007

Օգոստոսի 23-ի դրությամբ Տավուշի եւ Լոռու մարզերում աֆրիկյան ժանտախտի պատճառով գրանցվել է կենդանիների անկման եւ ոչնչացման շուրջ 33 դեպք: ՌԴ-ից Հայաստան ժամանած ռուս մասնագետները, ովքեր փորձաքննություն են անցկացրել նաեւ Աբխազիայում, վերահաստատել են, որ Տավուշի եւ Լոռու մարզերում խոզերի անկման պատճառն աֆրիկյան ժանտախտն է: Ռուս մասնագետները ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ Տավուշում եւ Լոռիում իրականացրել են կենդանիների կլինիկական եւ անատոմիկ ախտորոշում, կենդանիներից վերցված փորձանմուշներն ուղարկվել են միջազգային լաբորատորիաներ: Վերոնշյալ 2 մարզերի 4 ճանապարհների վրա հայտարարվել է կարանտին: ՀՀ Գյուղնախարարության Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ հիվանդ կամ կասկածելի հիվանդ կենդանիները ոչնչացվում են եւ թաղվում 5 մետր խորությամբ հողի տակ: Աշխարհում այս հիվանդության կանխարգելման կամ բուժման միջոցներ հայտնաբերված չեն: Ուստի կանխարգելման համար ախտահանվում է կենդանիների ոչնչացման տարածքը: Հիվանդությունն ամենայն հավանականությամբ ՀՀ է հասել Վրաստանից: Աֆրիկյան ժանտախտը բնորոշ է խոզերին: Հիվանդության ախտանիշերն են կենդանիների վերջույթների արտահայտված կապտությունը, կենդանու հերձման ժամանակ նկատվում է փայծաղի մեծացում եւ որովայնի խոռոչում արյան կուտակում: Հիվանդությունը կարող է զարգանալ եւ կենդանուն հասցնել անկման շուրջ 15 օրվա ընթացքում: Այն փոխանցվում է կենդանուց կենդանու, սակայն մարդու համար վտանգավոր չէ: