Բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի 24-րդ մենամարտը հայերի համար առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ նրա մրցակիցը նույնպես հայազգի բռնցքամարտիկ Խորեն Գեւորն էր: Իր հերթական մենամարտը հաղթանակով ավարտելուց հետո Արթուր Աբրահամը, սովորության համաձայն, ժամանել էր Հայաստան` հաղթանակը հայրենակիցների հետ կիսելու: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Աբրահամը նշեց, որ Գեւորի հետ մենամարտը մյուսներից ավելի ծանր էր, քանի որ բոլոր հայ բռնցքամարտիկներն էլ շատ ուժեղ կամքի ուժ ունեն, եւ ոչ ոք չի ուզում պարտվել. «Հաղթելու համար կրկնակի դժվար էր, բայց ես էլ եմ հայ ու ես էլ չեմ սիրում պարտվել: Կարեւորն այն էր, որ հաղթեցի ու եկա այստեղ` Երեւան: Հաղթանակից հետո միշտ գալիս եմ, «Յունիբանկի» հետ համատեղ ասուլիս ենք անցկացնում, որպեսզի շփվենք լրագրողների հետ»:
Արթուրն ասում է, որ այս մենամարտից ամիսներ առաջ դիտել է Խորեն Գեւորի մասնակցությամբ մարտերը. «Ինքն էլ իմն է նայել: Այդ ժամանակ տեսնում ես նրա սխալները, ուժեղ ու թույլ կողմերը, շնչառությունը եւ այլն: Օրինակ, Խորենի ուժեղ կողմն այն էր, որ անընդհատ հարձակվում էր: Նա ձախլիկ էր եւ ուժեղ հարվածներ ուներ: Նա տեմպով բռնցքամարտիկ է, անընդհատ շարժման մեջ, նեղում է հակառակորդին, բայց եթե դիմանում ես, արդեն լավ է լինում: Պարզապես, Խորենի ամենամեծ սխալն այն էր, որ ինձ հետ մրցամարտի դուրս եկավ: Ինքը հնարավորություններ ուներ ուրիշների դեմ դուրս գալ ու հաղթել»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք մրցավարը սխալ չէ՞ր, որ թույլ տվեց Խորեն Գեւորին 8-րդ ռաունդից հետո շարունակել կռիվը, Աբրահամը պատասխանեց, որ այդպես արդեն հետաքրքիր չէր լինի, որովհետեւ բոլորն էլ ուզում են մինչեւ վերջին շունչը պայքարել. «Ինքը 6 ռաունդ ահավոր բարձր տեմպով աշխատում էր, իսկ ես գիտեի, որ 6-րդ ռաունդից հետո հոգնելու է, երկար չի տեւի: Դա իմ տակտիկան է, պաշտպանվում էի, հանգստանում, մինչեւ որ իմ ժամանակը գար»:
Արթուրն ասում է, որ թե՛ այս, թե՛ մյուս բոլոր մենամարտերից առաջ հոգեբանական ոչ մի խնդիր չի ունենում, հակառակը, հենց այդ ընթացքում նրա տրամադրությունը միշտ պետք է բարձր լինի. «Ես պետք է ծիծաղեմ, ուրախ լինեմ, կատակեմ: Չեմ սիրում շատ լուրջ լինել, նստել ու բռնցքամարտի մասին մտածել: Այս անգամ էլ շատ հանգիստ էի»:
Ի դեպ, Խորենի հետ Աբրահամը Հայաստանում ծանոթ չի եղել, իսկ ահա Գերմանիայում, ճիշտ է` քիչ ժամանակով, բայց մի ակումբում են պարապել. «Ընկերներ չենք եղել, բայց որպես հայ բռնցքամարտիկ` ճանաչել ենք իրար: Մենամարտից հետո նրան ասացի, որ ամենալավ բաներն եմ ցանկանում իրեն: Հետո չեմ զանգել, բայց տեղեկություններ ունեմ: Մեր օգնականները զանգել են Խորենին, երբ հիվանդանոցում էր: Նա ուղեղի ցնցում էր ստացել, բայց արդեն տանն է»:
Արթուր Աբրահամն անդրադարձավ նաեւ հայազգի մյուս հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի վերջերս կրած պարտությանը` ասելով, որ այդ մարտից հետո Վիկի հետ հեռախոսով խոսել է. «Այդ հարվածի ժամանակ կարծես դանակով սրտիս հարվածեին: Մենք մտերիմ ենք իրար հետ, թեեւ հեռու ենք ապրում: Այդ մարտից հետո երեք օր շատ վատ տրամադրություն ունեի: Վիկն ուղղակի մի պահ ուշադիր չեղավ ու հարված ստացավ»:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան Աբրահամից ռեւանշ է պահանջում, Արթուրն ասաց, որ նրանք անընդհատ մեծ-մեծ խոսում են, բայց գործով ոչինչ չեն ապացուցում. «Միրանդայի մենեջերը շատ անհաջող է, դրա համար էլ խնդիրներ ունեն»:
Ի դեպ, Արթուր Աբրահամի մասին ֆիլմը, որը նկարահանում էին գերմանացի լրագրողները, 2008 թվին արդեն լրիվ պատրաստ կլինի: Արթուրի վերջին մարտի ժամանակ դրանից հատվածներ են ցուցադրել:
Աբրահամն իր նախորդ ասուլիսի ժամանակ` մի քանի ամիս առաջ, հայտարարել էր, որ անպայման պետք է հայուհու հետ ամուսնանա: Նա միտքը չի փոխել, երեկ ասաց, որ իր կինը հայ, համեստ ու գեղեցիկ աղջիկ պետք է լինի: Իսկ լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե նրա կինը բռնցքամարտով զբաղվի, Արթուրը կատակով ասաց. «Ավելի լավ, իրար հետ կգնանք պարապմունքների: Իսկ եթե լուրջ, բոքսն աղջկական գործ չէ, թող իրեն ավելի համապատասխան բանով զբաղվի»:
Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 8-ին` Գերմանիայում: Մրցակիցը, սակայն, դեռ պարզ չէ: