Իշխանությունները միշտ պետք է պատրաստ լինեն

12/05/2005 Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ, Մոսկվա-Երեւան

«Էֆեկտիվ քաղաքականության հիմնադրամի» նախագահ Գլեբ Պավլովսկին, որը հմտացել է տարածաշրջանում Վրաստանի, Ուկրաինայի հեղափոխական, նախագահական ընտրությունների PR գործընթացներում, Հայաստանում հնարավոր հեղափոխության մասին ասաց. «Ես, իհարկե, չէի ցանկանա արտահայտվել Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին։ Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ապա դա այսօր մոդայիկ քաղաքական թեմա է։ …Ես կարծում եմ՝ հեղափոխությունը եւ արտահերթ նախագահական ընտրությունները տարբեր բաներ են։ Իսկ արտահերթ ընտրությունները քաղաքական որոշակի գործիք են»։ Ըստ Պավլովսկու՝ արտահերթ նախագահական ընտրությունը որոշակի փոխզիջումային տարբերակ է ենթադրում իշխանության եւ ընդդիմության միջեւ նման ընտրությունների անհրաժեշտության շուրջ։ Արտահերթ ընտրություններ են լինում այն պարագայում, երբ ընդդիմությունը բավարար չափով ուժեղ է իշխանություններին պառլամենտական գործողությունների միջոցով արտահերթ ընտրություններ պարտադրելու համար։ Այդ դեպքում իշխանությունները ստիպված են գնալ այդ ընտրություններին՝ ապացուցելու համար իրենց դիրքորոշումները։ Կամ էլ ընդդիմության եւ իշխանության վերնախավերը համաձայնության են գալիս, որ իրավիճակը հասունացել է խորհրդարանական նոր ընտրությունների համար։ Մեր օրերում, ըստ Գ. Պավլովսկու, իշխանություններն այս երկրորդ տարբերակին միշտ պետք է պատրաստ լինեն։