Ժողով են անելու

25/08/2007

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարել է, թե ծրագրվում է սեպտեմբերին հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ժողով գումարել, որի հիմնական խնդիրը լինելու է քաղաքացիական հասարակության ձեւավորման համար քաղաքականության մշակումը: Առաջարկ կա ստեղծել 5-7 մարդկանցից կազմված խմբեր հանրապետության բոլոր 2000 տեղամասերում, ովքեր ճանաչելով եւ վստահելով իրար՝ կկարողանան վերահսկել ընտրությունը՝ զերծ պահելով այն «նկարչությունից»: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում հավանական առաջադրման հարցին, Ա. Սադոյանն ասել է, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը բավական փորձված քաղաքական գործիչ է եւ լավ հասկանում է, որ այսքան երկարատեւ պարապուրդից հետո քաղաքականություն վերադառնալը լուրջ իներցիոն գործընթաց է եւ երկար ժամանակ է պահանջում»: Սադոյանը նաեւ կարծիք է հայտնել, թե առաջին նախագահի հնարավոր առաջադրման մասին լուրերը «միայն ջուր են լցնում Սերժ Սարգսյանի եւ ընդհանրապես իշխանականների ջրաղացին», իսկ թե ինչպե՞ս են ջուր լցնում, նա չի ասել: Արշակ Սադոյանի կարծիքով՝ բնական առաջնորդը ծնվում է գործունեության մեջ՝ այդ ընթացքում բյուրեղանալով: Այդպիսիներից լավագույնը նա համարում է Վազգեն Մանուկյանին: