Մեր տեղեկություններով, ռուսական «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունը պատրաստվում է գնել հայաստանյան «Հայներարտբանկը», որի հետ ընթանում է բանակցությունների վերջին փուլը: Վերջին շրջանում քննարկվում է նաեւ հայկական մեկ այլ` «Առէկսիմբանկի» վաճառքի լուրը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցանկանում է գնել ռուսական «Գազպրոմբանկը»: Եթե այս գործարքները կայանան, ապա Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր հիմնական ոլորտներում հաստատված ռուսական կապիտալը զգալիորեն կընդլայնվի նաեւ բանկային համակարգում: Ի դեպ, պատահական չէ, որ հայաստանյան բանկերը ռուսական ընկերություններին վաճառելու մասին տեղեկություններ տարածվեցին հատկապես Ռոբերտ Քոչարյանի` Ռուսաստանում գտնվելու օրերին: Բացառված չէ, որ նաեւ նշված բանկերը ռուսներին վաճառելու հարցը եղել է Քոչարյան-Պուտին բանակցությունների օրակարգում: Իսկ եթե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Քոչարյանը զբաղեցնելու է Հայաստանում գործող ռուսական ընկերություններից կազմված կոնսորցիումի ղեկավարի պաշտոնը, ապա հասկանալի է, որ Քոչարյանն իր պաշտոնավարման վերջին ամիսներին ամեն ինչ անելու է հնարավորինս մեծ թվով հայկական ընկերություններ ռուսներին վաճառելու համար: