Վաղն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունենալու ԱԼՄ հոլդինգի ղեկավար, Ժողովրդական կուսակցության նախագահ, հայ մեծ «երգահան» Տիգրան Կարապետի Կարապետյանի հեղինակային երեկոն: Ինչպես երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ նշեց «արվեստագետը», երեկոն լինելու է հրավիրատոմսերով, իսկ դրանք բոլորը վաղուց սպառվել են. պահանջարկն անչափ մեծ է: «Մեծ պահանջարկ կա: Բոլոր հրավիրատոմսերն արագ սպառվել են: Մարդիկ զանգում են, խնդրում են…: Այնտեղ կլինի հարցուպատասխան, հուշեր: Կպատմեմ մանկության մասին»,- երեկ նշեց Տ. Կարապետիչը: Նրա երկրպագուներին այդ օրն անակնկալ է սպասվում. լինելու են բազմաթիվ երգերի պրեմիերաներ, որոնցից 5-ի հեղինակն անձամբ Տ. Կարապետիչն է: Երգերը հիմնականում սիրո մասին են, բայց հեղինակը նաեւ գրում է քաղաքական երգեր: Ահա նրանցից մեկից երկու հանճարեղ տող.
«Ամեն ինչ անում եք հակառակ,
Աշխարհով մեկ դարձել ենք խայտառակ»:
Չի բացառվում, որ առաջիկայում թողարկվի նաեւ «մաեստրոյի» ձայնասկավառակը: Իսկ դժվար չէ՞ համատեղել քաղաքական գործունեությունը ստեղծագործական կյանքի հետ: «Ի վերուստ մենք բոլորս ստեղծագործող ենք, արարող ենք: Եթե դուք չեք գտել ձեր մեջ դեռ այդ հոսանքները, կգտնեք: Ես էլ եմ ուշ հայտնաբերել»,- անկեղծացավ Կարապետիչը: Իսկ վաղվա հեղինակային երեկոն բացելու է Ռուբեն Հախվերդյանը: Ինչպես հայտնի է, «երգահան» Կարապետիչը բազմիցս հայտարարել է ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Նա հավակնում է լինել «ժողովրդի թեկնածուն»: Կարապետիչը համոզված է, որ որպես նախագահի թեկնածու կստանա մի քանի անգամ ավելի շատ ձայն, քան ԱԺ վերջին ընտրության ժամանակ իրեն «սկուտեղի վրա սիրուն ձեւով մատուցեցին»: Իսկ ինչո՞ւ է Կարապետիչը վստահ, որ նախագահական ընտրություններում չի ստանալու նույն պատկերն, ինչ եղավ մայիսի 12-ին: «Եթե չլիներ համոզվածություն, աշխարհն առաջ չէր քայլի: Հասկանում ե՞ք: Ամուսինները, որ երեխա են ուզում ունենալ, պետք է փորձ անեն: Եթե չանեն, չեն ունենա»,- նման պատկերավոր բացատրություն ներկայացրեց ԺԿ ղեկավարը: «Ես պետք է լինեմ խաղի մեջ՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ,- նշեց բանախոսն ու շարունակեց,- Առաջինը, որ դրա մասին չմոռանան: Գիտե՞ք ինչ, օրինակ, սեղանի շուրջ միշտ կանանց կենացը խմում են երրորդը: Ինչո՞ւ. որ չմոռանան: 4-րդ, 5-րդը կարող է հարբեն, մոռանան: Ուրեմն՝ թող չմտածեն, որ կարող են ժողովրդին առնել: Հասել է աբսուրդ վիճակի. մեկը քար է բաժանում, մեկը հավ է տալիս, մեկը ձու է տալիս… ով ինչ ունի՝ բաժանում է ժողովրդին, որ ձայն հայթայթի»: Կարապետիչի խոսքերով՝ կա մի ճանապարհ. մաքուր, արդար ճանապարհ, եւ ինքն այդ ճանապարհով է գնալու: Միաժամանակ նա նաեւ նշեց. «Վախեցող չեմ. ո՛չ գրիժա ունեմ, ո՛չ շաքար: Ամեն ինչ նորմալ ա»: «Իսկ ռադիկուլի՞տ»,- հետաքրքրվեց լրագրողներից մեկը: «Ռադիկուլիտ էլ չունեմ: Հզոր եմ, բոլոր բարեմասնություններն աշխատում են»,- հանգստացրեց Կարապետիչը:
Իսկ քաղաքական այն գործիչը, ով համարում է, որ Սերժ Սարգսյանն այսօր այլընտրանք չունի, Տիգրան Կարապետիչի խոսքերով, չի հարգում հայ ժողովրդին: «Դա սապոնվելու խնդիրներն են, երբ մեկը ցանկանում է առաջինն ասել՝ տեսեք, այլընտրանք չունի Սերժ Սարգսյանը, դրանով ինքն իբրեւ դառնում է կողմնակից կամ իր կարծիքն է հայտարարում՝ ինչ-ինչ պատճառներով: Սերժ Սարգսյանը ծանր հրետանի է, առաջնային լիդերներից է, բայց ոչ մեկն իրավունք չունի ասել, թե՝ գիտե՞ք ինչ՝ այլընտրանք չկա: Դե ուրեմն՝ չանենք ընտրությունը, հարկատուների գումարները չծախսենք»,- առաջարկեց Կարապետիչը, սակայն քիչ հետո նշեց, թե դեռեւս չի կարող նշել որեւէ մեկին, ով կարող է հաղթել Ս. Սարգսյանին: Հետաքրքիր է, իսկ «Մետելիցայի» հանդիպումներին ընդդիմադիրները Կարապետիչին հրավիրե՞լ են, կամ եթե հրավիրեին՝ կգնա՞ր: «Ուրեմն՝ եղել է փոքր, ոչ թե հրավեր, այլ փորձեցին տեսնել՝ որքանով ես նեղացած եմ ընտրություններից հետո: Ես ասացի՝ գիտե՞ք ինչ, ես տեղում եմ, ես իմ սկզբունքները չեմ փոխում: Չնայած ասացի, որ եթե պետք է, մեր եթերն այսօր ազատ է, բառիս բուն իմաստով՝ անկախ եւ ազատ, եւ մենք կարող ենք որոշակիորեն, որը մեր սկզբունքներին չի հակասում՝ եւ՛ եթեր տալ, եւ՛ աջակցել»,- պարզաբանեց ԱԼՄ-ի ղեկավարը:
Վերջինս կարծիք հայտնեց, թե նախագահի առաջիկա ընտրության ժամանակ ընդդիմության մի հատվածը, ինչպես, օրինակ, Արամ Կարապետյանը, իշխանություններին «ավելի գեղեցիկ, ավելի նորովի կհայհոյի» ու կստվերի Արտաշես Գեղամյանին եւ որոշակի ձայներ կտանի: Եվրոպական թեկնածու Արթուր Բաղդասարյանն էլ «պետք է այնպիսի տոկոս հավաքի, որ Եվրոպան միշտ էլ հույսը կապի նրա հետ, չհուսահատվի. ամենապակասը 10 տոկոսի բարձր պետք է լինի»: Իսկ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ լինի, եւ երկրորդ փուլում հայտնվեն Սերժ Սարգսյանն ու Տիգրան Կարապետյանը, Կարապետիչը կզիջի՞ Ս. Սարգսյանին: «Այդքան անխելք մարդու տպավորություն եմ թողնո՞ւմ»,- ի պատասխան հարցրեց անզիջում Կարապետիչը:
Երեկ նա նաեւ նշեց, որ, օրինակ, Արագածոտնի մարզի ընտրատարածքներից մեկում ԱԺ ընտրության ժամանակ ԺԿ-ի 600-ից ավելի քվեների կեսից ավելին տրվել է Հանրապետական կուսակցությանը: Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ Գեղարքունիքի մարզի մի ընտրատեղամասում, որտեղ ԺԿ-ն չի ունեցել վստահված անձ, Գեղարքունիքի մարզպետը մտել եւ ԺԿ-ի օգտին քվեարկած բոլոր քվեաթերթիկները դրել է այլ կուսակցության օգտին: Կարապետիչը վստահեցրեց, որ գալու է ժամանակ, երբ իրենք հրապարակելու են բոլոր այդ տվյալները: