Նոր մեղադրանք

25/08/2007

Անցյալ տարի Մոսկվայի մերձակայքում Հայաստանի քաղաքացի Նարեկ Քոչարյանի սպանության մեջ մեղադրվողներին եւս մի մեղադրանք է ներկայացվել՝ ազգամիջյան ատելության հրահրում: Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի դատախազությունը նման մեղադրանք է ներկայացրել 15-ամյա Նարեկի սպանության մեջ չորս մեղադրվողներից երկուսին: «Ինտերֆաքսը» հիշեցնում է, որ անցած տարվա աշնանը երկու երիտասարդներ՝ երկու հանցակիցների հետ, գտնվելով ոչ սթափ վիճակում, Իվանտեեւկա կայարանում ծեծել եւ դանակահարել են Նարեկին, ով ստացած վերքերից մահացել է: Մեկ ամիս անց ձերբակալվել են Իվանտեեւկայի չորս երիտասարդ բնակիչներ, որոնցից երկուսը՝ անչափահաս: Նրանց մեղադրանք է ներկայացվել դիտավորյալ սպանության հոդվածով: Սա Մոսկվայի մարզում հայի սպանության միակ դեպքը չէ: 2006 թվականի մայիսին գնացքում սպանվել է 19-ամյա Արթուր Սարդարյանը: Վկաները պնդում են, որ նրա վրա հարձակվողները վանկարկում էին՝ «Փառք Ռուսաստանին»: