Ողջունում են եւ ափսոսում

25/08/2007

Երեկ Ամերիկայի հայկական համագումարը տարածել է հայտարարություն, որում դրական է գնահատել FM ցանցով «Ազատություն» ռ/կ-ի հաղորդումները հեռարձակելու որոշումը:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է վերջերս ստացված տեղեկությունը, որ «Ազատություն» ռադիոկայանի հայալեզու ծրագրերը շարունակելու են հեռարձակվել FM մասնավոր ռադիոցանցով: Համագումարն ափսոսանք է հայտնում, որ այդ կայանի հեռարձակման ծածկույթն ավելի փոքր է, քան ավելի վաղ՝ Հայաստանի հանրային ռադիոցանցով: Համագումարը հուսով է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության` հեռարձակման համար պատասխանատու մարմինների միջեւ, որպեսզի ժողովրդականություն վայելող այդ լրատվամիջոցը վերստին մատչելի լինի Հայաստանի բոլոր շրջաններում: Խնդրի մասին առաջին անգամ հայտնի դարձավ, երբ Հայաստանի խորհրդարանը չկարողացավ ընդունել օտարերկրյա լրատվամիջոցների հեռարձակմանը լրջորեն սպառնացող նոր օրենքը: Տվյալ ծրագրերի, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման համար նոր խոշոր տուրք էր առաջարկվում: Այդ օրենսդրության տապալումը հնարավորություն տվեց «Ար ռադիո» միջմայրցամաքային ընկերության հետ բանակցել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերի հեռարձակումը շարունակելու համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, թեպետ` ավելի փոքր լսարանի համար: Իր հիմնադրումից ի վեր, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հեռարձակումներն Արեւելյան Եվրոպայում նպատակ են ունեցել ունկնդիրներին մատուցել հավաստի լուրեր եւ տեղեկատվություն: Այդ հեռարձակումները խթանում են ժողովրդավարական արժեքները եւ տեղական լրատվամիջոցների համար որպես մոդել են ծառայում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Բալթյան երկրներ եւ Ռուսաստան, Սեւ ծով եւ Կովկաս, որտեղ երկրները պայքարում են ժողովրդավարական հաստատությունների կայացման, քաղաքացիական իրավունքների պաշտպանության, ազգամիջյան թշնամանքին եւ տարածաշրջանային հակամարտություններին վերջ տալու համար: Հայկական համագումարը սատարում է այդ նպատակներին եւ հավատում, որ ժողովրդավարության վրա հիմնված քաղաքական կայունությունն էական է խաղաղության համար` տարածաշրջանում, որտեղ ազատություն ձեռք բերած հասարակությունները պահանջ ունեն տեղեկատվության ազատ հոսքի: «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հեռարձակումները ճշգրիտ, կուսակցական ազդեցություններից զերծ տեղեկատվության կարեւոր աղբյուր են: Դրանք իրենց հայաստանյան եւ մյուս լսարաններին մատուցում են միջազգային եւ ներքին զարգացումներին վերաբերող վերջին լուրերը»: