ՀՅԴ սպեկտրը նեղ չէ

25/08/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հայաստանի իշխանական վերնախավում այսօր քննարկվող հիմնական թեման 2008թ. նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելն է: Ըստ էության, նույն իրավիճակն է նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ:

Վերջիններս նույնպես ամեն ինչ փորձում են այնպես դասավորել, որ երկրորդ փուլի հնարավորությունը հասցվի նվազագույնի: Դրա համար երկու կողմերում էլ այսօր բանակցություններ են ընթանում միասնական թեկնածու ներկայացնելով հանդես գալու հարցի շուրջ: Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ ընդդիմադիր համարում ունեցող ուժերը համաձայնեն պաշտպանել, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եթե, իհարկե, Հայաստանի առաջին նախագահը համաձայնի առհասարակ առաջադրել իր թեկնածությունը, իսկ իշխանություններն ուզում են, որպեսզի այս թեւի բոլոր ուժերի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը: Իշխանությունների, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ-ի համար միակ խնդիրը, որպես այդպիսին, իր կիսակոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն է, որը, ինչպես արդեն հայտարարել էր` անպայման ունենալու է նախագահի իր թեկնածուն: Այս օրերին տարբեր մակարդակի բանակցություններ են ընթանում ՀՅԴ-ի հետ, որին սեփական թեկնածու չառաջադրելու դիմաց լուրջ պորտֆելներ են խոստանում: Սակայն, ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ-ն առայժմ անդրդվելի է: Օրինակ, ՀՅԴ-ին խոստացել են, որ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու դեպքում, ի թիվս այլ պաշտոնների, նրանց կվերապահվի նաեւ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը, որի վրա աչք ունի Գեղարքունիքի նախկին մարզպետ (Դաշնակցության ներկայացուցիչ), այժմ նախագահի Վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արսեն Գրիգորյանը: ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանից երեկ հետաքրքրվեցինք` արդյոք ՀՅԴ-ն կհրաժարվի՞ նման պայմանների դեպքում հրաժարվել իր թեկնածուն ունենալու գաղափարից, թե՞ ոչ: «Առաջին` նման խոսակցություններն ընդհանրապես իրականության հետ որեւէ եզր չունեն: Երկրորդ` բոլորին հայտնի է, որ նման թեմաներով Դաշնակցության հետ ոչ թե ինչ-որ բան խոսել, այլ բանակցություններ վարելն իմաստ չունի: Եվ երրորդ` ես չեմ կարծում, թե նախագահական ընտրություններում այս կամ այն ուժի կողմից թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցը կարող է դառնալ նմանատիպ բանակցությունների հիմք: Այսինքն` չեմ կարծում, թե իմաստ ունի նմանատիպ բանակցություններ վարել որեւէ քաղաքական ուժի կողմից` նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել-չառաջադրելու կապակցությամբ: Այսինքն` այս խոսակցություններն, այսպես ասած` վերջին շրջանում հայաստանյան լրատվամիջոցների շրջանակում պտտվող ինչ-որ ինտրիգային երանգներ պարունակող խոսակցությունների շարունակությունն են»,- հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը: Ի դեպ, այսօր քաղաքական շրջանակներում քննարկվող վարկածներից մեկն էլ այն է, որ ՀՅԴ-ի` սեփական թեկնածու առաջադրելու քայլը նույն իշխանական պրոյեկտի մի մասն է, այն դեպքում՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը: Այսինքն` պայքարելով Տեր-Պետրոսյանի դեմ, ՀՅԴ-ն իրականում կաջակցի Սերժ Սարգսյանին: Ի պատասխան այս դիտարկման՝ Սպարտակ Սեյրանյանն ասաց. «Նախ՝ դեռ ոչ ոք, ինձ թվում է` այդ թվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չգիտի` ինքը որպես թեկնածու առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Երկրորդ` ես չեմ կարծում, թե ՀՅԴ-ի համար քաղաքական կամ գաղափարական պայքարի կամ մրցակցության միակ թեմատիկան Լ. Տեր-Պետրոսյանի դեմ կամ Լ. Տեր-Պետրոսյանի մասին խոսելն ու քննարկելն է: Այսօր ՀՅԴ քաղաքական օրակարգում շատ ավելի լուրջ խնդիրներ ու թեմաներ կան, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մրցակցելը կամ նրա դեմ պայքարելն է: Ես հասկանում եմ, որ շատերը կուզենային, որպեսզի ՀՅԴ-ի քաղաքական գործունեության սպեկտրը նեղանար այն աստիճան, որ հասներ ընդամենը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելուն: Ես հասկանում եմ, որ շատերն այսօր հենց այդպիսին կուզենային տեսնել Դաշնակցությանը, բայց ես հավաստիացնում եմ, որ ՀՅԴ-ին հուզող հարցերը Հայաստանի, հայության, ժողովրդի ճակատագրի, պետության զարգացման հեռանկարների, զարգացման տրամաբանության հետ կապված տարբեր խնդիրների լուծման տարբերակների մասին շատ ավելի հետաքրքիր են, քան ինչ-որ առանձին քաղաքական ուժի կամ առանձին քաղաքական գործչի դեմ խոսելու կամ նրա դեմ պայքարելու հեռանկարն ու հետաքրքրությունն է: Անձամբ ես` որպես թերթի խմբագիր, վերջին հինգ տարվա ընթացքում երեք նախադասություն ՀՀՇ-ի մասին չեմ գրել այն պարզ պատճառով, որ ինձ այդ թեման հետաքրքիր չէ»:

Հաշվի առնելով դաշնակցականների կողմից հնչեցված տարաբնույթ հայտարարությունները` կապված իրենց կողմից առաջադրվելիք հնարավոր թեկնածուի կուսակցական պատկանելության հետ, Սպարտակ Սեյրանյանից նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք իրենք արդեն գոնե որոշե՞լ են` իրենց թեկնածուն դաշնակցակա՞ն է լինելու, թե՞ անկուսակցական: Ս. Սեյրանյանը հայտարարեց, որ իրենց թեկնածուն անպայմանորեն լինելու է դաշնակցական: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր թեկնածուի անունը հրապարակելու է սեպտեմբերին կայանալիք ՀՅԴ ԳՄ ժողովում: Եթե, իհարկե, մինչեւ սեպտեմբեր միտքը չփոխի` Հայաստանի նախագահի ընտրությանը խնդիրն էլ համարելով «նեղ սպեկտրի հարց»: