Պուտինն ուրախ է

25/08/2007

«Շատ ուրախ եմ նշել, որ մեր հարաբերությունները վատ չեն զարգանում, աճում է ապրանքաշրջանառությունը, իսկ քաղաքական ոլորտում մեր հարաբերությունների մասին չեմ էլ խոսում: Մեր հարաբերությունները հիրավի դաշնակցային բնույթ են ձեռք բերել»,- Սոչիում նախօրեին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտնել է, որ պետությունների ղեկավարները նշել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների եւ, մասնավորապես, ներդրումային համագործակցության զարգացման դրական դինամիկան: Հայտնելով, որ հանդիպման մասնակիցները գնահատել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության բարձր ծավալները, Պրիխոդկոն ընդգծել է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 70%-ով: «Նախագահ Քոչարյանը բարձր է գնահատել իր երկրի տարածքում ներդրումներով ռուսաստանյան բիզնեսի հետաքրքրվածությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը: Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ «ակտիվ քննարկման փուլում են նաեւ էներգետիկան եւ տրանսպորտային ցանցի զարգացման հարցերը»: Իսկ ռուսական մամուլում տեսակետ կա այն մասին, որ Պուտին-Քոչարյան հանդիպման ժամանակ քննարկվել է նախագահական ժամկետից հետո Քոչարյանի ապագայի խնդիրը: Տեղեկությունների համաձայն, ստեղծվելու է մի մարմին, որը համակարգելու է Ռուսաստանի ներդրումներով ձեռնարկությունների աշխատանքը, որն էլ գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը: