Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն օգոստոսի 26-27-ին կմասնակցի Սլովենիայի Բլեդ քաղաքում կայանալիք ամենամյա ֆորումին, որը տեղի կունենա «Եվրամիություն-2020. ընդլայնում եւ ինտեգրում» խորագրի ներքո: Համաժողովին նախատեսվում է մի շարք երկրների ղեկավարների, արտգործնախարարների, քաղաքական գործիչների, Եվրամիության պաշտոնյաների եւ վերլուծական կենտրոնների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը, ովքեր կքննարկեն Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերները: Վարդան Օսկանյանը ելույթ կունենա այդ հավաքում: Սեպտեմբերի 3-4-ը Վարդան Օսկանյանը Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հրավերով կմասնակցի Եվրամիության «Նոր հարեւանության» քաղաքականության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա կգտնվեն Եվրոպական հարեւանության քաղաքականության 16 մասնակից երկրների արտգործնախարարները: Բրյուսելում գտնվելու ընթացքում Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ: