Երեկ Ոստիկանությունը տարածել է մի հաղորդագրություն` կապված չորեքշաբթի օրը «Տրիումֆ» սրճարանում տեղի ունեցած «ռազբորկայի» հետ:
«Վերջին օրերին մամուլում պարբերաբար տեղեկատվություն է հրապարակվում մայրաքաղաքի «Տրիումֆ» սրճարանի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, որն, ըստ որոշ լրատվամիջոցների՝ ուղեկցվել է կրակոցներով. որոշների՝ պարզապես զենքի ցուցադրմամբ, մեկն ինչ-որ ծեծված ոստիկան է հիշատակում, մյուսը՝ թե ոստիկաններն ուշացումով են տեղ հասել, մի լրագրողը խոսում է տասնյակ «Ջիփերի» մասին, որ տեսել ու նկարագրել են միջադեպի վկաները (չգիտես ինչու՝ պետհամարանիշերը չնշելով), մյուսը հայտարարում է, թե մարդիկ վախեցած են ու ոչինչ չեն պատմում: Եվ այսպես շարունակ»,- փորձելով հերքել մամուլի հրապարակումները` նշել է Ոստիկանությունը, այնուհետեւ ներկայացրել ըստ իրենց տեղի ունեցածը: «Իսկ իրականում տեղի է ունեցել հետեւյալը: Օգոստոսի 22-ի ժամը 18:30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «Թռչող առագաստ» սրճարանի հարեւանությամբ վիճաբանություն է տեղի ունենում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը վիճաբանության փաստ չի արձանագրել, իսկ հիշյալ սրճարանի աշխատակիցներն իրենց բացատրություններում նշել են, որ «Թռչող առագաստում» որեւէ վիճաբանություն չի եղել»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում, որն առաջին հայացքից պետք է այսքանով ավարտվեր: Սակայն այնուհետեւ շարադրվում է հետեւյալը: «Ստացված տեղեկությունների համաձայն՝ վեճը տեղի է ունեցել «Տրիումֆ» սրճարանի հարեւանությամբ: «Տրիումֆի» աշխատակիցները նշել են, որ բուն սրճարանում ոչ մի միջադեպ չի եղել. վեճը տեղի է ունեցել հաստատության դիմացի մայթին, 14-16 տարեկան պատանիների միջեւ, որոնք շուտով հեռացել են»,- այսինքն` Ոստիկանությունը սկզբում հերքում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել, այնուհետեւ հաստատում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել: Այս հանճարեղ եզրահանգմանը գալու համար հայրենի իրավապահներից պահանջվել է ուղիղ երկու օր: Ի դեպ, Ոստիկանության պատասխանատուներին տեղեկացնենք, որ «168 Ժամի» թղթակիցը դեպքի օրը զանգահարել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սայադ Շիրինյանին, որը «կտրականապես» հերքել է, թե «Տրիումֆում» առհասարակ միջադեպ է տեղի ունեցել այդ օրը: Այսինքն` երեկվա հաղորդագրությամբ (որը, ամենայն հավանականությամբ, գրել է Սայադ Շիրինյանը)՝ Ոստիկանությունը կտրականապես հերքել է Սայադ Շիրինյանի հայտարարությունը: Ի դեպ, երեկ չորեքշաբթի օրը կատարվածի կապաkցությամբ պարզաբանումներ է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե «Տրիումֆ» սրճարանի մոտ բախված կողմերը եղել են Գագիկ Ծառուկյանի եւ Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները: «Ես չգիտեմ, թե ինչ բախում է տեղի ունեցել «Տրիումֆում»: Դա իրավապահների գործն է, բայց որ բախման կողմերից մեկը հաստատ Գագիկ Ծառուկյանը չի եղել՝ դրանում ես վստահ եմ, միանշանակ հայտարարում եմ»: Գուցե Գագիկ Ծառուկյանը պարզապես տեղյակ չէ՞: Այս հարցադրմանը Զոհրաբյանն արձագանքել է. «Ես չգիտեմ՝ մնացած գործարարները, որոնք ունեն նման ծառայություն` թիկնապահական, իրենց թիկնապահների գործունեությանը տեղյակ լինո՞ւմ են, թե՞ ոչ, բայց միանշանակ վստահեցնում եմ, որ պարոն Ծառուկյանը տեղյակ է թե՛ թիկնապահների, թե՛ այլ աշխատակազմի գործունեությանը: Դա ուղղակի բացառվում է»: ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ, ով նաեւ «Հրազդան» հոլդինգի նախագահ, նույնպես հանրապետական Աշոտ Աղաբաբյանի քրոջ ամուսինն է, պարզաբանումներ է տվել Աղաբաբյանի վերջին աղմկոտ «ռազբորկաներում» ունեցած մասնակցության վերաբերյալ: «Փորձում են պրովոկացիոն լուրեր տարածել: Աշոտ Աղաբաբյանը, տասն օր է՝ Երեւան քաղաքում չէ, եւ որպես «օխրանա» հասկացություն՝ նման կառույցներ չունի»: Սահակյանը հերքել է տեղեկությունները, թե «Հրազդան» տոնավաճառի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ կան: «Որեւէ խնդիր լինել չի կարող, «Հրազդան» տոնավաճառը եւ՛ հարկային քաղաքականությամբ, եւ՛ ընդհանրապես իր գործունեությունը բավարար եւ լավ ձեւով կարողանում է կատարել, եւ նորից պրովոկացիոն լուրեր են՝ փորձում են ինչ-որ բաներ գտնել, որ իբրեւ թե Հանրապետականի մեջ խնդիրներ կան, եւ արդեն ունեցվածքի բաժանման խնդիր է»,- ասել է Գ. Սահակյանը: