Հեռահաղորդակցության շուկան ազատականացվեց

25/08/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում կայացրեց «ԱրմենՏել» ընկերությանը զրկել հեռահաղորդակցության ոլորտում ունեցած մենաշնորհային իրավունքներից: Այս որոշումը անակնկալ չէր, քանի որ դրա մասին խոսվում էր դեռեւս մեկ տարի առաջ: Անցած տարեվերջին, երբ ռուսական «ՎիմպելԿոմը» պատրաստվում էր գնել «ԱրմենՏելի» 90 % բաժնեմասը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընկերությանը վաճառել իր 10 % բաժնեմասը` պայմանով, որ նոր սեփականատերերը հրաժարվեն իրենց մենաշնորհային իրավունքներից: Ավելի ուշ «ՎիմպելԿոմի» ներկայացուցիչ, այսօր արդեն՝ «ԱրմենՏելի» տնօրեն Օլեգ Բլիզնյուկն էլ հայտարարեց, թե իրենք պատրաստ են հրաժարվել մենաշնորհային իրավունքներից եւ աշխատել ազատ շուկայական պայմաններում: Գործարքից հետո որոշվել էր, որ թիվ 60 լիցենզիան կփոփոխվի նոյեմբերի 14-ին, սակայն բանակցությունների արդյունքում երկու կողմերն էլ որոշել են այդ ժամկետը մեկուկես ամսով կրճատել: Իսկ այս որոշումը կարելի է նշանակալի համարել այն առումով, որ դրա արդյունքում «ԱրմենՏելը» զրկվեց հեռահաղորդակցության շուկայում թվով 8 ծառայությունների համար ունեցած բացառիկ իրավունքներից, ինչը կարող է առաջիկայում գոնե այդ ծառայությունների որակի բարձրացման նախադրյալ հանդիսանալ: Մեր երկրում հեռահաղորդակցությունը եւ էլեկտրոնային կապը բավականին վատ վիճակում են թե՛ որակական, թե՛ գնային առումով: Հայաստանի քաղաքացիներն օգտվում են «ԱրմենՏելի» կապի ցածրորակ ծառայություններից եւ դրա համար վճարում են շատ բարձր գումարներ: Ազատականացումից հետո սպասվում է, որ շուկա մուտք կգործեն էլեկտրոնային կապի տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններ, եւ մրցակցության արդյունքում կապի որակը կբարձրանա: Սպասվում է նաեւ, որ կնվազեն սպասարկվող ծառայությունների սակագները: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2005թ., երբ բջջային կապի շուկա մուտք գործեց երկրորդ օպերատորը՝ «Վիվա Սելլը»: Բջջային կապի 1 րոպեի արժեքը 250 դրամից աստիճանաբար իջավ մինչեւ 70-40, որոշ դեպքերում՝ նաեւ 8 կամ 18 դրամի: Թեպետ այս սակագներն էլ դեռ համարվում են բավականին բարձր եւ այդ ընկերությունների համար գերշահույթ ապահովող: Սակայն ֆիքսված կապի դեպքում «ԱրմենՏելի» մենաշնորհը գործնականում պահպանվելու է, որովհետեւ ոչ մի ընկերություն Հայաստանի նման փոքր շուկայում լարային նոր ցանց չի ստեղծի, քանի որ դրա համար հսկայական ներդրումներ անհրաժեշտ կլինեն, ինչը փոքր շուկայի պարագայում արդարացված չի լինի: Ավելացնենք, որ ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող բոլոր այն ընկերությունները, որոնք ամիսներ առաջ դադարեցրել էին իրենց գործունեությունը, հոկտեմբերի 1-ից հետո կարող են հայտ ներկայացնել եւ նորից ծառայություն մատուցել:

ՀՊԾ հանձնաժողովը երեկ «ԱրմենՏելին» վերաբերող եւս մեկ կարեւոր որոշում ընդունեց: Թիվ 60 լիցենզիայի փոփոխություններից հետո հաջորդ որոշումը վերաբերում էր ընկերության մատուցած ծառայությունների սակագների սահմանմանը, ավելի ճիշտ` գործող սակագները անփոփոխ թողնելուն: Դեռեւս հունիսի 1-ին «ԱրմենՏելը» հայտ էր ներկայացրել հեռահաղորդակցության ոլորտի սակագների վերաբալանսավորման վերաբերյալ: Ընկերությունն առաջարկել էր բարձրացնել մի շարք ծառայությունների սակագները: Մասնավորապես առաջարկել էր ֆիքսված հեռախոսակապի վարձը բնակիչ-բաժանորդների համար 1100-ից դարձնել 2040 դրամ, բնակիչ-բաժանորդների համար՝ 4000 դրամով, իսկ գործարար բաժանորդների համար՝ 5000 դրամով բարձրացնել հեռախոսակապի միացման վարձը: Առաջարկել էր նաեւ ինտերնետ հասանելիության րոպեավճարը 1 դրամից դարձնել 2 դրամ եւ այլն: Այդ ժամանակ հանձնաժողովը մերժեց «ԱրմենՏելի» հայտը՝ պատճառաբանելով, թե սակագները բարձրացնելու մասին ընկերության հիմնավորումները բավարար չեն: Որոշվեց, որ դրանից հետո կողմերը պետք է անցնեն 45-օրյա բանակցությունների փուլին: Սակայն բանակցությունների ժամկետը դեռ չավարտված՝ «ԱրմենՏելը» որոշեց ետ վերցնել իր հայտը: Այսինքն, որոշեց չբարձրացնել իր մատուցած ծառայությունների՝ դեռեւս 2005թ. գործող սակագները: Սա, իհարկե, բաժանորդների համար լավ որոշում է, սակայն մտորելու տեղիք էլ է տալիս: Ինչո՞ւ ընկերությունը միանգամից ետ կանգնեց իր որոշումից, ինչո՞ւ որոշեց անփոփոխ թողնել սակագներն այն դեպքում, երբ ընդամենը 2 ամիս առաջ առաջարկել էր դրանք կտրուկ, որոշ դեպքերում՝ նաեւ կրկնակի չափով բարձրացնել:

«Մենք հիմա էլ կարծում ենք, որ մեր առաջարկած տարբերակը ամենաօպտիմալն էր,- նշված հարցերին ի պատասխան՝ հայտարարեց Օլեգ Բլիզնյուկը: -Բայց քանի որ բանակցությունների ընթացքում հանձնաժողովի հետ ընդհանուր հայտարարի չեկանք, որոշեցինք այդ հարցը որոշ ժամանակ թողնել: Դրան նորից կվերադառնանք շուկան ազատականացնելուց հետո»:

«Ճիշտ կլինի, որ այս որոշումից հետո գոնե 6 ամիս աշխատեն, վերլուծեն նոր պայմանները, հետո նոր սակագները վերաբալանսավորելու մասին հայտ ներկայացնեն»,- ասաց ՀՊԾՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ինչպես ասացինք, սպասվում է, որ հեռահաղորդակցության ոլորտն ազատականացնելուց հետո «ԱրմենՏելն» իր որոշ ծառայությունների սակագները կնվազեցնի: Սակայն, դրան հակառակ, ընկերությունն արդեն կկարողանա գործնականում ինքնուրույն բարձրացնել ֆիքսված հեռախոսակապի ամսական վարձը եւ րոպեավճարը, ինչը եւ ցանկանում էր անել շատ վաղուց: Ընկերության ղեկավարներն անընդհատ հայտարարում են, թե ֆիքսված հեռախոսակապի ծառայություն մատուցելիս իրենք վնասով են աշխատում եւ մի ծառայությունից ստացած շահույթով սուբսիդավորում են լարային հեռախոսացանցի վնասները: Բայց ո՛չ հանձնաժողովը, ո՛չ էլ ընկերության ներկայացուցիչները չմանրամասնեցին, թե կոնկրետ ի՞նչ չափով է սուբսիդավորվում ֆիքսված հեռախոսակապը, կամ այդ սուբսիդիաները կոնկրետ ո՞ր ծառայությունից ստացված շահույթից են հատկացվում: Իսկ հոկտեմբերի 1-ից, ինչպես ասաց Օ.Բլիզնյուկը, չպետք է սպասել, թե կյանքը կլավանա: «Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գալիս է նոր ժամանակաշրջան, մենք ողջունում ենք առողջ մրցակցությունը: Հոկտեմբերի 1-ից «ԱրմենՏելը» դառնում է առեւտրային կազմակերպություն՝ ազատվելով սոցիալական շատ պարտականություններից»,- հայտարարեց Օ.Բլիզնյուկը եւ ակնարկեց, որ ընկերության ներդրումներն այսուհետ պետք է չափվեն միայն վերադարձելիության ցուցանիշով: «Բայց «ԱրմենՏելը» չի մոռանա թոշակառուների եւ չքավոր բնակչության հանդեպ իր սոցիալական պարտավորությունների մասին»,- մեծահոգաբար հիշեց Օ.Բլիզնյուկը: