Մեկ ամիս առաջ Վրաստանում տարածված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը հասել է նաեւ Հայաստանի մարզեր: Տավուշի եւ Լոռու մարզերում խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով գրանցվել է մի քանի տասնյակի հասնող անասնագլխաքանակի անկում: Այս օրերին նշյալ մարզում են գտնվում Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը եւ մի շարք մասնագետներ: Հիվանդության վերջնական ախտորոշումը կկատարվի փորձաքննման արդյունքում, որի մասին թերեւս հայտնի կդառնա մի քանի օրից: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը «Ռեգնումին» տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծվել է միջգերատեսչական հանրապետական շտաբ, որը պայքարելու է խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտի վարակի տարածման դեմ: Բաղյանը նշել է նաեւ, որ Կոտայքի մարզի մի քանի ֆերմաներում հնարավոր վարակի կանխման ուղղությամբ նույնպես միջոցառումներ են ձեռնարկվում: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում ավելի շատ անասուններ են սատկել, քան նշում են պետական իրավասուները: Նման վարակների դեպքում, սովորաբար, վերացնում կամ թաղում են սատկած կենդանու մարմինը: «Որքանո՞վ է սննդամթերքի շուկան պաշտպանված սատկած կենդանիների մսի ներթափանցումից, մանավանդ, որ այս հիվանդությունը խոզի մսից մարդուն չի փոխանցվում»,- մեր այս հարցն ուղղեցինք Սպառողների իրավունքների պաշտպան հ/կ նախագահ Աբգար Եղոյանին: «Բոլորովին վերջերս հենց Սննդի անվտանգության պետական տեսչությունն էր հրապարակել մսի շուկայում կատարած իր ստուգումների արդյունքները, համաձայն որի՝ 500 ստուգումից ընդամենը 6 տեղում չեն խախտում արձանագրել, անգամ կասեցրել են մի քանի կետերի գործունեությունը: Ճիշտ է, այն ժամանակ խոսք չկար ժանտախտի մասին, սակայն հայտնաբերել են նաեւ առանց փաստաթղթերի սննդամթերք: Թող խուճապ չառաջացնի, սակայն նման իրավիճակում ամեն ինչ էլ հնարավոր է: Մեր կազմակերպությունն իր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել էր 400 անուն վտանգավոր սննդամթերք, մինչդեռ Սննդամթերքի անվտանգության տեսչության տվյալներով՝ այս թիվը գերազանցում էր 500-ը»,- ասում է Աբգար Եղոյանը: Հուլիսի 12-ին Կառավարությունը հաստատել է «Վտանգավոր սննդամթերքի եւ սննդային հավելումների ոչնչացման մասին» կարգը: Այստեղ էական փոփոխությունն այն է, որ նախկինում վտանգավոր սննդամթերքի հայտնաբերումը տուգանք էր նախատեսում, իսկ նոր կարգը` ապրանքի բռնագրավում եւ ոչնչացում` ապրանքը տնօրինողի հաշվին: Նշենք նաեւ, որ ժանտախտի հանգամանքը չի ազդել շուկայում մասնավորապես այս ամիսներին մեծ պահանջարկ ունեցող խոզի մսի գնի վրա: