Երեք տարեկան Լուսինեն իր տարիքի համեմատ բավական խելացի է` հասկանալու համար, որ հանրակացարանում ապրելը դժոխք է:
Փոքրիկը երազում է նորմալ պայմաններում ապրել, որովհետեւ աշխարհի ծայրում գտնվող իրենց հանրակացարանում բնակվող մարդիկ չարացած են: Մայրն ասում է, որ նման պայմաններում երեխաներին պաշտպանելն ու պատշաճ դաստիարակություն տալն անհնար է: «Չեմ սիրում նկարվել»,- չարաճճի աչքերով նայելով՝ ասում է փոքրիկ աղջիկը` տեսնելով ձեռքիս լուսանկարչական սարքը: Ասում եմ` «Գլուխդ բարձրացրու, որ գեղեցիկ աչքերդ երեւան»: Լուսինեն գլուխը խոնարհել ու տիկնիկի հետ ինչ-որ բան է մտմտում, հետո գրկում է եղբորը` Մաքսիմին ու սկսում է մեծավարի շոյել նրան: Մաքսիմը սիրո կարիք ունի, որովհետեւ ինն ամսական է, մանկական կերով է սնվում, բայց, քանի որ ծնողներն այլեւս ի զորու չեն նրան կերով կերակրել` թեյով են «խաբում»: «Ավետարանչական եկեղեցի կա, որը կարիքավոր ընտանիքներին մանկական կեր է տալիս: Աղջիկս էդ օգնությունով է մեծացել, թե չէ, չգիտեմ ինչ էինք անելու: Հիմա նրանք էլ օգնություն չեն տալիս, իսկ մենք հնարավորություն չունենք մանկական կեր գնելու: Ստիպված կերից պիտի կտրեմ»,- հուզված պատմում է Սվետան, ով ամուսնանալով՝ չի էլ պատկերացրել, թե ինչ դժվարին ապագա է իրեն սպասվում: Ասում է` «Հասկանո՞ւմ եք, չես էլ մտածում ապագայի մասին, որովհետեւ ներկայով էլ չես կարողանում ապրել: Հույսն էլ է մեռնում, իսկ եթե մարդու հույսը մեռնում է… Ներկան մի կերպ հաղթահարում ես երեխաներիդ մի օր կերակրելով, մի օր թեյաջրով խաբելով, ամեն ինչ էնքան բարդ է, որ չգիտես, թե քո ընտանիքը վաղն ինչ օրի է լինելու: Եթե սկսենք հետագայի մասին մտածել, ուրեմն` պիտի մտածենք, որ կորած ենք»:
Սվետան հանրակացարանի նողկալի պայմաններում ապրում է սկեսուրի, սկեսրայրի եւ հիվանդ ամուսնու հետ: Ամուսինը չի կարողանում ծանր աշխատանք կատարել, որովհետեւ տարիներ առաջ բանակից հաշմանդամ դարձած է վերադարձել: Ասում է` «Մեղրիում է ծառայել, չանցած մի քանի ամիս ուշագնաց վիճակում հիվանդանոց տեղափոխեցին: Փորի մեջ ջուր էր լցվել, երիկամները շարքից դուրս էին եկել: Հաշմանդամ դարձած տուն էին բերել: Ծառայության համար անպիտան հանեցին ու, հեռու իրանից` դիակ դարձած ուղարկեցին տուն»: Ամուսինը` Արմենը, եթե պատահում է` օրավարձով աշխատանք է կատարում, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս ամենօրյա ծանր աշխատանք կատարել: 6 հոգանոց այս ընտանիքում միակ աշխատողը Սվետայի 2-րդ կարգի հաշմանդամ սկեսուրն է, ով Ուսումնարանում հավաքարարություն է անում երիտասարդ ընտանիքին ինչ-որ կերպ օգնելու համար: Հարցնում եմ` «Բնակարան չե՞ք ունեցել»: «Չէ,-ասում է,- սկեսուրս ժէկ-ում է աշխատել ու հերթագրված է եղել, որ տուն ստանա, բայց հետո էս հանրակացարանից են սենյակ տվել, որովհետեւ ապրելու տեղ չի եղել: Էստեղ ապրելը սարսափելի է, ահավոր է: Երեխաներին չես կարա քո ուզած ձեւով դաստիարակես, բոլորն իրար գլխի են: Մտածում եմ` Աստված մի դուռ բացի, գոնե երեխեքս ուրիշ տեղ մեծանան, լավ մարդիկ դառնան, էստեղից լավ բան չեն սովորի»:
Երկու ծերերի թոշակը միասին կազմում է 15.000 դրամ, իսկ Սվետայի սկեսրոջ աշխատավարձը 20.000 դրամ է: «Իրան կոտորելով խեղճ կինն աշխատում է, գլուխը վիրահատված է, պատահում է, որ վատացած բերում են տուն»,- ասում է նա: Սվետան նեղսրտում է, որ «Փարոսի» տեսուչը` տեսնելով իրենց ծանր կենսապայմանները, այդուհանդերձ, զրկել է իրենց այդ գումարից: Ասում է` «Ինձ ասում է` սկեսուրդ աշխատում է, դրա համար էլ ձեզ նպաստ չի հասնում: Բայց սկեսուրիս աշխատավարձով ո՞ր մեկն անենք, կամ ի՛նչ ա` չաշխատի՞, որ նպաստ տան: 15.000 կամ 17.000 դրամը մեզ համար քիչ չէ, երեխաներին կերակրելը շատ բարդ է, մեզ կօգներ շատ»: Սվետան ասում է, որ երեխաները մեծանում են հարազատների, մտերիմների տված հագուստով: Ասում է` «Երեխեքը դեռ փոքր են, ապագայի մասին չենք մտածում, բայց վաղը-մյուս օրը երեխա ենք բանակ ուղարկելու, ո՞նց է լինելու: Եթե երեխան նորմալ չի սնվում, ի՞նչ զինվոր պիտի տանք մեր բանակին»:
Լուսինեն խորիմաստ նայում է մորը: Այս փոքրիկը չի սիրում իր մանկությունը, որովհետեւ ամեն օր լսում է հարեւանների բարձրաձայն հայհոյանքները: Ամեն օր լսում է, թե ինչպես կարող են ծնողները կենցաղային մանր խնդիրներից ու աղքատությունից վիճաբանություն սարքել: Լուսինեի աչքերը տխուր են, որովհետեւ նրա մանկությունն անցնում է հանրակացարանի փլատակներում, ուր կոմունալ պայմաններն ու չքավորությունն անտանելի, անհարմարավետ մթնոլորտ են ստեղծել: Փոքրիկը ճնշված, լարված է, եւ մանկության նշույլ անգամ նրա դեմքին չես տեսնի: