«Սմաթը» դեռ չի աշխատում

25/08/2007

Կովկաս-Փոթի լաստանավն իր կանոնավոր աշխատանքները դեռ չի սկսել: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության պաշտոնյաներն ու լաստանավի ուզբեկ սեփականատեր Խակիմ Մատչանովը մարտի 15-ից հետո մի անգամ էլ օգոստոսի 1-ին հայտարարեցին, թե «Սմաթը» այսուհետ ամիսը 4 ուղերթ կկատարի եւ հայկական բեռները Փոթիից կտեղափոխի Կովկաս նավահանգիստ: Ի դեպ, այդ ժամանակ Մատչանովի ընկերությունն ուղերթը սկսելու համար արդեն ձեռք էր բերել ռուսական, վրացական եւ հայկական կողմի բոլոր թույլտվություններն ու պայմանագրերը: Սակայն, ինչպես տեսնում եք, լաստանավը ոչ մի ուղերթ դեռ չի կատարել: Պատճառների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Մեր տեղեկություններով` հայ բեռնափոխադրողներն արդեն Մատչանովի լաստանավի աշխատելուն անլուրջ են վերաբերվում: «Մենք այլեւս այդ լաստանավի հետ հույսեր չենք կապում,- ասաց բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրենը: -Եթե հիմա սկսի աշխատել, միեւնույն է` բեռնափոխադրողները առաջվա նման միանգամից չեն վստահի եւ իրենց բեռներն անմիջապես Կովկաս նավահանգիստ չեն տանի: Բայց ես արդեն սկսում եմ համոզվել, որ սա մեր իշխանությունների հերթական շոուներից է: Հակառակ դեպքում գոնե մի բացատրություն կտային»: