Կառուցվում են 8 անցումներ

25/08/2007

Երեւան քաղաքի տարբեր հատվածներում պետք է կառուցվեն 8 անցումներ: Երեւանի քաղաքապետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վահե Նիկոյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ Տիգրան Մեծ եւ Խանջյան խաչմերուկում շինհանգույցի, ներառյալ՝ անցումի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 799 մլն դրամ, Խանջյան եւ Վարդանանց խաչմերուկում էստակադայի, ներառյալ՝ անցումի կառուցման համար՝ 796 մլն դրամ, Նալբանդյան, Ալեք Մանուկյան եւ Իսահակյան խաչմերուկում ստորգետնյա անցումի կառուցման համար՝ 700 մլն դրամ, Մյասնիկյան պողոտայի վրա գետնանցումի կառուցման համար՝ շուրջ 125 մլն դրամ: Իսակովի պողոտայի վրա կառուցվում է 1 վերգետնյա եւ 3 ստորգետնյա անցում, որոնց համար ընդհանուր առմամբ հատկացվել է 296.8 մլն դրամ: Իսկ Ազատության պողոտայի վրա՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, անցում կառուցելու համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը ճշգրտման փուլում է: